Մարդկանց կամքի ազատ արտահայտմանը բռնանալը եւ դրա համար ազատությունից նրանց զրկելն ահաբեկչություն է սեփական ժողովրդի նկատմամբ
Այսպես կոչված՝ «իշխանությունները զավթելուն հրապարակային կոչեր անելը» հանցագործությունը խմբավորվել է ՍՍՀՄ Գերագույն Սովետի նախագահության 1961 թ. մայիսի 29-ի եւ 1984թ. հուլիսի 28-ի հրամանագրերի հենքով: Սովետական Հայաստանի 1961 թ. ընդունված Քրեական օրենսգրքում այն ամրագրվել է 65-րդ հոդվածում «Պետական եւ հասարակական կարգը բռնությամբ տապալելու կամ փոխելու հրապարակային կոչեր»: Այդ օրենքը ընդունելուց հետո նրա կիրառմամբ հաշվեհարդար էին տեսնում քաղաքական այլախոհների նկատմամբ: ՍՍՀՄ-ի փլուզումից հետո ՌԴ-ում 2008թ. թիվ 25 Դաշնային օրենքով հիշյալ հանցագործությունը ճանաչվել է ուժը կորցրած: ՀՀ-ում 2003թ. ընդունված քրեական օրենսգրքում նոր խմբագրությամբ ամրագրվել է 301-րդ հոդվածով, իսկ 2021թ. նոր քրեական օրենսգրքում՝ 422 հոդվածով:
Հիշեցնեմ, որ 44 -օրյա պատերազմում խայտառակ պարտությունից հետո 2021թ. սկզբներին իշխանությունները ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը կիրառեցին «Հայրենիքի փրկության» շարժման վարչապետի միասնական թեկնածու, քաղաքական եւ պետական գործիչ Վազգեն Մանուկյանի նկատմամբ եւ խրթին ապացույցներով դատարանն ընդունեց մեղադրող դատավճիռ:
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի 2025թ. հունիսի 18-ի պաշտոնական հաղորդագրության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422 -րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել ՌԴ-ի հայտնի գործարար Ս. Կարապետյանի նկատմամբ, իսկ գլխավոր դատախազության հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել եւ ներկայացրել է մեղադրանք: Նաեւ հայտնի է, որ դատարանը մեղադրյալ Ս. Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը երկու ամիս ժամկետով:
Կարդացեք նաև
Քրեական վարույթի նախապատմությունը եւ քրեական վարույթը նախաձեռնելու առիթը
Ս. Կարապետյանը 2025թ. հունիսի 18-ին գործնական այցով գտնվել է Երեւան քաղաքում: Համակիրների հետ շրջայցի ընթացքում նրան հարցադրում է արվել Հայոց եկեղեցու նկատմամբ իշխանությունների կողմից հալածանքների առնչությամբ: Ս. Կարապետյանը պատասխանել է. «Քանի որ միշտ եղել եմ հայ ժողովրդի եւ հայ եկեղեցու կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձեւով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»:
Հիշյալ հարցուպատասխանը հրապարակվել է զանգվածային լրատվամիջոցով:
Վարչապետ Ն. Փաշինյանը հիշյալ հայտարարության առնչությամբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արձագանքել է. «Բա միջամտիր, արա, ինչ ես չուլանում պախկվել»:
ՀՀ քննչական կոմիտեն նույն օրը քրեական վարույթ է նախաձեռնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 4-րդ մասի հենքով, առիթը համարելով ԶԼՄ-ներով առերեւույթ հանցանքի մասին հրապարակած տեղեկությունը:
ՀՀ քրեական օրենսգրքի 422 հոդվածի «Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ՝ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր» հանցագործության քրեաիրավական էությունը
Հիշյալ հանցագործության օբյեկտը համարվում է ՀՀ քաղաքական համակարգը, սահմանադրական մարմինների եւ նրանց ներկայացուցիչների բնականոն գործունեությունը, ինչպես նաեւ պետության տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը եւ պետության անվտանգությունն ապահովելու հարաբերությունները:
Հանցագործության օբյեկտիվ կողմը բաղկացած է կամ ներառում է իշխանությունը զավթելուն, պետության տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինչպես նաեւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, կամ՝ գործողությունը:
Կոչը դա մարդկանց հարաբերական լայն խմբին (քանակ, ամբոխ) գիտակցությանը եւ կամքին ներազդելն է, նպատակ ունենալով նրանց հակել բռնի գործողությունների միջոցով, զավթելու իշխանությունը կամ փոխելու սահմանադրական կարգը:
Քրեաիրավական պատժելի կոչի պարտադիր պահանջը կամ հատկանիշը համարվում է նրա հրապարակային բնույթը, դա նշանակում է, որ կոչն արվել է մարդկանց լայն զանգվածին կամ ամբոխին (ժողովներ, միտինգներ, հավաքներ, երթեր, շրջափակումներ եւ այլն): Ըստ այդմ, կոչի հրապարակային բնույթի գաղափարը կամ էությունը կայանում էր նրանում, որ այն հնչեցված պետք է լինի առերեւույթ եւ հասցեատիրոջը, մարդկանց խմբի կամ ամբոխի համար, հասկանալի, որ կոչն արվում է իշխանությունը զավթելու կամ սահմանադրական կարգը փոխելու նպատակով: Կոչը կարող է իրականացվել բազմատեսակ ձեւերով. բանավոր (միտինգներ, երթեր, հավաքներ եւ այլն), գրավոր (թռուցիկների տարածում, ցուցապաստառների միջոցով եւ այլն), տեխնիկական միջոցների, այդ թվում՝ համացանցի օգտագործմամբ:
Կոչը կարող է իրականացվել նաեւ զանգվածային տեղեկատվության միջոցով, որի դեպքում հանցագործության կազմը դառնում է որակյալ:
Քննարկվող հանցագործությունը համարվում է ավարտված տվյալ բովանդակությամբ կոչը հրապարակելու կամ հնչեցնելու պահից, անկախ նրանից, դրանք այդ նպատակով ներազդել են մարդկանց գիտակցության վրա, թե ոչ:
Հավելենք, որ իշխանությունը զավթելու կամ սահմանադրական կարգը փոխելու նպատակով նյութեր պատրաստելը, բազմացնելը կամ պահելը հետագայում օգտագործելու համար դրանք ինքնին քրեական պատասխանատվություն չեն առաջացնում: Իսկ եթե հրապարակային կոչերն առաջացրել են զանգվածային անկարգություններ, զինված ընդհարումներ, տարածքային ամբողջականության խախտում, ապա արարքը անհրաժեշտ է որակել համակցությամբ նաեւ զանգվածային անկարգություն, տարածքային ամբողջականության խախտում եւ այլն:
Հիշալ հանցագործությունը սուբյեկտիվ կողմից կատարում է մեղքի ուղղակի դիտավորության ձեւով: Ըստ որում, անձը գիտակցում է կոչի հրապարակային բնույթը եւ ուղղվածությունը եւ ցանկանում է գործել այդ կարգով:
Հիշյալ հանցագործության համար քրեական պատասխանատվության ենթակա են 16 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, արտերկրի քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք: Իսկ եթե հանցագործությունը կատարվել է օտարերկրյա պետության, օտարերկրյա կազմակերպությունների, կամ նրանց ներկայացուցիչների հանձնարարությամբ, ապա արարքը որակվում է համակցության կարգով, նաեւ հայրենիքի դավաճանություն՝ «օգնություն ցույց տալու ձեւով»:
Համադրենք ապացույցները
Նկատենք, որ Ս. Կարապետյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական վարույթը նախաձեռնելու, իսկ հսկող դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում նախաձեռնելու որոշման մեղադրանքի փաստական հիմքը կամ ապացույցը համարվում է «Ս. Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելու, ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ» (ՀՀ քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հայտարարություն):
Հաշվի առնելով հիշյալ միջադեպի կատարման տեղը, իրադրությունը եւ այլ հանգամանքներ, իմ պատկերացմամբ՝ Ս. Կարապետյանի հնչեցրած արտահայտությունը կամ միտքը ինքնին իշխանությունը զավթելուն կամ սահմանադրական կարգը բռնությամբ փոխելուն հրապարակային կոչ չէ, քանզի
- Ս.Կարապետյանի հնչեցրած արտահայտությունը կամ բառակապակցությունը բովանդակային առումով իշխանությունը զավթելուն կամ սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու որեւէ բառ, կամ հնչյուն չի պարունակում, մինչդեռ քրեաիրավական պատժելի կոչը պետք է կատարված լինի առերեւույթ եւ մարդկանց զանգվածին կամ ամբոխին հասկանալի, ըմբռնելի, որ կոչն արվում է իշխանությունը զավթելու կամ սահմանադրական կարգը բռնի փոխելու նպատակով:
- Ս. Կարապետյանը «քանի որ միշտ…եւ այլն…» միտքը հնչեցրել է հարցուպատասխանի ընթացքում (տեղը): Ըստ քրեական օրենսգրքի 422 -րդ հոդվածի հանցագործության օբյեկտիվ կողմի պահանջի կամ պայմանի իշխանությունը զավթելուն ուղղված կոչը պետք է արված լինի հրապարակային, այսինքն, մարդկային լայն զանգվածին կամ ամբոխին (միտինգներում, հավաքներում, երթերում, շրջափակումների ժամանակ, կամ հասարակական մարդաշատ վայրերում եւ այլն): Հետեւաբար, Ս. Կարապետյանի գործողություններում բացակայում է քրեական օրենսգրքի 422 -րդ հոդվածի՝ հանցագործության կազմի օբյեկտիվ կողմը:
- Իշխանությունը զավթելուն հանցագործության սուբյեկտիվ կողմը կատարվում է մեղքի ուղղակի դիտավորության ձեւով, ըստ որում, հանցավորը հնչեցնելով կոչը՝ նպատակ է հետապնդում հակել կամ ներազդել մարդկանց լայն զանգվածի կամ ամբոխի գիտակցությանը ու կամքին, որպեսզի նրանք բռնությամբ զավթեն իշխանությունը կամ փոխեն սահմանադրական կարգը: Հարցազրույցի ժամանակ Ս. Կարապետյանի հնչեցրած միտքը մարդկանց զանգվածի կամ ամբոխի գիտակցությանը կամ կամքին հակելու կամ ներազդելու գործողություն չէ, այլեւ՝ հայոց եկեղեցուն պաշտպանելու գաղափար է: Հետեւաբար, նրա արարքում բացակայում են քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի հանցագործության կազմի սուբյեկտիվ կողմը:
- ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի նկարագրական մասում կամ դիսպոզիցիայում՝ «Զանգվածային լրատվության միջոցներում հնչեցրել է իշխանությունը զավթելու, ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ», ամրագրում գոյություն չունի եւ քրեական պատիժ սահմանված չէ: Այսպիսով, ակնհայտ նկատվում է, որ Ս.Կարապետյանի գործողություններում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հանցագործության կազմը եւ ներկայացված մեղադրանքն ակնհայտ շինծու է:
Պարզաբանենք, որ ամեն մի հայտարարություն կամ իշխանությունների դեմ ուղղված արտաբերումները դեռեւս իշխանությունը զավթելուն կամ՝ սահմանադրական կարգը բռնի փոխելու քրեաիրավական պատժելի հրապարակային կոչ չեն:
ՀՀ սահմանադրությամբ ամրագրված են մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները, իսկ 42-րդ հոդվածը վերաբերվում է կարծիքի արտահայտման ազատությանը, ըստ որի՝ «յուրաքանչյուր ոք ունի իր կամքն ազատ արտահայտելու իրավունք»:
Վերջերս ԱԺ-ում իշխանությունը զավթելու եւ ահաբեկչության թեմայով հարցի քննարկման ժամանակ ԱԺ ՔՊ կուսակցության խմբակցության ղեկավարը եւ ԱԺ փոխխոսնակը հրապարակեցին հարցազրույցի ընթացքում Միքայել Սրբազանի հնչեցրած արտահայտության ձայնագրությունը կամ ապացույցը, որի հիմքով նրա նկատմամբ նույնպես հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածով եւ նրան կալանավորել են:
Ըստ իս, Սրբազանի հնչեցրած արտահայտությունը ինքնին հրապարակային կոչ չէ, քանզի կոչի հրապարակային հատկանիշները բացակայում են, այլ նա իր կարծիքը կամ տեսակետն է արտահայտել:
Օրինակ, Թրամփը հայրենիք չի հանձնել, այլ ասում է. «Գրենլանդիան միավորելու եմ ԱՄՆ-ին»: Հազարավոր ամերիկացիներ հավաքներում եւ այլուր առերեւույթ հայտարարում են, որ Թրամփը խելագար է, գիժ է եւ կոչ են անում նրան հեռացնել, իմպիչմենտ անել եւ այլն: Բա ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ջոկատները ինչու չեն հետապնդում կամ կալանավորում նրանց:
Արամ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Մոսկվա, իրավաբան
«Առավոտ» օրաթերթ
19.07.2025