Ի զորակցություն Շիրակի թեմի կալանավորված առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ երեկ ժամը 18․00-ից մոտ 2-2,5 ժամ տևողությամբ պատարագ մատուցվեց Անի պատմական մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Հայաստանի հնագույն եկեղեցիներից մեկում՝ Երերույքի տաճարում։ Վաղ քրիստոնեական շրջանի բացառիկ ճարտարապետական արժեք ներկայացնող այս կառույցը կիսավեր է։
Չնայած տաճարը Գյումրիից բավական հեռու է, սակայն մեծ թվով գյումրեցիներ, Շիրակի, ինչպես նաև այլ մարզերի բնակիչներ եկել էին ուխտի՝ զորակցելու Միքայել Սրբազանին։
Սրբազանի ներկայությունն ապահովելու համար բերեցին նրա գավազանը, պատարագը մատուցում էր Իսահակյանի հովվության հոգևոր հովիվ Տեր-Սարգիս քահանա Սարդարյանը՝ եկեղեցական երգչախմբի ու Շիրակի թեմի բոլոր հոգևոր հայրերի մասնակցությամբ։
Կարդացեք նաև
Բաց երկնքի տակ գտնվող տաճարի պատերի ներսում հնչող հոգևոր երաժշտությունն ու առ Աստված բարձրացվող աղոթքները մի այլ միջավայր էին ստեղծել․ հավատացյալներից ոմանք, որոնք առաջին անգամ էին տաճարում, մեզ հետ զրույցում կարծիք հայտնեցին, թե այստեղ առավել զգալի էր Աստծո ներկայությունը։
Հավատացյալներից շատերը տաճար եկել էին ընտանիքներով, նրանց շարքերում էին ինչպես տարեց մարդիկ, այնպես էլ մեծ թվով երիտասարդներ, երեխաներ։ Տաճարն այնքան մարդաշատ էր, որ գրեթե կանգնելու տեղ չկար։ Նկատելի էր, որ մերթընդմերթ հուզմունքը, արցունքները խեղդում էին շատերին։
Արթիկի թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Ավագյանը այդ պահը անվանեց հոգևոր և խորհրդավոր։ Նա իր քարոզում հիշեցրեց, որ Հայ Առաքելական եկեղեցին նշում է 12 առաքյալների և 13-րդ համարվող Պողոս առաքյալի տոնը։ Նա մեկնաբանելով, թե ովքեր են առաքյալներն, ասաց՝ առաքյալի ամենակարևոր առաքելությունն այն է, որ նա պատրաստակամ է իր քարոզած ճշմարտության համար անգամ նահատակվել։
«Երբ առաքյալներին հռոմեական կայսրերը նետում էին կրկեսում կենդանիների, առյուծների դեմ, որպեսզի դրանով հագուրդ տան ժողովրդի բավարարությանը, որպեսզի նրանք քաղաքականությամբ չզբաղվեին, ի վերջո, ժողովուրդը, երբ բնազդից վերածվում էր բանականության, սկսում էր մտածել՝ այս ի՞նչ հավատք է, որի համար մարդը պատրաստ է անգամ իր կյանքը տալու, բայց չհրաժարվելու, այս ինչպիսի ճշմարտություն է, որի համար մարդիկ նահատակվում են, բայց չեն ուրանում։
Եվ իրոք, եթե Քրիստոսի աշխարհ բերած ճշմարտությունը իրական չլիներ, որևէ առաքյալ այդ ճշմարտության համար չէր նահատակվի։ Եթե Քրիստոսի բերած ճշմարտությունը հավիտենական ճշմարտություն չլիներ, ապա որևէ քրիստոնյա այդ ճշմարտության համար չէր զոհաբերվի։
Անցան դարեր, երկու հազար տարիներ, սակայն այսօր ևս այդ ճշմարտությունը քարոզողների համար դարձյալ խնդիրներ կան։ Եվ այսօր ևս մարդկությունն այդ ճշմարտությունը չի հանդուրժում, այսօր այդ ճշմարտությունը խոսելու, քարոզելու համար ձերբակալում են»։
Նա նշեց՝ ինչպես առաքյալներն այդ ճշմարտության համար ձերբակալվեցին, այնպես էլ քրիստոնյաները պետք է պատրաստ լինեն այդ ճշմարտության համար և՛ բանտարկվելու, և՛ եթե պետք եղավ՝ նահատակվելու։
Նարեկ եպիսկոպոս Ավագյանի բնութագրմամբ՝ Միքայել Սրբազանը «առաքելահավատարմապատմությանն» արժանի անձնավորություն է, որ Քրիստոսի քարոզած ճշմարտությունը կարողանում է պահել և այդ ճշմարտության համար վճռականություն ունի ձերբակալվելու։
Նա նաև ասաց, որ ֆիզիկապես Միքայել Սրբազանին օգնել չեն կարող, բայց հոգեպես կարող են։
«Որոշ փիլիսոփաներ միջնադարից սկսած ասում էին, որ օգնություն տվող ձեռքերը աղոթող շուրթերից զորավոր են, եկեղեցու հայրերը մերժում էին այս մտածումն ՝ ասելով՝ աղոթողի ծնկները իրեն ավելի առաջ կարող են տանել, քան ոտքերը։
Ուրեմն եթե չկասկածենք մեր աղոթքի վրա և երբեք թերահավատ չլինենք, այլ ընդհակառակը, երբ մենք ցավի մեջ ենք մեր սիրելի Սրբազանի ձերբակալությամբ, այդ ցավն ամենքիս պիտի միացնի։
Այսօր առավել, քան երբևէ պետք է լինենք միասնական և վճռական՝ արդարության, ազնվության համար պայքարելու։ Երբեք թերահավատ չլինենք և երբեք չծուլանանք մեր աղոթքի մեջ, որովհետև հավատքով ու աղոթքով է, որ պետք է մեր զորակցությունը հայտնենք մեր սիրելի Սրբազանին և բոլոր այն անձանց, ովքեր այսօր ճշմարտության և եկեղեցու համար պայքարի ժամանակ գտնվում են բանտարկության մեջ», -ասաց Արթիկի թեմի առաջնորդը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ