Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչ այժմ առաջարկվող հանգուցալուծումը կոնֆլիկտային է՝ կամ Կաթողիկոսը պետք է թողնի գահը, կամ Փաշինյանը պետք է թողնի վարչապետի պաշտոնը»

Հուլիս 21,2025 12:30

«Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը։

– Սյունիքի ճանապարհի արտապատվիրակումը կարծես թե ընդունելի տարբերակ է ՀՀ իշխանությունների համար, ԱՄՆ-ն էլ խիստ շահագրգռված է աջակցել այս գործարքի՝ իր դերակատարությամբ հանգուցալուծմանը։ Սրանից Հայաստանը շահելո՞ւ է, թե՞ հակառակը՝ վտանգներ եք տեսնում։  

– Սյունիքով միջազգային հաղորդակցություն ապահովող ճանապարհի գործարկման ռիսկերի կամ առավելությունների վերաբերյալ որեւէ օբյեկտիվ գնահատական այս պահին տալ հնարավոր չէ։ Անհրաժեշտ է տեսնել, թե կոնկրետ ինչ պայմաններով է առաջարկվում այն գործարկել։ Բայց կան նախապայմաններ, որոնք, իմ կարծիքով, անվերապահորեն պետք է փոխադարձության սկզբունքով ապահովված լինեն՝ Ադրբեջանի ու Հայաստանի ողջ տարածքում սահմանային ու մաքսային ռեժիմները չեն կարող տարբեր լինել ԱՀ ու ՀՀ քաղաքացիների եւ բեռների համար, Մեղրին չպետք է վերածվի հատուկ ռեժիմով ապրող սահմանամերձ գոտու կամ ռեզերվացիայի, ուր կսահմանափակվի տեղի բնակիչ չհանդիսացող ՀՀ քաղաքացիների մուտքը, կամ կխրախուսվի տեղի բնակիչների արտագաղթը, Ադրբեջան-Նախիջեւան ճանապարհի հայկական հատվածում Իրանի հետ մեր հաղորդակցությունների համար որեւէ խոչընդոտ չի կարող հարուցվել։ Այն տեսակետն ունեմ, որ քանի դեռ Իրանի հետ կապված ԱՄՆ, Իսրայելն ու նրանց ակտիվ աջակից պետությունները կարող են վերսկսել ուժային գործողությունները, ճանապարհի գործարկումը կարող է ռիսկեր պարունակել մեզ համար։

-Ճանապարհն արտապատվիրակելու մասին՝ Փաշինյանի պարզաբանումները ձեզ համար համոզիչ ու ընդունելի՞ են։ Շատերն ասում են, որ օրերս ասուլիսի ժամանակ նա փորձեց հող նախապատրաստել ՀՀ ինքնիշխան տարածքով Ադրբեջանին ու Թուրքիային մուտք տալու համար։

-Իմ կողմից վերը թվարկված սկզբունքների լիարժեք կիրառման դեպքում ռիսկերը արդյունավետ կառավարելու հնարավորությունը կպահպանվի։ Հավանաբար ՀՀ իշխանությունն այս ծրագիրը դիտարկում է ոչ այնքան Թուրքիային ու Ադրբեջանին ՀՀ տարածք մուտք գործելու, որքան մեր քաղաքացիների ու բեռների համար ՀՀ տարածքից այլընտրանքային ելք ապահովելու համատեքստում, այն էլ՝ գուցե Միացյալ Նահանգների երաշխավորմամբ ու վերահսկողության ներքո։ Միջազգային նշանակություն ձեռք բերած հաղորդակցության ուղու անգամ կարճ մի հատվածի նկատմամբ վերահսկողությունը Հայաստանի համար անվտանգային երաշխիքներ ձեւավորող եւ ապահովող գործոն կարող է համարվել։

-Բանակցությունների ընթացքից, Փաշինյանի պարզաբանումներից Ձեզ համար հասկանալի՞ է՝ ՀՀ-ն նույն իրավազորությամբ օգտվելու է նաեւ Ադրբեջանի տարածքո՞վ անցնող հաղորդակցության ուղիներից։

– Ասպարեզում եղած տեղեկատվությունը նման եզրակացության հանգելու բավարար հիմքեր չի ապահովում։ Արդեն ասացի, որ ճանապարհի արդյունավետ, փոխընդունելի գործարկման կարեւոր նախապայմանն այն պետք է լինի, որ մեր երկու պետությունների տարածքում սահմանային ու մաքսային ռեժիմները պետք է նույնական լինեն ԱՀ եւ ՀՀ քաղաքացիների ու բեռների համար։

-Վտանգ տեսնո՞ւմ եք այն հարցում, որ եթե այս սցենարն իրականանա, Ադրբեջանի դիրքերը տարածաշրջանում կամրանան, եւ նա փաստացի կվերածվի էներգետիկ գերտերության։

-Անշուշտ, եթե նշված հաղորդակցության ուղիները գործարկվեն, Ադրբեջանը լրացուցիչ, նոր առավելություններ կստանա իր արտաքին քաղաքական ու տնտեսական հարաբերությունները զարգացնելու տեսանկյունից։ Միեւնույն ժամանակ եկեք նաեւ չգերագնահատենք պաշտոնական Բաքվի ներուժն ու հեռանկարները. ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում եւ աշխարհում այնքան հեղհեղուկ ու փխրուն է, որ անգամ տեղային բնույթի ցնցումներն ունակ կլինեն ճակատագրական ազդեցություն ունենալ Ադրբեջանի ապագայի վրա։

-Ինչպե՞ս կգնահատեք ներքաղաքական զարգացումները՝ ձերբակալություններ, կուսակցություն փակելու մասին ցանկությունների դրսեւորում։ Ինչո՞ւ միջազգային հանրությունը համապատասխան կերպով չի արձագանքում այս ամենին։

-ՀՀ գործող վարչակազմն իր արտաքին քաղաքական նախաձեռնությունները ներդաշնակեցնում է միջազգային ազդեցիկ դերակատարների շահերի, սպասելիքների ու նպատակների հետ։ Սա ապահովում է այդ դերակատարների բարյացակամ կամ, առնվազն, չեզոք վերաբերմունքը վարչապետ Փաշինյանի կողմից իր առջեւ ծառացող իրական կամ արհեստածին ու կեղծ ներքին խնդիրները լուծելու ուժային մեթոդների կիրառման հանդեպ։ Պայմանական «ավանդապահ» Հայաստանը, Արցախը, Եկեղեցին, Դաշնակցությունը, Սփյուռքն իրենց պահանջներով չպետք է վերածվեն վարչապետ Փաշինյանի «իրական» Հայաստան կառուցելու ծրագրերը խոչընդոտող գործոնների։

-Մինչեւ ո՞ւր կարող է հասնել հոգեւորականներին ուղղված ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը։ Ինչպե՞ս եք տեսնում այս ամենի հանգուցալուծումը։

-Գտնում եմ, որ Եկեղեցու բարձրաստիճան սպասավորների նկատմամբ հալածանքներն ու հնչեցվող պահանջները եւ սպառնալիքները քաղաքական դրդապատճառներ ունեն։ Համաձայն եմ, որ մեր Եկեղեցու ներսում կան խնդիրներ, որոնք չեն կարող եւ չպետք է անտարբեր թողնեն հավատավոր հայ քրիստոնյաներին։ Բայց վարչապետ Փաշինյանն ընտրեց առկա խնդիրները հանրային սկանդալ հրահրելու միջոցով լուծելու ճանապարհը եւ առանձին կղերականների նկատմամբ հանրային անվստահություն սերմանելով հարվածեց հավատացյալների՝ ՀԱԵ հանդեպ ունեցած վստահության հիմքերին, չխնայեց նրանց կրոնական զգացմունքները, որոնք դարեր շարունակ դրսեւորվել են հոգեւորականների հանդեպ ունեցած ակնածանքի ու վստահության միջոցով։ Կարճ ասած՝ Փաշինյանը կարող էր նախ փորձել խնդիրը փակ ռեժիմով քննարկել, բայց նախընտրեց այրել կամուրջները եւ անձնապես կղերականներին հարվածելով, հարվածեց Եկեղեցուն, հայկական հոգեւոր հնագույն հաստատությանը։ Մինչ այժմ առաջարկվող հանգուցալուծումը կոնֆլիկտային է՝ կամ Կաթողիկոսը պետք է թողնի գահը, կամ Փաշինյանը պետք է թողնի վարչապետի պաշտոնը։ Չեմ բացառում, որ հասարակության մեջ կարող է հասունանալ նաեւ երրորդ տարբերակը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.07.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031