Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ԿԳՄՍ նախարար եղած ժամանակ 2019թ. այցելել էր Արարատի մարզի Այգեստան համայնքի միջնակարգ դպրոց ու տեսնելով դպրոց այցելած քահանային՝ կոպտորեն դուրս էր հրավիրել: Ի պատասխան Արարատյան Հայրապետական թեմի Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում պատասխան էր գրել, իր ձեւակերպմամբ, «Կրթության անկիրթ նախարարին»:
2019-ի իր քարոզախոսության ժամանակ միջադեպին անդրադարձել էր Նոր Նախիջեւանի Հայոց թեմի, Նիժնի Նովգորոդի եկեղեցական համայնքի հոգեւոր հովիվ Տեր Սեբեոս քահանա Ղալաչյանը, եւ նրա այդ քարոզն այժմ շահարկվում է ՔՊ-ականների կողմից:
«Ես գիտեմ, որ շատերդ եք ակտիվ սոցցանցերում, գիտեք, որ տեղի է ունեցել միջադեպ ՀՀ կրթության նախարար Արայիկ Հարությունյանի եւ մեր քահանաներից մեկի միջեւ։ Եվ խոսակցությունից հետո մեր մեկ այլ քահանա, քաջ, անվախ ու Քրիստոսի զինվոր քահանաներից մեկը՝ մի խիստ նամակ է գրել պարոն նախարարին՝ հիշեցնելով նրան, որ այն ամենն, ինչ ունի այսօր հայ ժողովուրդը ամեն բնագավառում, ես չեմ ուզում հիմա ծանրացնել իմ խոսքը, նշել ամեն բան,սկսած գրերի գյուտից, ամեն ինչ տվել է մեզ Հայոց եկեղեցին: Եվ սա անհերքելի փաստ է»,-6 տարի առաջ քարոզի ժամանակ ասել էր Նոր Նախիջեւանի Հայոց թեմի Նիժնի Նովգորոդի եկեղեցական համայնքի հոգեւոր հովիվ Տեր Սեբեոս քահանա Ղալաչյանը:
Տեր Սեբեոսը նշել էր. «Տեր Ղազարը շատ հանդուգն խոսքով մեր սիրելի նախարարին (ստիպված ենք ասել, բայց նաեւ խոստովանելով, որ այդպիսի զավակը չի կաչող սիրելի լինել, որովհետեւ Քրիստոսի հոտի այդպիսի զավակներին անվանում են ուլեր կամ այծեր, որոնք գառների պես տարրական հնազանդություն չունեն) Տեր Ղազարն այս ամենը հիշեցնելով՝ հորդորել էր հարգել քահանայի կոչումը…Երբ նայում ես նախարարի հետագա հարցազրույցները ԶԼՄ-ներին, որտեղ նա խոսում է նախկին իշխանությունների մասին՝ նշելով «լափաման» խոսքը, լափամանից օգտվողների շարքի մեջ նշում է Հայոց եկեղեցին: Ես կարծում եմ, որ որեւէ քահանա եւ Հայոց եկեղեցու որեւէ սպասավոր իրավունք չունի չանդրադառնալ սրան ու նորից հոգեւոր դաշտում միայն՝ չանվանելու նրան Քրիստոսի հոտի մոլորված ուլիկ…
Կարդացեք նաև
Գիտե՞ք, մի ժողովուրդ, որ Քրիստոսի կյանքին առնչվող իրադարձության, դեպքի անվանումը դարձրել է իրեն, իր զավակին կոչելու հատուկ անուն, գիտե՞ք մի ժողովուրդ աշխարհում, ով իր տղայի անունը կդնի Համբարձում՝ Քրիստոսի տոնի եւ նրա կյանքի այդ կարեւորագույն դրվագը նշելով…Դուք նման բան որտե՞ղ եք հանդիպել: Նախարարի ազգանունը Զատկի տոնով է պայմանավորված, եւ նա, հուսով եմ, որ շատ կիրթ ու շատ գրագետ մարդ է, բայց կիրթ ու գրագետ լինելը նրան չի սովորեցրել տարրական հարգանք դրսեւորել ոչ թե այս զգեստների տակ գտնվող մսի ու արյան հանդեպ, այլ այս զգեստների արժեքի հանդեպ»:
Տեր Սեբեոսը նաեւ ասել էր, որ նման նախարարի հետ ոչ թե հարգանքով, այլ հայրաբար ապտակելով է պետք խոսել. « Իմ ամբարտավանության համար թող հայոց հայրապետը ների, ես կփակեի բոլոր եկեղեցիների դռները եւ եկեղեցու հետ կապ ունեցող ամեն հաստատություն՝ նման նախարարների, սկսած վարչապետից մինչեւ նախագահը բոլորի առաջ: Անկախ նրանից այս քահանան կիրթ է թե անկիրթ, քահանայի ձեռքի գիրքը (Աստվածաշունչը) իրեն դարձնում է ամենակարող: Երանի խոսքս հասնի մեր ոչ բարով կրթության նախարար Արայիկ Հարությունյանին, ով իր ազգանունին արժանի չէ…»:
Մանրամասն՝ տեսանյութում
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ