ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադարձավ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակման մասին քննարկումներին։
«Թե ով ինչ նրբերանգներ է դրա մեջ դնում, մենք հիմա չենք կարող կռահել։ Ընդհանրապես ինքը երեւույթը սարսափելի չէ, որովհետեւ առեւտրական գործարք է։ Եթե դու առեւտրական գործարք ես կատարում՝ քո անկախությունը պահպանելով, այստեղ գնահատականը միայն մեկն է՝ այդ ճանապարհը, որը միջազգային իրավունքի պահպանման կանոններով պետք է Հայաստանին բերեր տարեկան մի քանի միլիարդ դոլարի օգուտ, հիմա եթե կես միլիարդով վարձով տրվի, կառավարությունը կասի՝ վայ, ինչ լավ է։ Բայց ես գիտեմ, որ եթե քո երկրի տարածքով այդպիսի ահռելի տեղափոխություններ կատարելու հնարավորություն է թույլատրվում, դա շատ թանկ արժե։ Հայաստանում բազմաթիվ ձեռնարկություններ ու ենթակառուցվածքներ կան, որ պատկանում են ոչ հայ բաժնետերերի։ Այստեղ հարցն այն է, թե ինչ գնով են նրանք ձեռք բերել, որքանով են նրանք պահպանել օրինականությունը»,- ասաց նա։
Ըստ Հայրիկյանի՝ քանի որ այս ամենը ժողովրդի թիկունքում է կատարվում, ստորություն է, այս երկիրը պատկանում է ժողովրդին։
«Ճանապարհ արտապատվիրակելը նշանակում է վարձակալությամբ տալ։ Բայց մենք ավելի շատ պետք է մտածենք սխալ զարգացումները կանխելու մասին։ Այս ամենի հիմքում ընկած է մի բան՝ ինչ լինում է, մենք դրան արժանի ենք, որովհետեւ չակերտավոր հեղափոխություն կոչվածն ուներ մեկ նպատակ՝ փոխել Սահմանադրությունը։ Ամբողջ հանրությունը անտարբեր մնաց դրա նկատմամբ, այսինքն՝ «մերժիր Սերժին» կարգախոսով տեղի ունեցած «հեղափոխությունը» չմերժեց Սերժի Սահմանադրությունը։
Կարդացեք նաև
Եվ եթե դու այդ ուղղությամբ քայլեր չես անում, խրախուսում ես ստի արմատավորումը, պատրաստում ես նոր որակի Նիկոլ ու նրա կամակատարներ ու խամաճիկներ։ Տասնյակ թեմաներ կան, որոնց մասին մարդիկ խոսում են, բայց չեն խոսում ամենակարեւորի մասին՝ այս ամենը, ինչ կա՝ եւ Եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը, եւ տեղի ունեցած պատերազմը, եւ Հայաստանի միջազգային վարկի անկումը, եւ քաղաքացիների նկատմամբ սկսված տնտեսական տեռորը հետեւանք են այն բանի, որ Սահմանադրության փոփոխության ուղղությամբ ոչ մի քայլ չարվեց։ Եվ ամբողջ ազգով անբան անասունի պես թույլ տվեցինք, որ դա մարսվի։ Դա թույլ տալով՝ մենք պատրաստեցինք մեր այսօրվա վատ օրը»,- ասաց Հայրիկյանը։
Նա նշեց, որ իր առաջարկած Սահմանադրության նախագիծ ճանապարհ է ցույց տալիս, թե ինչպես պետք է միջազգային իրավունքի ենթակա սուբյեկտ դառնանք։ Ըստ նրա՝ գործող Սահմանադրությունն այսօր մեզ փորձանքը փորձանքի հետեւից է «նվիրում»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ