ՀՀ դատական երեք ատյաններում քննված վարչական այս գործը կարող էր պատահած լիներ ոչ միայն վարչական դատարան դիմած Սուրիկ Հովնանյանի հետ, այլ ՀՀ ցանկացած քաղաքացու, ով մեքենա է վարում, երբ հարկ է լինում նրան ոչ սթափ վարելու համար զրկել որոշակի ժամկետով մեքենա վարելու իրավունքից:
Ինչ հարցեր են ծագում, երբ կողմը դիմում է դատարան
Վարչական դատարանը 2023 թ. փետրվարի 3-ին վարույթ էր ընդունել Սուրիկ Հովնանյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության: Հայցվորը պահանջում էր 01.12.2022 թ. թիվ 8180163988 եւ 04.01.2023 թ. որոշումները վերացնել: Վիճարկվող որոշմամբ Սուրիկ Հովնանյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով մեկ տարի ժամկետով զրկվել է տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից՝ տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար:
Հայցվոր կողմը, բնականաբար, համաձայն չէր կատարածի հետ, ըստ նրա՝ սթափության աստիճանը պատշաճ չի որոշվել, զննությունը չի իրականացվել օրենսդրության պահանջներին համապատասխանող սարքավորման միջոցով, ինչպես նաեւ սթափության զննությունը կատարած սարքը հանձնված չի եղել քննարկելի խախտումն արձանագրած եւ սթափության զննություն իրականացրած ծառայողին: Հայցվորը զրկված է եղել բացատրություն տալու հնարավորությունից եւ արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը չէր կարող այդքան բարձր լիներ: Պատասխանողը ներկայացրել է առարկություն, հայտնել, որ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունում հայցվորը ստորագրել է եւ, ունենալով իրական հնարավորություն, չի նշել որեւէ առարկություն կամ միջնորդություն. «Հայցվորի սթափության զննությունն իրականացվել է պատշաճ ձեւով, սարքը գտնվել է սարքին վիճակում»: Ըստ վարչական դատարանի՝ նման պայմաններում ողջամիտ կասկած է առաջանում այն հարցում, որ վարչական վարույթի նյութերին կցված՝ սթափության վիճակի զննության արձանագրությունը վերաբերում է այս դեպքին, ուստի վարչական վարույթի նյութերով հնարավոր չէ հաստատել վիճարկվող որոշմամբ արձանագրված այն փաստը, որ հայցվորը տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում: Փաստորեն, վիճարկվող որոշումն ընդունվել է ՎԻՎ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի սխալ կիրառման հետեւանքով, ուստի այն անվավեր է` համաձայն «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի: Նման պայմաններում անվավեր է նաեւ Պարեկային ծառայության պետի՝ 2023 թ. հունվարի 4-ի որոշումը, քանի որ դրանով մերժվել է Պարեկային ծառայության՝ 01.12.2022 թ. թիվ 8180163988 որոշման դեմ ներկայացված բողոքը: Վարչական դատարանը բավարարել էր Հովնանյանի հայցը:
Կարդացեք նաև
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունը վերաքննիչ վարչական դատարան բողոք էր բերել: Պարեկային ծառայությունը խնդրել էր ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/0479/05/23 վարչական գործով վճիռը ամբողջությամբ բեկանել եւ կայացնել նոր դատական ակտ:
Ինչ ընթացակարգերով էր անցել վարորդը, ըստ բողոքաբեր կողմի
Պարեկային ծառայությունը վկայակոչելով «Վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության, ուղեգրի, գրանցման մատյանի ձեւերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 19.03.2009թ. թիվ 277-ն որոշման հավելված 4-ի 4-րդ կետը, 5-րդ կետը, փաստել է, որ նշված որոշմամբ ուղղակիորեն նախատեսվել է զննության արձանագրությունը ստորագրությամբ հանձնելու պահանջ, առանց հստակեցնելու, թե կոնկրետ ում կողմից պետք է ստորագրվի, սակայն այդ պահանջը պետք է գնահատման ենթարկվի ոչ թե զուտ ձեւական առումով, այլ բովանդակային իմաստով: Այսինքն, եթե թեկուզեւ չի ստորագրվել զննության արձանագրությունում, սակայն վարորդին բանավոր կերպով տեղեկացվել է զննության արդյունքների մասին, ապա նշված պահանջը, գտնում է՝ պետք է դիտարկել կատարված: Նշվել էր, որ «Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունում պարեկային ծառայողի կողմից նշվել է ալկոտեստեր սարքի եւ սթափության զննության արձանագրության համարները՝ որպես վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությանը կցվող արձանագրություն, ինչից հետո հայցվորը ստորագրել է եւ չի նշել որեւէ առարկություն, ինչից կարելի է կատարել օբյեկտիվ եւ ողջամիտ եզրահանգում, որ հայցվորը ծանոթացել է սթափության վիճակի զննության արձանագրության հետ, դրա բովանդակության հետ համաձայնվել, հակառակ պարագայում հայցվորը կամ չէր ստորագրի, կամ կհայտներ իր անհամաձայնությունը սթափության զննության արդյունքի հետ կապված, քանի որ այն կցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությանը»: Սթափության զննության արձանագրության մեկ օրինակը ստորագրությամբ հանձնելը վերաբերում է այն դեպքին, երբ հայցվորը ցանկություն է հայտնում այն ստանալ, իսկ նման ցանկություն չհայտնելու դեպքում՝ նշյալ իրավական ռեժիմը չի գործում, բացի այդ, պարեկային ծառայողը պարտավոր չէ նշել, որ քաղաքացին հրաժարվել է ստանալ սթափության զննության արձանագրության իր օրինակը, քանի որ կառավարության համապատասխան որոշմամբ նման կարգ չկա սահմանված, ինչը որ տեղի է ունեցել այս գործով:
Ըստ ՊԾ-ի՝ առաջին ատյանը սխալ գնահատական է տվել գործում եղած բոլոր ապացույցներին, միաժամանակ նշելով, որ նշյալ ձեւական ընթացակարգային խախտումը չի հանգեցրել վարչական ակտի անվավերության, քանի որ դրա հետեւանքով հայցվորի իրավունքը չի խախտվել եւ չի սահմանափակվել: Վարչական վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բեկանել էր վարչական դատարանի որոշումը:
Ուղիղ մեկ տարի գործը գտնվում էր ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատում, որը հուլիսի 14-ի որոշմամբ վարորդի վճռաբեկ բողոքը բավարարել է, ամբողջությամբ բեկանել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21.12.2023 թ. որոշումը եւ գործն ուղարկել է ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության։ Ըստ Վճռաբեկ դատարանի՝ հայցադիմումի առանձին հիմքեր ընդհանրապես դուրս են մնացել սույն գործի՝ դատարանում եւ Վերաքննիչ դատարանում քննության շրջանակից։ Մասնավորապես, հայցադիմումում, ի թիվս այլ փաստարկների, հայցվորը վիճարկվող վարչական ակտի իրավափաչությունը վիճարկել է նաեւ փաստարկելով, որ սթափության վիճակի զննությունը չի իրականացվել օրենսդրության պահանջները բավարարող ստուգաչափման սարքի միջոցով, սթափության վիճակի զննությունը կատարած ստուգաչափման սարքը հանձնված չի եղել խախտումն արձանագրած եւ սթափության զննությունն իրականացրած ծառայողին, չի արձանագրվել վարչական իրավախախտման փաստը փորձաքննությամբ պարզելու իր պահանջը, վիճարկվող որոշման մեջ չեն նշվել բոլոր էական փաստական հանգամանքները:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.07.2025