Ավան Նոր Նորք ընդհանուր իրավասություն դատարանում գիշերը քննվում էր քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի նկատմամբ խափանման միջոցի կիրառման հարցը: Նրան ձերբակալել էին, ըստ մեղադրանքի, Ռուբեն Հակոբյանը այս տարվա հուլիսի 1-ին հեռուստահարցազրույցի ընթացքում հնչեցրել է իշխանության զավթման հրապարակային կոչ:
Նախկին պատգամավորի որդին՝ Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Սամվել Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երեկոյան ժամը 5-ի սահմաններում իրավապահները եկել են ծնողների տուն, հայրը տանը չի եղել, սպասել են՝ գա, ապա ձերբակալման թուղթ են ներկայացրել, այնուհետեւ տարել են քննչական վարչություն, հետո դատարան:
«Դատը պետք է սկսվեր 12-ին, սակայն հորս առողջականը մի պահ վատացել է, շտապ օգնություն են կանչել, այդ իսկ պատճառով մի քիչ ուշացել է դատական նիստի սկիզբը: Մեղադրանքի վերաբերյալ հետեւյալը կասեմ՝ սա Նիկոլ Փաշինյանի գործողությունների հերթական դրսեւորումն է, իրենք դատում են ԱԺ մի քանի գումարման պատգամավոր եղած մարդուն, օրենսդիր մարմնի փորձառու քաղաքական գործչին, որը եղել է թե դիվանագետ, թե հանդիսանում է քաղաքական գիտությունների թեկնածու: Հայրս արել է քաղաքական հայտարարություն, իր հայտարարությունը նաեւ իրավական առումով որպես մեղադրանք ներկայացնելն է թերի, որովհետեւ նա արել է հայտարարություն անցյալի վերաբերյալ: Հայրս արել է մի շատ ճիշտ պնդում, որ որի հետ ես եւս համաձայն եմ, որ եթե կա պետություն, իշխանություն, որը ոտքերը մաքրում է սեփական պետության անվտանգության եւ սահմանադրության վրա, ապա պետք է ազատվել տվյալ իշխանությունից»:
Սամվել Հակոբյանը փաստում է. «Բազում միջազգային նորմերում, նաեւ Նիկոլի սիրած Ֆրանսիայի Սահմանադրության մեջ է դա դաջված, որ քաղաքացիներն ունեն ապստամբելու իրավունք, եթե պետության իշխանությունը չի գործում ի շահ պետության անվտանգության, սահմանադրականության եւ եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանության: Մենք պարզ գիտենք, որ այս իշխանությունն անում է ամեն բան, որ փորձի լռեցնել բոլոր գիտակից, հարգանք եւ ճանաչում ունեցող մարդկանց, որոնք պայքարում են Հայաստանի թրքացման դեմ: Սա հերթական ռեպրեսիան է: Տեսնելով իրենց աշխատաոճը, որ իրենք նույնիսկ մեր սրբազաններին են կալանավորել առանց իրավական հիմքի, ես բացարձակապես լավատես չեմ իրենց արդարադատության վերաբերյալ… Իմ հայրը ազնիվ մարդ է, որեւէ լումա այս պետությունից չի գողացել, դրա համար չեն կարողանում գործ կարել իր վրա ու քաղաքական հայտարարությունների համար ուզում են մարդուն կալանավորել, որ մյուսներին վախեցնեն ու լռեցնեն» :
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ