Լրահոս
Օրվա լրահոսը

Իլհամ Ալիև. «Ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հայ սահմանապահների կամ որևէ մեկի դեմքը տեսնեն». «Ազատություն»

Հուլիս 20,2025 09:40

Հայաստանի վարչապետի հետ վերջին՝ շուրջ հինգ ժամ շարունակված հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը առաջին անգամ մեկնաբանել է՝ ուր են հասել երկկողմ հարաբերությունները, և որոնք են Բաքվի ներկայիս պահանջները։

Ղարաբաղի ամբողջական հայաթափումից շուրջ երկու տարի անց, Ստեփանակերտում հյուրընկալելով տասնյակ երկրների լրագրողների ու փորձագետների, Իլհամ Ալիևը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» ու Խաղաղության պայմանագրի նախաստորագրման մասին։

«Ադրբեջանցիները չպետք է հայ սահմանապահի հանդիպեն»

Պատասխանելով հարցին՝ ինչպես է Բաքուն արձագանքում վերջին հաղորդումներին, որոնց համաձայն Ամերիկան Հայաստանին առաջարկել է վարձակալել «Զանգեզուրի միջանցքը», Ալիևն ասել է՝ այդ հարցը Հայաստանի իշխանությունը պետք է որոշի։ «Ինչ վերաբերում է մեզ՝ մեր տարածքում ո’չ արտաքին օպերատոր է լինելու, ո’չ էլ վարձակալություն»,-ընդգծել է նա՝ ակնհայտ դարձնելով, որ մտադիր չէ առաջ գնալ փոխադարձության սկզբունքով։

Կրկին պնդելով, թե Հայաստանը պետք է «անխոչընդոտ ու անվտանգ մուտք ապահովի Ադրբեջանից՝ Ադրբեջան», Ալիևը մանրամասնել է, թե ինչ է հասկանում դրա տակ։ «Ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հայ սահմանապահների կամ որևէ մեկի դեմքը տեսնեն։ Ֆիզիկական շփում չպետք է լինի, պետք է լինեն երաշխավորված անվտանգության միջոցներ, որպեսզի մեր ժողովուրդը և բեռները ազատորեն անցնեն»,- թվարկել է նա, հավելելով՝ այս պահանջը կրկնել է նաև Աբու Դաբիում կայացած վերջին հանդիպման ժամանակ։

«Ինչ հեռանկարներ է բացում «Զանգեզուրի միջանցքը» թյուրքական աշխարհի համար», հետաքրքրվել է Ուզբեկստանից ժամանած լրագրողը, փաստելով՝ «մինչ այժմ մենք կամուրջ չունեինք, հիմա՝ կմիավորվենք»։

Ի պատասխան Ալիևը պնդել է, թե «այդ զարկերակը շատ երկրներ իրար կկապի», հատկապես «աշխարհքաղաքական վերջին փոփոխությունների պարագայում, երբ տարանցիկ մյուս ճանապարհները դառնում են առավել խնդրահարույց»։

«Մեր գնահատմամբ, Զանգեզուրի միջանցքը սկզբնական շրջանում 15մլն տոննա բեռ փոխադրելու ներուժ ունի։ Մենք գործնականում ավարտում ենք երկաթգծի շինարարությունը՝ մինչև Հայաստանի ու Իրանի հետ մեր սահմանակետ, և մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում, գուցե՝ հաջորդ տարվա գարնանը, այդ երկաթգծի ադրբեջանական հատվածը կառուցված կլինի»,-ասել է նա։

Մանրամասներ՝ Աբու Դաբիի հանդիպումից

«Թեմաներից մեկը, որ քննարկել ենք, վերաբերում էր կողմերի միջև առկա խիստ ցածր վստահության մակարդակին, ինչը շատ հասկանալի է»,-հայտարարել է Ալիևն ու պնդել, թե դա ոչ թե Ադրբեջանի, այլ՝ Հայաստանի մեղքով է. «Հայաստանն է, որ հակամարտության ընթացքում փոխել է իր դիրքորոշումն ու համաձայնել Ղարաբաղի ներկայիս կարգավիճակին»։

«Իսկ որն է երաշխիքը, որ հայկական կողմում կրկին բան չի փոխվի»,- հարց է բարձրացրել նա ու մանրամասնել՝ նման երաշխիք կարող են լինել միջազգային նորմերը, փաստաթղթերը, որոնք «ինչպես ես ասացի Աբու Դաբիում՝երկաթբետոնով կփակեն անջատողականության դագաղի կափարիչը»։

«Դրա համար պետք է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, պետք է փոխել Սահմանադրությունն ու հեռացնել հղումը Անկախության հռչակագրին, որը տարածքային հավակնություններ է պարունակում Ադրբեջանի հանդեպ»,-կրկնել է Ադրբեջանի նախագահը՝ անտեսելով վարչապետ Փաշինյանի շարունակական հավաստիացումները, թե Հայաստանի Մայր օրենքում հարևանների նկատմամբ տարածքային նկրտումներ չկան։

Գործընթացն անշրջելի է

«Մենք չենք պատրաստվում վերստին բանակցել Խաղաղության պայմանագիրը։ Բայց եթե Հայաստանը որոշի, որ ուզում է գնալ դրան, կստացվի, որ նրանք ուզում են տիրանալ մեզ պատկանող տարածքներին»,-հայտարարել է Ալիևը՝ ակնարկելով, որ բանակցված փաստաթղթից հրաժարվելը կնշանակի՝ Երևանը չի ուզում խաղաղություն։

«Վերջին մեկնաբանությունները, որ լսել ենք Երևանից՝ Աբու Դաբիի հանդիպումից հետո, դրական էին»,- ասել է նա՝ այդ շարքում դասելով վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, թե «պետք էր առավել վաղ ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս»։

«Նույն այդ Փաշինյանը 2019 թ-ի ամռանը այստեղ մեծ հանրահավաքում ասաց՝ Ղարաբաղը Հայաստան է և վերջ։ Ու դրանով ինքն իր ձեռքով իր դժվարին կյանքի տակ ստորագրեց»,-ծիծաղը չզսպելով հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը, ինչին ներկաները արձագանքել են ծափահարությամբ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031