«Կամայական, սուբյեկտիվ գործընթաց է: Ցանկացար, ուրեմն պետք է փոխենք սեփականատերին։ Հիմնավորումներ հետո կմտածենք։ Ասուլիսում հնչեցին՝ կգնահատենք, կտեսնենք։ Փաստորեն գնահատականները և փաստարկները չկան, բայց ազգայնացման որոշումը կա։ Կբերենք, «պադգոնկա» կանենք և ցույց կտանք ու կմատուցենք։ Սա լուրջ վտանգ է»,-Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի ազգայնացման հետ կապված գործընթացին։
Ըստ նրա՝ սա անօրինական գործընթաց է․ «Էներգետիկ անվտանգությունն առաջինն է, որ մենք պարտավոր ենք տեսնել վերջին իրադարձությունների հետ կապված։ Չկա որևէ երաշխիք, որ ազգայնացումից հետո դրան չեն տիրանալու մեր ոխերիմ հարևանները, որոնք ատամները սրած ուղղակի ՀՀ-ի ոչնչացմանն են ձգտում։ Դա երևում է իրենց ղեկավարների դեմքերից։ Թե ինչ են խոսում՝ խաղաղություն ու այլն, այդ սրած ատամներով ու թունավոր աչքերով երկու թշնամի պետությունների և մնացած անհայտ վերաբերմունքով պետությունների ղեկավարները, մեզ համար դա շատ կարևոր է։ Այդ երաշխիքը չկա»։
Հիշեցնենք՝ մամուլի ասուլիսի ժամանակ ՀԷՑ պետականացումից հետո ինչ-որ փուլում ընկերության կառավարման արտապատվիրակման մասին՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ արդեն կա՞ նախապես որոշված ընկերություն, և հնարավո՞ր է, որ թուրքական ընկերություն կամ անհատ ստանձնի այդ գործառույթը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ես անհնար եմ համարում, որ այդ գործակցության մեջ տեղի ունենա մի բան, որ մենք գնանք լուծումների, որտեղ ներգրավված են այնպիսի երկրներ, որոնց հետ ՀՀ-ն դիվանագիտական հարաբերություններ չունի, փակ սահմաններ ունի։ Չի՛ լինում այդպես․ դա այնքան ակնհայտ է, որ ներքաղաքական շահարկումների համար դա շատ չծաղկող, չծլող թեմա է։ Բայց ես չեմ թաքցնի, որ այո, մենք նաև վերջին այցի ընթացքում մենք մի շարք բարեկամների համապատասխան շրջանակների ազդակ ենք տվել, որ մենք, հնարավոր է, այսպիսի թեմա ունենք, և, եթե լինի հետաքրքրություն, խնդրում եմ ասել այդ մասին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ