Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցական որևէ գույք որևէ անհատի որպես ժառանգություն փոխանցելու իրավական մեխանիզմ չկա և չի կարող լինել․ Գենադի Մնացականյան

Հուլիս 20,2025 11:56

Վերջերս իր հակաեկեղեցական զեղումներից մեկի ժամանակ ՀՀ վարչապետը, կուսակրոն հոգևորականների ժառանգ ունենալու «վտանգներից» խոսելով, հերթական փուչ միտքը արտահայտեց, որով փորձեց ցույց տալ իր «մտահոգությունը» Հայ Առաքելական Եկեղեցու նյութական հարստությունների նկատմամբ։

Կեղծ և անհիմն է այդ թեզը, համաձայն որի իբր եթե կուսակրոն հոգևորականը մարմնավոր ժառանգ ունի, ապա նրա տնօրինության կամ խնամքի տակ գտնվող եկեղեցական կահ կարասին,  հողերն ու շինությունները, մշակութային և պատմական արժեք ունեցող և այլ հարստությունները կարող են դառնալ տվյալ կուսակրոն հոգևորականի ժառանգի սեփականությունը։ Կրոնագիտական կամ եկեղեցագիտական տեսանկյունից ավելի անիմաստ ու անտրամաբանական միտք արտահայտելու համար առնվազն յոթ անգամ մարդը պետք է մասնակցած լինի «կրթվելը նորաձև է» հակաեկեղեցական ու ապազգային շարժմանը և շատ ուշադիր լսած լինի աղանդավորական քարոզիչներին հատուկ ոճով բեմի վրա աջ ու ձախ քայլող ու հակաքրիստոնեական մտքեր արտահայտող բանախոսին կամ նրա սեփական կարծիքից զուրկ մի քանի կամակատարներին։

Գենադի Մնացականյան

Նման մարդիկ քիչ են անշուշտ, որ յոթ անգամ մասնակցած լինեն այդ տխրահռչակ շարժմանը, սակայն վտանգը կայանում է նրանում, որ Հայաստանում դեռևս կան մարդիկ, ովքեր հակված են հավատալու նման խոսույթներին։ Պարզաբանեմ, որ կուսակրոն հոգևորականը, եթե նույնիսկ հարյուր մարմնավոր ժառանգ ունենա, այսինքն հարյուր զավակ ունենա, նրանցից և ոչ մեկը, ոչ մի կերպ և ոչ մի օրենքով չի կարող եկեղեցական հարստության ժառանգ դիտվել։ Ժառանգությունը փաստաթղթավորվում ու ամրագրվում է օրենքով և ոչ թե բանավոր խոսքով կամ ավանդությամբ, իսկ եկեղեցական որևէ գույք որևէ անհատի որպես ժառանգություն փոխանցելու իրավական մեխանիզմ չկա և չի կարող լինել, քանի որ դա պարզապես անհնար է։

Ավելի հավանական է, որ, օրինակ, կառավարական շենքերից կամ առանձնատներից որևէ մեկը փոխանցվի այսօրվա իշխանություններից որևէ մեկի ժառանգին, քան եկեղեցական որևէ իր ժառանգաբար փոխանցվի որևէ մեկին որպես սեփականություն։ Հայ Առաքելական Եկեղեցին պաշտոնապես հայտարարել է, որ չի տրվելու տեղեկատվական սադրանքներին և չի մտնելու հակադարձումների մեջ։ Եվ թերևս դրանից օգտվելով եկեղեցահալած քաղաքականության առաջամարտիկները չեն դադարում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն և Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց հայրապետին  վարկաբեկելու փորձեր կատարելուց, առանց անդրադառնալու, որ այդ ամենով իրենք իրենց ու իրենց աջակիցներին են վարկաբեկում։

Եկեղեցու դեմ գնացողները պետք է քաջ գիտակցեն, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն դեմ գնալով, իրենք դեմ են գնում  հայ ժողովրդին և նրա պաշտպան Հիսուս Քրիստոսին։ Մի՛ տրվեք ապազգային ու հակաեկեղեցական կոչերին ու մի՛ վտանգեք Հայոց Պետականությունը։ Սյունիքը վտանգված է և մեր ուշադրությունը պետք է սևեռենք հենց այդ ուղղությամբ և ո՛չ թե կրակենք ինքներս մեր ոտքերին։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031