ԻԻՀ արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հանձնել Թեհրանում հավատարմագրված Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) քարտուղարությանը՝ խստագույնս դատապարտելով Ադրբեջանի Հանրապետության կողմից Ստեփանակերտում անցկացված ՏՀԿ 17-րդ գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի հրապարակման կապակցությամբ եւ պահանջել շրջանառության մեջ դրված փաստաթղթում կատարել անհրաժեշտ շտկումներ՝ Հռչակագրի տեքստը համապատասխանեցնելով գագաթնաժողովի իրական բովանդակությանը։
Ադրբեջանի Հանրապետության կողմից ՏՀԿ գագաթնաժողովը սեփական նպատակներին ծառայեցնելու վարքագիծն է քննադատել իրանցի վերլուծաբան Ահմադ Քազեմին, եւ մինչեւ բողոքի նոտային անդրադառնալը, ԻԻՀ ԱԳՆ-ի հետ փոխկապակցված irdiplomacy կայքում ներկայացրել է իր հետեւյալ նկատառումները՝
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ միայն չի ընդունում հարեւան երկրների, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության կառավարության էթնիկ քաղաքականությունը եւ տարածքային նկրտումները, որոնք ներկայացվում են կեղծ ու մտացածին եզրույթներով (օրինակ, Հայաստանը՝ «Արեւմտյան Ադրբեջա՞ն»), այլեւ խստորեն դատապարտում է նման վարքագիծը։
Թեհրանն ամենաբարձր մակարդակով հայտնել է իր անհամաձայնությունը կեղծ «Զանգեզուրի» միջանցքին (ՆԱՏՕ-ի թյուրքական միջանցք) եւ անգլոսաքսոնյան ճակատի աշխարհաքաղաքական նկրտումների նկատմամբ, որոնց հովանավորներից է Իլհամ Ալիեւը, այնպես էլ դեմ է Հայաստանի նկատմամբ Բաքվի տարածքային պահանջներին՝ այսպես կոչված՝ «հայերի կողմից վտարված» ադրբեջանցիների վերադարձի պահանջներին։
Կարդացեք նաև
Հարկ է նշել, որ ինչպես որոշ ադրբեջանցիներ 1988-ից վտարվել են Հայաստանից, այնպես էլ ավելի քան 500,000 հայեր ստիպված են եղել լքել Բաքուն, Գյանջան, Շամախին, Սումգայիթը, Շամքիրը, Բարդան եւ այլ քաղաքներ։
Միայն, ավելի քան 50,000 հայերի բնակարանները Բաքվում հանձնվել են Ուզբեկստանից Ադրբեջան տեղափոխված ազերիներին։
Հայերի սեփականության իրավունքները կոպտորեն խախտվել են։ Ուստի, այս հարցը պետք է լուծվի փոխադարձության սկզբունքից ելնելով՝ խաղաղության պայմանագրի բանակցությունների շրջանակում։
Բաքվի կողմից այս թեմայի շահարկումը վկայում է նրա տարածքների նկատմամբ շարունակական պահանջատիրական քաղաքականության մասին, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանի՝ ներառյալ Վրաստանի, Հայաստանի, Ռուսաստանի եւ Իրանի համար»։
ԻԻՀ ԱԳՆ բողոքի նոտայում մասնավորապես նշված է՝
Իրանի նախագահի՝ Մասուդ Փեզեշքիանի մասնակցությունը ՏՀԿ գագաթնաժողովին, որը տեղի ունեցավ Բաքու կատարած նրա ոչ արդյունավետ այցից (մայիսի 27-ին) կարճ ժամանակ անց, ոչ մի պարագայում չի նշանակում, որ Թեհրանը ընդունում է Արցախում (Ղարաբաղում) 2023 թվականից իրականացվող էթնիկ զտումները, որի հետեւանքով ավելի քան 120,000 էթնիկ հայեր տեղահանվել են, իսկ տարածքը դարձել է սիոնիստական ռեժիմի չարաշահումների գործիք։
Իրանը՝ հավատարիմ մնալով հեղափոխության առաջնորդի ուղեցույցների նկատմամբ, հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն միաժամանակ աջակցում է արցախահայերի վերադարձի իրավունքին, նրանց կրոնական, մշակութային ու գույքային իրավունքների պահպանմանը, ինչպես նաեւ միջազգային նախաձեռնություններին՝ այդ թվում Շվեյցարիայի խաղաղ նախաձեռնությանը, Միջազգային քրեական դատարանում Բաքվի դեմ հարուցված գործի քննությանը եւ 2023 թ. հոկտեմբերին Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձեւին, որը դատապարտում է Ղարաբաղում էթնիկ զտումները։
Գրիգոր ԱՌԱՔԵԼՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ «Ազգ»-ում