Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Վեհափառ հայրապետը յուրահատուկ ձևով կիսում է Գևորգ Ե Սուրենյանց Ամենայն Հայոց կաթողիկոսի ճակատագիրը

Հուլիս 18,2025 18:25

Մենք՝ քրիստոնյա հայերս միշտ հաղթել ենք բոլոր հոգևոր պատերազմներում։ Հաղթել ենք 5-րդ դարի Ավարայրում, հաղթել ենք 20-րդ դարի Ավարայր՝ Սարդարապատի հերոսամարտում, անկասկած կհաղթենք նաև 21-րդ դարում ընթացող ներկայիս Ավարայրում։ Ափսոս, որ մերօրյա Ավարայրում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ու Ամենայն Հայոց հայրապետը, հոգևորականությունն ու բարեպաշտ ժողովուրդը պարզապես ստիպված են լինում պաշտպանվել հարազատ երկրի իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավից։

Այսօրվա իրողությունն այնպիսին է, որ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Վեհափառ հայրապետը յուրահատուկ ձևով կիսում է Գևորգ Ե Սուրենյանց Ամենայն Հայոց կաթողիկոսի ճակատագիրը։ Իհարկե, Վեհափառը նույնպես չի նահանջի այն ուժի առաջ, որը սպառնում է հաշվեհարդար տեսնել հայ ժողովրդի ու նրա ազգընտիր Հայրապետի հետ, չի՛ նահանջի, քանի որ օծվել է այն Սրբալույս Մյուռոնով, որով օծվել է Գևորգ Ե Սուրենյանց Ամենայն Հայոց հայրապետը, ում 1918 թվականին ազգային ուժերն ու զինվորականները անվտանգությունից ելնելով խնդրում էին հեռանալ Մայր Աթոռից։

Ի պատասխան այդ խնդրանքին՝ Գևորգ Ե Վեհափառ հայրապետը հանդես է գալիս իր պատմական կոչ-պատասխանով, որում մասնավորապես ասվում է․ «Ես չեմ լքի մեր սուրբ նախնիներից ավանդ մնացած Մայր Աթոռը։ Եթե հայ ժողովուրդը չի կարող թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չէ փրկելու մեր սրբությունները, ապա ես ինքս սուր կվերցնեմ և կընկնե՛մ Մայր Տաճարի գավիթում, բայց չեմ հեռանա պապերից ավանդ մնացած Սուրբ Աթոռից։ Իսկ եթե եկել է վերջը, ապա այն ինչու՞ չընդունենք պատվով ու քաջությամբ, և ո՛չ թե ողորմելի ստրուկի պես ոսոխի առաջ սողալով։ Մեր պատմության անցյալ դարերը լիքն են քաջությամբ ներկված նահատակների արյամբ։ Դրանով չի սպառվել մեր արյունը և ուժը։ Դարեր շարունակ հայ ազգն ապրել է ինքնության համար պայքարելով։ Դրա համար է, որ զանգվածային կոտորածներով հարուստ մեր կենսագրությունը չի՛ ունեցել և չի՛ ունենա վերջակետ։ Ուրեմն էլ ինչո՞ւ ազգովին չբարձրանանք թշնամու դեմ, որը գալիս է ծարավ մեր վերջին արյունին»։

Այսօր շատ արդիական են հնչում այս տողերը և ներքին համոզում ունեմ, որ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց հայրապետի կարգադրությամբ 2025 թվականի հունիսի 27-ին երբ սկսեցին հնչել Մայր Աթոռի զանգերը, որոնք մինչ օրս էլ շարունակում են հնչել, հենց այս խոսքերն են պարփակված այդ զանգերի ղողանջների ներքո։ Ականջալուր լինենք այդ զանգերին, սատար կանգնենք մեր Հայ Առաքելական Մայր Եկեղեցուն ու մեր ազգընտիր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031