Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԳՆ պաշտոնատար անձը կաշառք է ստացել վարորդական վկայականի ձևական գործնական քննության, հարկային տեսուչը՝ 3 տարի ստուգում չիրականացնելու համար. 11 անձի մեղադրանք է ներկայացվել

Հուլիս 21,2025 11:29

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի պաշտոնատար անձը, իր ծառայողական  լիազորություններն օգտագործելով մի շարք անձանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար, նրանցից ստացել է տարբեր չափերի կաշառք:

Մասնավորապես՝ պարզվել է, որ ՆԳՆ պաշտոնատար անձը, 2025 թվականի հունվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում մի շարք անձանցից ձևական գործնական քննություն ընդունելու,  դրական գնահատելու և նրանց վարորդական վկայականներում մեկ դեպքում «B», երկու այլ դեպքերում՝ «BE» և «CE» կարգեր ավելացնելու գործընթացը կազմակերպելու համար, իրեն օժանդակող 3 անձանց միջոցով նրանցից պահանջել և ստացել է համապատասխանաբար 180.000, 250.000 և 350.000 ՀՀ դրամ կաշառք: Արդյունքում՝ վերը նշված պաշտոնատար անձը նրանցից ընդունել է ձևական քննություններ և նշանակել դրական գնահատականներ՝ վերջիններիս  տրամադրելով  համապատասխան կարգերի վարորդական վկայականներ:

Նույն քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել է նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության համապատասխան բաժնի գլխավոր հարկային տեսուչի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք:

Մասնավորապես՝ պարզվել է, որ վերջինս,  հանդիսանալով ստուգող խմբի ղեկավար, նույն բաժնի երկու այլ գլխավոր հարկային տեսուչների հետ 2024 թվականի սեպտեմբերի 19-ից 2025 թվականի փետրվարի 12-ն ընկած ժամանակահատվածում հարկային համալիր ստուգում է իրականացրել վերը նշված ՆԳՆ պաշտոնյայի կողմից կաշառք ստանալուն օժանդակած անձանցից մեկին պատկանող ընկերությունում:

Ստուգման ընթացքում հարկային տեսուչը նշված ընկերությունում առաջիկա 3 տարիների ընթացքում ստուգումներ չիրականացնելու համար տնտեսվարողից պահանջել է խոշոր չափերով՝ 4.000.000 ՀՀ դրամ կաշառք՝ պայմանով, որ վերջինս պետք է կատարի համալիր հարկային ստուգման ընթացքում հայտնաբերված և նախկինում չկատարված՝ շուրջ 6.000.000 ՀՀ դրամի չափով  հարկային պարտավորությունները: Պայմանավորվածության համաձայն՝ 2025 թվականի փետրվարի 17-ին ՊԵԿ գլխավոր տեսուչն անձամբ ստացել է կաշառքի առարկա հանդիսացող 3.963.900 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար գումարը:

Կաշառք ստանալու, տալու, կաշառք ստանալուն և տալուն օժանդակելու համար մեղադրանքներ են ներկայացվել 11 անձի, այդ թվում՝ ՀՀ ՆԳՆ Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի  պաշտոնատար անձին և ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչին:  Մեղադրյալներից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031