Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենիքի նկատմամբ անսակարկ սիրով ու ազգային նկարագրով երիտասարդն է հայրենիքի ամրությունը և ազգի հարատևությունը. Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց ՀՅԴ երիտասարդական և ուսանողական 12-րդ Համահայկական բանակումի մասնակիցներին

Հուլիս 20,2025 20:44

Հուլիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայ Հեղափոխական Դաշնակցության երիտասարդական և ուսանողական 12-րդ Համահայկական բանակումի մասնակիցներին՝ ուղեկցությամբ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանի և ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանի։

Հանդիպմանը տիար Հովսեփ Տեր-Գևորգյանը, հայցելով Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը, ընդգծեց, որ այս տարվա ՀՅԴ Համահայկական բանակումը իրականացվում է «Պիտի վերադառնանք» կարգախոսով, ինչը կարևոր ուղերձ է՝ վերադառնալու մեր արմատներին ու մեր հոգևոր-ազգային արժեքներին։

Այնուհետև Նորին Սրբությունն իր հայրական օրհնությունը բերեց ներկաներին, գնահատանք հայտնելով ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների պատասխանատուներին տարբեր երկրներից հայորդիներին հայրենիքում պարբերաբար համախմբելու համար, ինչը լավագույն առիթ է զորացնելու նրանց ազգային-հոգևոր նկարագիրը և նվիրումն առ հայրենին։

Վեհափառ Հայրապետը, խոսելով ազգային ինքնությունը անխաթար պահելու և հոգևոր արժեքներով առաջնորդվելու հրամայականի մասին, ընդգծեց, որ հայրենիքի նկատմամբ անսակարկ սիրով ու ազգային նկարագրով երիտասարդն է հայրենիքի ամրությունը և ազգի հարատևությունը։

Անդրադառնալով Արցախի բռնազավթման, հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանության և Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ գերիների վերադարձման, Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին ու երկրում տիրող դժվարին կացությանը՝ Հայոց Հայրապետը կարևորեց ազգային միաբանությունը՝ ի սեր հայրենիքի և հանուն համազգային շահերի ու առկա մարտահրավերների հաղթահարման։

Վերջում Նորին Սրբությունը մաղթեց, որ ազգասիրության զորեղ ոգին ու կամքը մշտապես ուղեկից լինեն հայ երիտասարդներին՝ համընդհանուր ճիգերով զորացյալ կերտելու հայրենքի անվտանգությունը, մեր ժողովրդի խաղաղ ու բարօր կյանքը։

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031