Հարցազրույց «Դի Էս Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի հետ
– Ի դեպ, իշխանությունն արդեն իսկ նախկին լինելու թեզն է տարածում եւ հիմնավորում Սամվել Կարապետյանի եղբոր՝ Կարեն Կարապետյանի՝ նախկինում զբաղեցրած բարձր պաշտոններով։
– Ճիշտն ասած, ես այդ հարցը սուր չէի դիտարկի, քաղաքական լանդշաֆտն այնպիսին է, որ ցանկացած մարդու վերաբերյալ ցանկացած բան կարելի է շպրտել՝ իբրեւ քննարկման նյութ, բայց չարժե ռեսուրսներ վատնել՝ այդ բոլոր ինֆորմացիաներին անդրադառնալու։ Ցանկացած սենսացիոն տեղեկատվություն մեր իրականության մեջ 1-2 օրվա կյանք ունի, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տեղեկատվությունը հայտնողը երկրի ղեկավարն է եւ հստակ ցույց է տալիս այն ապագան, որ մտածելու ունակություն ունեցողների համար ոչ միայն մշուշոտ է, այլեւ՝ կործանարար։ Այսինքն՝ դրանք կիսաճշմարտություններ են, որոնք կարճ կյանք ունեն։
– Սամվել Կարապետյանի թիմում նաեւ խնդիր են դրել չասոցացվել Ռուսաստանի հետ, նրա եղբորորդին հայտարարեց, որ իրենց դեմ 3 ֆեյք քարոզչական գիծ են գործադրելու, մեկը Ռուսաստանի դրածո լինելն է։ Հաշվի առնելով Սամվել Կարապետյանի անցած ճանապարհը, հարաբերությունները ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ հնարավո՞ր է հանրությանը համոզել, որ ՌԴ-ն չէ նրան գործուղել Հայաստան։
Կարդացեք նաև
– Իմ կարծիքով՝ պետք չէ ջանքեր գործադրել, ռեսուրս ծախսել, որպեսզի նման ասոցիացիա չլինի իրենց անվան հետ, հակառակի դեպքում հակազդեցությունն ավելի մեծ է լինելու։ Իրենք պետք է ցույց տան, որ Ռուսաստանում բիզնես դնելն ամենեւին չի նշանակում, որ ինքը չի կարող դիրքավորվել որպես հայամետ, որը հավասարակշռված է լինելու արտաքին քաղաքականության մեջ։ Իրենք պետք է ասեն՝ այո, ՌԴ-ն այն երկիրն է, որտեղ կայացել է Սամվել Կարապետյանի բիզնեսը, բայց դա ամենեւին չի նշանակում, որ ինքը ներկայացնում է այդ երկրի շահը: Առաջին պլան պետք է բերեն իր արած գործերը, որովհետեւ իրենք ինչ արել են, արել են ազգային խնդիրների համար, իրենց կապիտալը, իսկապես, կարելի է ազգային կապիտալ գնահատել։ Պետք չէ Ռուսաստանից տարանջատվել, որովհետեւ դա այն երկիրն է, որը թույլ է տվել Սամվել Կարապետյանին իր հնարավորությունները եւ բիզնես-կարողությունները ձեւավորել։
– Երեկ Նիկոլ Փաշինյանն ակնհայտ նյարդային էր արձագանքում Սամվել Կարապետյանի մասին հարցերին, նորից սպառնալիքի լեզվով էր խոսում, ասաց, որ նա չի կարող քաղաքականությամբ զբաղվել: Ո՞րն է Կարապետյանի ֆենոմենը, որ անգամ բանտում նրանից մտահոգություն կա։
– Այո, իրական մտահոգություն ունեն, եւ նման որակումներն ու նման անդրադարձը եւս փաստում են, որ խոր մտահոգություն ունեն ոչ միայն Սամվել Կարապետյանի կողմից ձեւավորվող ուժի, այլեւ հենց Սամվել Կարապետյանի հետ կապված։ Որովհետեւ նա այն մեծահարուստ հայն է, որն ունի Հայաստանի չափանիշներով անսպառ ֆինանսական ռեսուրսներ, եւ այդ ռեսուրսները որեւէ նախկին իրավիճակներում կամ կոռուպցիոն սխեմաներով ձեռք բերված ռեսուրսներ չեն։ Ս. Կարապետյանն այդ առումով՝ որպես կոռուպցիոն երեւույթ, օլիգարխիա, թալան, անխոցելի է։ Հիմա, փաստորեն, կա մի մարդ, որն անխոցելի է, ունի ֆինանսական անսպառ կարողություն, անձ է, ի պաշտպանություն որի հանդես են եկել ռուսաստանյան բարձր մակարդակի բազմաթիվ մունետիկներ։ Հետեւաբար՝ իրենք ունեն այդպիսի մտահոգություններ, մանավանդ, որ ժողովրդի մոտ Սամվել Կարապետյանի նկատմամբ կա շատ մեծ դրական զգացողություն։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: