22-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ազգային մրցույթի ֆիլմերը ներկայացնելիս փառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանն ասաց, որ երեկոն իր համար կարեւոր է, որովհետեւ եթե մյուս ֆիլմերի դեպքում առնչվում ենք անցյալի կամ ներկայի հետո, ապա այս երեկո՝ հայ կինոյի ապագայի հետ:
«Կորիզ» մրցույթում այս տարի ներկայացված են Գոհար Սարգսյանի «Դորայի դեղին կոշիկները», Աննա Գրիգորյանի «Թեւավոր լարեր», Մելանյա Համասյանի «Զրույցներ եւ երազներ», Մարինա Սոլոյանի «Դու ինձ դեռ սիրում ես, այդպես չէ՞, հայրիկ», Արթուր Նազարեթյանի «Ներիր ինձ մայրիկ», Բահար Փարսի «Ուղղակի տղայի պես», Գոռ Առուշանյանի «Մայրենիք», Արսեն Սարգսյանի «Patholigic», Զաք Դեմիրճյանի «Օձի ապուր», Արեգ Ազատյանի «Աշխարհը մերն ա» ֆիլմերը:
Նշված ֆիլմերի մի մասը դիտելուց հետո ուզում եմ առանձնացնել դրանցից մի քանիսը: Գոհար Սարգսյանի «Դորայի դեղին կոշիկները» ֆիլմը բավականին հետաքրքիր պատումի ոճ ուներ ու նույնքան հետաքրքիր հերոսուհի՝ պատերազմների ու տեղահանությունների միջով անցած, կորուստներ ունեցած 84-ամյա Դորան, որ չնայած այդ ամենին, երբեք չի կորցրել գեղեցիկ ապրելու ցանկությունը, ինքնահումորը: Ֆիլմը պոետիկ վավերագրություն է հիշողության, կյանքի ու մահվան ծիսականացման մասին։ Դորայի՝ անբռնազբոս ձեւով մահվան պատրաստվելը հաղթանակ է հենց մահվան հանդեպ: Հատկապես, որ քանիցս հասցրել էր ձեւափոխել դագաղում հագնելու համար հնամաշ, բայց մաքուր ճամպրուկում պահվող զգեստները, որովհետեւ ավելի երկար է ապրել, քան պատկերացնում էր:
Կարդացեք նաև
Գոռ Առուշանյանի «Մայրենիքն» անդրադառնում է շատերիս համար ցավոտ թեմայի. ռադիոյով հաղորդվում է լուրը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մոտ է իր գոյությունը դադարեցնելուն, եւ հեռվում երեւացող ծուխը, կրակոցները, պայթյունները, լեռնային լքված գյուղում անտեր մնացած շների ոռնոցն էլ ավելի են ընդգծում իրավիճակի ողբերգականությունը: Նախկին զինվորական Արամը միայնակ է մնացել իր անձնական ողբերգության ու հաշմանդամ մոր հետ, որը չի արձագանքում նրա ջանքերին, դաժան ճակատագրի հետ հաշված՝ չի ցանկանում հեռանալ գյուղից։ Իսկ դիմացից նշմարվում են ադրբեջանական բանակի զինվորները:
Զաք Դեմիրճյանի «Օձի ապուրը» անիմացիոն ինքնատիպ ֆիլմում եւս անդրադարձ կա պատերազմին: Ճանապարհային պատահական հանդիպումները սնում են ռազմաճակատ մեկնող զինվորի երանավետ երեւակայությունը։ Մարտադաշտում ռումբի ավերիչ պայթյունից հետո անցյալի վառ հուշերը միախառնվելով՝ վերածվում են մղձավանջային մուժի։ Պատերազմը չի խնայում ոչինչ՝ երիտասարդություն, երազներ ու ապագա: Զաք Դեմիրճյանի «Օձի ապուրը» ֆիլմում խոսքեր չկան, բայց այդ կերպ էլ ավելի է ընդգծվել ասելիքի կարեւորությունն ու ազդեցիկությունը:
Նշենք, որ «Կորիզ» մրցույթում ներկայացված ֆիլմերի մեջ կային բավականին հաջողված աշխատանքներ, բայց նաեւ այնպիսիները, որոնց հեղինակների մոտ չէր ստացվել պատմություն պատմելը, ասելիքի թափթփվածությունը հավանաբար վերագրելի է անփորձությանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ