-Strikeball-ի քաղաքական գործով իմ պաշտպանյալ 18 ամյա Անդրանիկ Չամիչյանի առողջական խնդիրները քրեակատարողական հիմնարկում սրվել են,- ահազանգում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Հիշեցնենք, որ երիտասարդին երկու ամսով կալանավորել են ահաբեկչության նախապատրաստման մեղադրանքով:
-Քիչ առաջ դուրս եկա Նուբարաշեն ՔԿՀ-ից, տեսակցեցի նրա հետ: Երեկ ծնողներն էին տեսակցել: Ինձ ահազանգեցին, որ առողջական խնդիրները սրվել են: Մինչ այդ էլ էի հրապարակավ գրել, որ լուրջ առողջական խնդիրներ ունի տղան, դրա պատճառով էլ տարկետում է ստացել բանակից: Սրտի հետ են կապված խնդիրները, իսկ սրտի հետ կապված խնդիրները հատուկ ուշադրության են արժանի: Չի կարելի աչքաթող անել, առավել եւս՝ սթրես, շոգ, այդ ամեն ինչն ազդում է: Քիչ առաջ դիմում ներկայացրի թե՛ առողջապահության նախարարության դատապարտյալների առողջությամբ զբաղվող առանձին ՊՈԱԿ-ի տնօրենին, թե՛ քրեակատարողական հիմնարկի պետին: Բայց հանրությանը տեղեկացնելու պատճառն այն է, որ սա քաղբանտարկյալի գործ է, հանրությունն իրավունք ունի տեղեկանալ իրավիճակի մասին: Փաստաթղթերը ներկայացվել են, առողջության վատթարացում ունի, ինձ էլ ներկայացրեց ախտանիշները, եւ հույս եմ հայտնում, որ հաստատ քրեակատարողականում պատշաճ ուշադրություն կլինի Անդրանիկի առողջականի մասով:
Մեծ հույս ունեմ, որ որոշում կկայացնեն նաեւ համապատասխան հետազոտություն անցկացնելու համար՝ հասկանալու՝ ինչ է վիճակը,- պատմեց Մելիքյանը:
Նա այս գործի որոշ մանրամասներ էլ ներկայացրեց՝ հայտնելով, որ սանտեխնիկ են ձերբակալել, ում իր պաշտպանյալն ընդհանրապես չի ճանաչել, չի տեսել, չգիտի անուն, ազգանուն եւ այլն: Նա հույս հայտնեց, որ վարույթ իրականացնող մարմինը մի օր կհայտնի, թե էդ մարդուն ինչու ձերբակալեցին. «Սա այս գործի ամենատարօրինակ կտորն է, էդ սանտեխնիկին տարել էին, որ ի՞նչ անեին»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ