Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կանեիք, եթե Ձեր պես մեկն էլ Ձեր տուն մտներ․ որևէ մեկի գործը չէ․ Ռոմանոս Պետրոսյանի արձագանքը՝ հարցին

Հուլիս 21,2025 14:24

«Ես անվտանգություն չունեմ, իրենք իմ թիմակիցներն են, որոնք պիտի ինձ ուղեկցեն այս գործընթացում․ տարբեր մասնագետներ են»,- լրագրողների հարցին՝ Ձեզ ուղեկցող անձինք Ձեր անվտանգության աշխատակիցնե՞րն են, ՀԷՑ-ի բակում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վաղ առավոտյան լրագրողները ՀԷՑ-ում էին, սակայն Ռոմանոս Պետրոսյանն այդ ժամանակ դեռ չէր ներկայացել աշխատանքի։ Նա այս առիթով ասաց․ «Իմ՝ այս ժամին աշխատանքի գալը պայմանավորված է պետռեգիստրի գործակալությունում փաստաթղթերի գրանցման գործընթացով։ Հավանաբար գիտեք, ՀԾԿՀ նախագահի որոշումով նշանակվելով ժամանակավոր կառավարիչ՝ որոշումն ուժի մեջ է մտել ծանուցման պահից, ուրբաթ օրը աշխատանքային օրվա ավարտին, սակայն իմ լիազորությունները լիարժեք իրացնելու համար անհրաժեշտ էր այդ որոշումից բխող լիազորություններս գրանցել պետռեգիստրի գործակալությունում։ Դա տեղի է ունեցել առավոտյան։ Փաստաթղթերը ձեռքիս ներկայացել եմ ՀԷՑ՝ ստանձնելու իմ լիազորությունները։ Պիտի տեղյակ լինեիք, որ մարմինների ղեկավարների աշխատաժամերը նորմավորված չեն, եթե ութժամյա աշխատանքը ութժամյա աշխատանք է ենթադրում, ապա մարմինների ղեկավարներինը՝ 12,18, 20 -ժամյա տևողությամբ աշխատաժամանակ է։ Չի բացառվում, որ ես այսօր աշխատեմ մինչև 23։00՝ 12 ժամ»։

Լրագրողների հարցին՝ հիմա մտնելու եք նե՞րս․ սա ուրիշի սեփականությունն է, Ռոմանոս Պետրոսյանն այսպես արձագանքեց․ «Իսկ ՀՀ լիազոր մարմնի կողմից նշանակված պաշտոնյան ՀՀ իրավազոր տարածքում որևէ տեղ մտնելու խնդիր կարա ունենա՞»։

Լրագրողների փաստմանը՝ ուրիշի սեփականություն եք մտնում և հարցին՝ Ձեր կարծիքով՝ Ձեր գործողությունները օրինակա՞ն են, Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց․ «Ամենայն հարգանքով խոշոր գործարարների, սեփականատերերի՝ սեփականության իրավունքը մեր երկրում՝ որպես իրավական պետություն, երաշխավորված է Սահմանադրությամբ։ Բայց նույն սեփականատերերը՝ մասնավոր ծառայությունների ոլորտում բնական մենաշնորհ ունեցող էներգաբաշխիչ ցանցերի գործունեություն ծավալող ընկերությունները, իրենք լիցենզիան ստանալուց տվել են համաձայնություն, որ կարող են լինել իրավիճակներ, երբ պետական լիազոր մարմինները, այդ թվում՝ ոլորտը կարգավորող հանձնաժողովը, որը սահմանադրական մարմին է, կարող է իմպերատիվ միջամտություններ անել և կանխարգելիչ գործողություններ իրականացնել տվյալ մարմնում։ Լիցենզիայի պահանջի կատարումն է այս պահին իրականացվում։ Վստահ եմ՝ խոշոր գործարարն ինքն էլ տեղյակ է այս գործողություններից, և իմ գործողությունները բխում են օրենքը կարգավորող օրենքներից»։

Լրագրողների դիտարկմանը՝ կան կարծիքներ, որ ՀԷՑ-ի հետ կապված գործընթացները հեռուն գնացող նպատակներ ունեն՝ մասնավորապես 2026-ի ընտրություններին ընդառաջ, Ռոմանոս Պետրոսյանն այսպես արձագանքեց․ «Քվեարկությունը փակ, գաղտնի է, և քվեարկությանը միջնորդելը, ուղղորդելը քրեական առումով հետապնդվող արարքներ են։ Երբևէ ընտրական պրոցեսների ուղղակի մաս չի կարող դառնալ իմ վերադասությունը»։

Հիշեցմանը՝ նշում եք՝ ՀԷՑ թոփ մենեջմենտում ազատումներ են լինելու և հարցին՝ արդեն ուսումնասիրե՞լ եք նրանց աշխատանքը, գիտե՞ք՝ ում եք ազատելու, թե՞ իրենց հետ կաշխատեք, հետո կորոշեք, Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց․ «Իմ որոշումները լինելու են հանուն ՀՀ-ի, մեր քաղաքացու։ Թափանցիկ գործելաոճ եմ որդեգրելու»։

Հարցին՝ Դուք ո՞նց կվերաբերվեիք այն հանգամանքին, որ մի գեղեցիկ օր Ձեր նման պաշտոնյան, փաստաթղթերով, գար, ասեր՝ եկել եմ ձեր տուն, այլևս Ձեր տունը, Ձեր տունը չէ․ իմն է։ Ռոմանոս Պետրոսյանն ի պատասխան ասաց․ «Իմ տունը, թե ես իմ օրինական միջոցներով ինչպես եմ ձեռք բերել, ինչպես եմ տնտեսվարում, իմ ընտանիքն ինչպես է ապրում, դա որևէ մեկի գործը չէ։ Ես դրա համար լիցենզիա չեմ ստացել։ Ես բնական մենաշնորհ չեմ ստացել, ես իմ տնով, իմ կարգավիճակով ուղիղ ներգործություն չունեմ երեք միլիոն բնակիչների կյանքի որակի վրա։ Եկեք մնանք ավելի բարձր տիրույթում»։

Փաստմանը՝ մասնագետներն ասում են՝ բարձրավոլտ էլեկտրացանցերում (ԲԷՑ) ևս խնդիրներ կան, տպավորություն է, որ ամբողջ մեղավորությունը փորձում են բարդել ՀԷՑ-ի վրա, Ռոմանոս Պետրոսյանն այսպես արձագանքեց․ «Ոչ մեկը չի ասում, որ ամեն հարցում ՀԷՑ-ն է մեղավոր, և ԲԷՑ-ում ամեն ինչ կարգին է։ ՊՎԾ-ն ԲԷՑ-ում վերահսկողություն էր իրականացրել, և ավելի քան 5 միլիոն դրամ պետբյուջե վերականգնում է եղել։ ԲԷՑ-ում էլ ամեն ինչ կարգին չէ, գործընթացը գնում է, կգնա։ Վերջնարդյունքում էներգետիկ համակարգի այսօրվա պատկերը խորքային բարեփոխումների ենթարկելն է։ Պետությունն իր ողջ գործիքակազմերը կիրառելու է»։

Հարցին՝ իսկ աուդիտն ո՞վ է իրականացնելու, նա պատասխանեց․ «Ես ինքս ՀԷՑ-ում վերջին տարիների գործունեության աուդիտ եմ իրականացնելու, աուդիտի, գնման գործընթացն իրականացվելու է օր առաջ՝ տառին համապատասխան։ Ի հավելումն ասեմ, որ ես էներգետիկ ոլորտի տնտեսագետներին, տնտեսվարողներին, արտադրողներին գյուտարարներին կոչ են անում այս պահից սկսված պատրաստվել ՀԷՑ-ի կարիքների համար հայտարարվող թափանցիկ, բաց, ներառական մրցույթներին»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Բարի գալու՛ստ, Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչ։

    В пять часов дня событие: впервые слова, произнесенные существом, не были оторваны от окружающих явлений, а явились реакцией на них. Именно, когда профессор приказал ему: «Не бросай объедки на пол…» – неожиданно ответил: «Отлезь, гнида!»
    Михаил Булгаков, «Собачье сердце»

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031