Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայերը կարեւոր դերակատարություն ունեն թե մեր պատմության մեջ, թե ժամանակակից Լեհաստանում». Ագնեշկա Լաբենց

Դեկտեմբեր 04,2020 16:16

Հայաստանում դեկտեմբերի 7-9-ը կանցկացվի «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրը, որը նվիրված է 1920 թ. տեղի ունեցած Վարշավայի ճակատամարտի 100-ամյակին։ Այս թեմայով ասուլիսի ժամանակ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի Միջազգային բաժնի ղեկավար Վառվառա Հովհաննիսյանը նշեց, որ նոյեմբերին անցկացվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը եւ կինոն գոնե ինչ-որ չափով փորձել է փոփոխություն մտցնել բոլորիս լարված առօրյայում: Նրա խոսքով, մշակութային տարվա տրամաբանական ավարտն է տրվելու «Լեհական մշակույթի օրեր» ծրագրով, որը կազմակերպել են լեհական Róbmy swoje dla kultury Foundation-ը եւ երեւանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ Հայաստանում Լեհաստանի դեսպանության հետ համագործակցությամբ։ Ծրագիրն էլ համաֆինանսավորվել է Մշակույթի և ազգային ժառանգության նախարարության մշակույթի տարածման հիմնադրամի կողմից:

Head of International Department of ‘Golden Apricot’ international festival Varvara Hovhannisyan and project manager Agnieszka Labents give a press conference dedicated to the ‘Polish Cultural Days in Yerevan’ at Grand Hotel Yerevan

Վառվառա Հովհաննիսյանը ներկայացրեց նախագիծը, որի ղեկավար Ագնեշկա Լաբենցն է: Լեհական մշակույթի օրերի շրջանակում «Դալան» ցուցասրահում կանցկացվեն «Լեհական մշակույթի օրերը Հայաստանում» ծրագրի և «Վարշավայի ճակատամարտը» խորագրով ֆոտոցուցահանդեսները, տեղի կունենա Վլոջիմիեժ Սուլեյայի «Հայրենիքի նվիրյալը. Յոզեֆ Պիլսուդսկի» գրքի շնորհանդեսը։ Կցուցադրվի Լեհաստանի պատմության թանգարանի տրամադրած «Համաշխարհային պատմության 18 ճակատամարտ» կինոնկարը:

Կցուցադրվեն նաեւ Դարիուշ Գաժևսկու «Լեգիոններ» եւ Վլադիսլավ Պասիկովսկու «Սուրհանդակը» կինոնկարները, իսկ Կամերային երաժշտության ազգային կենտրոնում կկազմակերպվի լեհական դասական երաժշտության համերգ` Armenia լարային քառյակի եւ մենակատարների մասնակցությամբ, որը կկատարի Վենյավսկու, Լիպինսկու, Կազանեցկու, Դեբսկու, Կիլարի ստեղծագործությունները։

«Ծրագիրը կարճ է, բայց բավականին հետաքրքիր»,-ասաց Վառվառա Հովհաննիսյանը:

«Լեհական մշակույթի օրեր» նախագծի ղեկավար Ագնեշկա Լաբենցը նշեց, որ ուրախ հերթական անգամ Հայաստանում գտնվելու համար եւ ցավում է, որ հայերեն չգիտի: Նա հավելեց, որ վերջին անգամ մեր երկիր է այցելել 2018թ, երբ Լեհաստանի անկախության վերականգնման տոնակատարության շրջանակներում կազմակերպել էին լեհական երաժշտության համերգ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Նա ներկայացրեց նաեւ «Լեհական մշակույթի օրերի» շրջանակում ցուցադրվելիք յուրահատուկ ֆիլմերը:

Ագնեշկա Լաբենցն ասաց, որ ամենայն հարգանքով է վերաբերվում հայերին. «Հայերը շատ կարեւոր դերակատարություն ունեն թե մեր պատմության մեջ, թե ժամանակակից Լեհաստանում: Ինքս ապրում եմ Գդանսկում, որտեղ գործում են երկու հայկական կազմակերպություններ, որոնց հետ ես սերտորեն համագործակցում եմ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031