Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմարագույն պատճառաբանությամբ քննչականը հեռախոսս չի տրամադրում արդեն 10 օր է»․ Գեղամ Մանուկյան

Հուլիս 20,2025 14:36

«Հիմարագույն պատճառաբանությամբ քննչականը հեռախոսը չի տրամադրում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք, հուլիսի 10-ին վաղ առավոտյան ԱԱԾ ծառայողները մտել էին Գեղամ Մանուկյանի տուն՝ դատարանի որոշմամբ: Պատգամավորը տեղեկացրել էր․ «Եկել էին որդուս փաստացի բնակության վայրը՝ տունը խուզարկելու: Ցանկանում էին առգրավել հեռախոսս, բացատրեցի՝ Ազգային ժողովի պատգամավորի անձնական իր է, իրավունք չունեն: Դատարանի որոշման մեջ էլ չկար դրա մասին հիշատակում, միայն որդուս՝ Տարոնի հեռախոսի մասին էր: Խուզարկությունն ավարտվեց, տարան «Երկիր Մեդիայի» կասետներից, որի վրա իրենք էլ կարդացին, որ գրված էր կնունք, համակարգիչներից մեկը տարան, Տարոնի հեռախոսը: Զննություն արեցին հեռախոսս, վերջին պահին հետաքրքրեց մի անուն, որը հիմա քաղաքական իշխանական շրջանակներով փորձում են թիրախավորել: Առանց տեսախցիկների հրավիրեցին բալկոն զրուցելու, փորձեցին բռնի ուժով վերցնել: Մի քիչ էլ ձեռքս վնասվեց: Փորձեցի թույլ չտալ, ուղղակի շատ էին: Հեռախոսս առգրավվեցին»։

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ պատճառաբանությամբ արդեն 10 օր իր հեռախոսը չեն վերադարձնում, նա պատասխանեց․ «Իբր թե ահաբեկչության նախապատրաստության քրեական գործի շրջանակներում հեռախոսս ուսումնասիրում են։ Մեկ շաբաթ առաջ ինձ ասում էին՝ Ձեզ կհրավիրենք, Ձեր ներկայությամբ կուսումնասիրենք, որն ինքնին խնդրահարույց էր․ էդ հարցով խնդիր էի բարձրացնելու, բայց մինչև հիմա որևէ բան չեն արել, թեև որևէ իրավական կարգավիճակ ես այդ հարցով չունեմ»։

Գեղամ Մանուկյանը պատմեց, որ հեռախոսնն առգրավելու հաջորդ օրը պատահաբար տեսել է քննիչին․ «Ասաց՝ վաղը կհրավիրենք, մեկ-երկու օրվա մեջ կվերադարձնենք հեռախոսը։ Հետո արդեն որևէ զանգի չէին պատասխանում ամբողջ Երևանի քննչական վարչությունում։ Փորձել եմ քննչականի պետի հետ խոսել, բայց այդպես էլ որևէ մեկը կապի դուրս չեկավ․ ստիպված գլխավոր դատախազին գրություն եմ ուղարկել հանցագործության մասին։ Բայց դեռ որևէ բան չկա»։

Հետաքրքրվեցինք՝ կատարվածին ի՞նչ գնահատական կտաք, արդյոք չպե՞տք է խորհրդարան դիմեին, անձեռնմխելիություն զրկելու թույլտվություն ստանային, հետո հեռախոսն առգրավեին, Գեղամ Մանուկյանը պատասխանեց․ «Բնականաբար, բայց Նիկոլի անվան սահմանադրությամբ ապրող երկրում ամեն ինչ էլ հնարավոր է»։

Հարցին՝ երկուշաբթի ուրիշ ի՞նչ գործողությունների եք պատրաստվում դիմել, պատգամավորը կատակով պատասխանեց․ «Ինքնահրկիզումն է մնում քննչական մոտ, բայց առայժմ պետք չէ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031