Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի Հայոց թեմի, Նիժնի Նովգորոդի եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ Սեբեոս քահանա Ղալաչյանը թույլ չի տվել, որ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը մկրտության քավոր կանգնի: Հիմնավորումն այն է, որ այդ պատգամավորն Ամենայն հայոց կաթողիկոսին դիմում է ավազանի անունով եւ, հետեւաբար, չի ընդունում նրան՝ որպես եկեղեցու առաջնորդ: Ընդդիմադիր հայացքներ ունեցող բազմաթիվ օգտատերեր, գործիչներ քահանայի այդ դիրքորոշումը ողջունեցին:
Ես էլ` եթե ոչ արդարացնում եմ, ապա միանգամայն հասկանալի եմ համարում տեր Սեբեոսի տրամաբանությունը՝ եթե կաթողիկոսը քեզ համար կաթողիկոս չէ, ապա նրա ձեռքով օծված քահանան էլ քահանա չի: Իսկ արդյո՞ք քահանան իրավունք ունի թույլ չտալու, որ այս կամ այն անձնավորությունը կնքահայր լինի մկրտության ժամանակ, այդ հարցին թող եկեղեցական օրենքների գիտակները պատասխանեն:
Այո, այդ պատգամավորն իրեն պահում է խուլիգանի նման` նաեւ այս միջադեպի ժամանակ: Ինչպիսին «շեֆն» է, այնպիսիք էլ՝ նրա թիմակիցները: (Ի դեպ, ո՞վ կարող է ինձ բացատրել ոչ միայն ՔՊ-ի, այլեւ ցանկացած այլ կուսակցության պարագայում՝ ո՞րն է «քաղաքական թիմի» եւ «քաղաքական ոհմակի» տարբերությունը): ՔՊ-ականների «դերային մոդելը» Փաշինյանն է, եւ պարզ է՝ եթե որեւէ մեկը ցանկանում է արժանանալ կուսակցության առաջնորդի բարեհաճությանը, մասնավորապես՝ հաջորդ տարի հայտնվի ՔՊ-ի ցուցակի «անցողիկ» տեղերում, պետք է իր լեզվի եւ վարքի վրա ոչ մի սահման չդնի:
Ի՞նչ պետք է դրան հակադրել, ես դարձյալ դժվարանում եմ ասել: Մի կողմից խուժանն է, որն իր տրամադրության տակ ունի ԱԱԾ-ն, քննչական մարմինները, դատախազությունը, ոստիկանությունը, դատարանները: Մյուս կողմում` հոգեւորականները եւ իրական հավատացյալները, որոնց մեծ մասն ունի հստակ բարոյական սահմանափակումներ:
Կարդացեք նաև
Ի՞նչ պիտի անի այդ երկրորդ խումբը, եթե, օրինակ, երկրի վարչապետը, քաղաքացիական հագուստով ԱԱԾ-ականներով շրջապատված, արշավի դեպի Մայր աթոռ եւ հայտարարի, որ դա «ժողովրդական շարժում» է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.07.2025
«Ի՞նչ պիտի անի այդ երկրորդ խումբը, եթե, օրինակ, երկրի վարչապետը, քաղաքացիական հագուստով ԱԱԾ-ականներով շրջապատված, արշավի դեպի Մայր աթոռ եւ հայտարարի, որ դա «ժողովրդական շարժում» է»:
Այս հարցի պատասխանը կարող է լինել սա – Արժանապատվություն ունեցող հայ էլիտան և արժանապատվություն ունեցող հայ ժողովուրդը պետք է ամեն գնով խանգարեն ու արգելեն իշխանական ոհմակի այդ քայլը։ Իսկ եթե էլիտայի և ժողովրդի մեջ արժանապատվությունը բացակայում է կամ էլ խորը քուն է մտել, ապա իշխանական ոհմակը, նրա վարձկան ենիչերի դիմակավորները (գոնե իրենց բոյերից ամաչեն, որ դիմակի տակ են թաքնվում) և ՔՊ-ական խաժամուժը կարող են իրագործել թշնամահաճո իրենց ստոր ծրագիրը։