Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ միստիկ ազգային ինքնություն է սա, որն այդքան անհանգստացած է ընդամենը հայերի գոյության հետ կապված սպառնալիքից․ «Հայացք Երևանից»

Հուլիս 20,2025 10:30

Հայ-թուրքական հարաբերությունների թեման շոշափելու ցանկացած փորձ անմիջապես հարցերի փոթորիկ է առաջացնում։ Հայերը, ինչ-որ իմաստով, համառորեն պահպանել են այն, ինչ ես երբեմն անվանում եմ «թրքակենտրոն աշխարհայացք». շատերի համար աշխարհը սկսվում եւ ավարտվում է թուրքերով: Եվ դա, արդարեւ, կենցաղային խնդիրներից մինչեւ գլոբալ: Դրա համար բազում պատճառներ կան, բայց ամենաշատը, կարծես թե, դա քննադատական տեսակետ կաթվածահարող 1915թ. Ցեղասպանության համախտանիշներից մեկն է:

Ճշմարտությունը, սակայն, այն է, որ ավելի քան հարյուր տարի Հայաստանը չի զարգացրել որեւէ ողջամիտ գաղափար՝ բնութագրելու համար մի ազգի, որը մեկ դար առաջ ստեղծվել է նախկին Օսմանյան կայսրության տարածքում եւ իրեն թուրք անվանել։ Չկա նաեւ պատկերացում, թե ինչով են պայմանավորված ՀՀ-ի եւ Թուրքիայի միջպետական հարաբերությունների կարգավորման դժվարությունները։ Թվում է՝ ինչ նշանակություն ունի այս ասպեկտը։ Ազգերը ազգեր են, նույնիսկ եթե հարաբերությունները երկար ժամանակ բարդ են մնում։ Բայց կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ նման բացատրությունը չի կարող բավարար լինել։ Վերածնված ՀՀ-ն մշտապես կանգնած է իր ապագա գոյության խնդրի առջեւ։

Աշխարհում արմատական քաղաքական փոփոխությունների ցանկացած նոր փուլ արդիականացնում է հայ-թուրքական հարաբերությունների (այդ թվում՝ հայ-ադրբեջանական) կարգավորման խնդիրը։ Վերջին անգամ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրն արդիական դարձավ 1991թ.-ն՝ ԽՍՀՄ փլուզումից եւ անկախ Հայաստանի Հանրապետության ձեւավորումից անմիջապես հետո։ Այդ ժամանակվանից այն թեզը, որ հայ ժողովրդի առանցքային խնդիրը թուրքերի հետ հաշտեցումն է, որոշել է ՀՀ պետական քաղաքականության առաջնահերթ խնդիրը։

Սակայն հայկական պետականության գլխին կախված պատմական խնդիրների բեռը՝ ի դեմս Արցախյան հիմնախնդրի առկայության, 1915 թվականի Ցեղասպանության եւ հայկական սփյուռքի, չհաջողվեց հաղթահարել։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհին Թուրքիայի բոլոր պայմանները կապված էին այս խնդիրների հետ։ Եվ կա ընդհանուր համոզմունք, որ հարաբերությունների կարգավորման ձախողումները հենց այս հանգամանքով են պայմանավորված։ Բայց թե որն է այս հակասությունների խորությունը՝ մենք այսօր նոր ենք սկսում սովորել, եւ դեռեւս չգիտենք մինչեւ վերջ։

2020-23 թվականների Երկրորդ ղարաբաղյան պատերազմին հաջորդած՝ Արցախի լուծարումը ցույց տվեց, որ հայերի եւ թուրքերի անլուծելի հակասությունների հիմքը շատ ավելի խորն է։ Հայերի եւ ադրբեջանցիների միջեւ (թուրքերի աջակցությամբ) Արցախի կարգավիճակի որոշման միջազգայնորեն ճանաչված խնդրի փոխարեն առաջացել է հայերի՝ սեփական պետականության իրավունքի չճանաչման տեղական տարածաշրջանային խնդիր։ Այժմ դա արտահայտվում է այսպես կոչված՝ «Արեւմտյան Ադրբեջան» ադրբեջանցի փախստականների վերադարձի քաղաքականության տեսքով։ Նույնիսկ Հայաստանի Հանրապետությունից պահանջում են փոխել Սահմանադրությունը։

Հայաստանում այս քաղաքականությունը գնահատվել է որպես իր պետության նկատմամբ տարածքային պահանջների արտահայտություն, սակայն առայժմ ձեռնպահ են մնում նման քաղաքականությունը բացատրել որպես ոտնձգություն հենց պետության գոյության նկատմամբ։ Նման պայմաններում Ադրբեջանի հետ հաշտության պայմանագրի կնքումը դառնում է բարդ խնդիր եւ, առանց այդ պայմանի, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն անհնար է՝ վերջինիս պահանջներից ելնելով։ Իսկ հետո ի՞նչ ունենք։ Ադրբեջանի եւ Թուրքիայի անվերջանալի պահանջներին ՀՀ-ի ոչ մի համաձայնություն չի ազդում հարեւանների տրամադրությունների վրա՝ նրանց հետ հարաբերությունները կարգավորելու հարցում։

Հետեւաբար՝ հարեւանների քաղաքականության դրդապատճառները շատ ավելի խորն են, քան այն, ինչ կարելի է հասկանալ հրապարակավ հայտարարվածներից։ Օսմանյան կայսրությունում 1915-ին իրականացված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումների օրերին Երեւանում էր թուրք հայտնի պատմաբան եւ գրող Թաներ Աքչամը։ Մեծարգո գիտնականի հարցազրույցներում եւ հանդիպումների ժամանակ հնչեցված բազմաթիվ հայտարարություններից հիշարժան էին հետեւյալ թեզերը.

Թուրքերի՝ 1915 թվականի ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվելու հիմնական պատճառներից մեկը վախն է իրենց ազգային ինքնության հանդեպ։ Թուրքերը վտանգ են տեսնում իրենց ինքնության համար մեկ դար առաջ տեղի ունեցած վայրագությունների պատասխանատվությունը ստանձնելու դեպքում։

Թուրքիայում առաջադեմ մտավորականությունը գիտակցում է, որ Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը անհաղթահարելի խոչընդոտ է Թուրքիայի ժողովրդավարացման համար։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անհնար է առանց Մեծ եղեռնի փաստի ճանաչման: Ավելին՝ Հայոց ցեղասպանության կրկնության սպառնալիքը մնում է զգալի։

Հայ ժողովրդի ոչ մի հավատարմություն, նույնիսկ 1914թ. որոշումը՝ մասնակցելու օսմանյան բանակի զորահավաքին, որեւէ դեր չի խաղացել այն ժամանակ հայ ժողովրդի իսպառ բնաջնջման որոշումների մեջ։

Հավելենք նաեւ, որ Աքչամը հայ-թուրքական հարաբերությունների փիլիսոփայության նկատմամբ թուրքական մոտեցումն առավել վառ արտահայտող խոսքի հեղինակն է, այն է՝ «մեր գոյությունը կախված է հայերի չգոյությունից»։ Նրա հայերեն թարգմանված գրքերից մի քանիսը կարող են օգնել հայ ընթերցողին՝ խորապես հասկանալու Թաներ Աքչամի եզրակացությունները, ով ստիպված է եղել ապրել իր երկրի սահմաններից դուրս։ Ի դեպ՝ ոչ միայն նա, այլեւ բազմաթիվ այլ թուրք գործիչներ, ովքեր ճանաչում եւ ուսումնասիրում են Հայոց ցեղասպանությունը։

Ուրեմն՝ ի՞նչ միստիկ ազգային ինքնություն է սա, որն այդքան անհանգստացած է ընդամենը հայերի գոյության հետ կապված սպառնալիքից։ Ի վերջո, կարծես թե, նրանք հարյուրավոր տարիներ միասին ապրել են մեկ կայսրությունում՝ մուսուլմանական իշխանության ներքո, որտեղ իշխանությունը սիրում էր հայերին անվանել «նվիրյալ ժողովուրդ»։ Ըստ երեւույթին, ավելի վաղ ինչ-որ լուրջ բան է տեղի ունեցել, ինչի համար էլ հիմա շատերն այդքան անհանգստացած են։ Ինչ-որ անհանգստություն է դրսեւորվում ամեն ինչում։ Հայերի նկատմամբ ինչ-որ միստիկ վախի առկայության մասին է վկայում նաեւ Ադրբեջանի իշխանությունների ներկայիս պահվածքը։

Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ Հայացք Երևանից թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031