Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հրապարակի մի հատվածը ներկայումս մետաղական պատնեշով առանձնացված է, այդ հատվածում մասնավոր մի կազմակերպություն վճարովի հիմունքներով ավտոմեքենաներ է տրամադրում տարածքում խաղացող երեխաներին: Քաղաքացիներից մեկը դժգոհություն էր հայտնել, թե ով է թույլ տվել սեփականաշնորհել ու առանձնացնել տարածքը, խանգարել մարդկանց երթեւեկին:
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց քաղաքապետարանից: Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից մեզ փոխանցեցին Կենտրոն վարչական շրջանի հետեւյալ պարզաբանումը. «Առեւտրի եւ ծառայությունների բաժնից տեղեկացնում են, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հրապարակի՝ շարժական պատնեշներով առանձնացված հատվածի համար առկա է պայմանավորվածություն:
Այն ժամանակավոր բնույթ է կրում, որպեսզի առանձնացված լինի եւ չխոչընդոտի մարդկանց անցուդարձը, այն նաեւ խոչընդոտ չի հանդիսանում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն մուտքի եւ ելքի համար:
Այժմ նախագծման փուլում է բակի բարեկարգման եւ սալիկապատման ծրագիրը: Գործունեության համար ժամանակ է տրված, շինարարական աշխատանքների սկսվելուն պես նրանք տարածքից դուրս կգան եւ չեն վերադառնա»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ