«Լայնանկյուն հեռադիտակ», «իդեալական գործիք որսորդի համար», «հեռադիտակը հիանալի տեսանելիություն կապահովի», «բարձր բացվածքով ոսպնյակները վառ պատկեր են ստեղծում․․․»։ Այս արտահայտությունները կարելի է կարդալ ՀՀ Ներքին գործերի նախարարության կողմից կազմված գնումների հրավերների տեքստերում, որոնք բառացիորեն կրկնօրինակում են տարբեր ընկերությունների մարքեթինգային նկարագրությունները:
«Պարզ առավոտ, ամպամած օր կամ երեկոյան մթնշաղ. 10×50 հեռադիտակը հիանալի տեսանելիություն կապահովի ցանկացած պայմաններում» ,-նշված է նախարարության կողմից արված գնման հրավերի տեքստում:
Այսպես, «Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տվել, որ օրինակ, 2025 թ․ մարտի 14-ին ՆԳՆ-ի կողմից «հատուկ նպատակային այլ նյութերի» ձեռքբերման համար կազմված հրավերի տեքստը բառ առ բառ կրկնում է նույն ապրանքի վաճառքի համար՝ տվյալ ապրանքը վաճառողի մարքեթինգային տեքստը։
Մասնավորապես, ՆԳՆ հրավերում տեղ գտած հեռադիտակի նկարագիրը նույնությամբ համապատասխանում է want.am կայքում հրապարակված հեռադիտակի վաճառող տեքստին․
Կարդացեք նաև
«Levenhuk Atom 10×50-ը դասական լայնանկյուն հեռադիտակ է, որն իդեալական է դաշտային դիտարկումների համար: Գերազանց համայնապատկերային տեսարանը, 10x մեծացումը և բարձր մանրամասները հեռադիտակը դարձնում են անփոխարինելի գործիք տեղագրողի, որսորդի, թռչնաբանի կամ ճանապարհորդի համար: Բարձր ապերտուրայի ոսպնյակները ստեղծում են պայծառ պատկեր նույնիսկ թույլ լուսավորության պայմաններում, լինի դա պարզ առավոտ, ամպամած օր, թե երեկոյան մթնշաղ․․․»
Նմանօրինակ դեպքերը բազմաթիվ են: Նույն իրավիճակը արձանագրվել է նաև «օձ որսալու սարք» գնելու դեպքում․ նախարարության կողմից ներկայացված գնման հայտարարության տեքստում ապրանքի նկարագրությունը նույնն է, ինչ նմանատիպ ապրանքի վաճառվող տեքստում՝ aliexpress.ru կայքից: Ընդ որում, այն թարգմանված է հայերենի քերականական սխալներով։
«Օձի աքցանը պատրաստված է բարձրորակ չժանգոտվող պողպատից, որոնք դիմացկուն են, ժանգակայուն, քերծվածքներից դիմացկուն, կոռոզիոն դիմացկուն, մաշվածության դիմացկուն, հեշտ չեն դեֆորմացվում և հեշտ չեն վնասվում:
Այն ընդունում է 4+/-1 մմ հաստությամբ պողպատե մետաղալար, որն ունի լավ ուժ և ամրություն: Ինքնակողպման գործառույթը կարող է բռնել օձին առանց վնասելու օձին և կանխելու օձին փախչելը: Կիրառումների լայն տեսականի. Հարմար է օձեր բռնելու համար բացօթյա գործունեության, զբոսանքի, արշավի, լեռնագնացության և այլնի ժամանակ: Դուք կարող եք հեշտությամբ հավաքել այն ինքներդ: Խնդրում ենք հետևել հրահանգներին: Ծալովի դիզայն, փոքր չափսեր, թեթև քաշ, հեշտ տեղափոխվող․․․․»:
Այսպիսով, ՀՀ ՆԳՆ-ն իր ենթակայությամբ գործող կառույցներին ներկայացրել է գնման հայտարարությունների այնպիսի տեքստեր, որոնք փաստացիորեն վաճառող ընկերությունների մարքեթինգային նյութերի «քոփի-փեսթն» են: Ստացվում է՝ նախարարությունը ոչ միայն չի ցուցաբերել նախաձեռնողականություն, այլ նաև չի կարողացել կազմել սեփական հայերեն տեքստեր՝ գնման մրցույթին ապրանքի տեխնիկական բնութագիրը ներկայացնելու համար։
Հովհաննես ՇԱԽԿՈՒԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»