Հակակոռուպցիոն դատարանում ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի ներկայացուցիչ փաստաբանն այսօր միջնորդեց թույլատրել Աբրահամյանին տնօրինել իր դրամական այն միջոցները, որոնք ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի հետ առնչություն չունեն: Ըստ պաշտպանի՝ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է զբաղվել տնտեսական գործունեությամբ:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ շարունակվում է նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի և նրա հետ փոխկապակցված 10 անձանց մասով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։
– Այն միջոցները, որոնք արգելադրված են, դրանցից գեներացված միջոցների մասին չէ խոսքը, այլ իմ վստահորդի կողմից ենթադրյալ փոխառու, վարկային միջոցներ ներգրավելու ու դրանից բխող տնտեսական կամ այլ գործունեություն ծավալելու ազատության մասին է խոսքը: Ինչը այս պահին դրամական միջոցների արգելանքի պայմաններում, ուղղակի սահմանափակման կարգ է,-պարզաբանեց Աբրահամյանի փաստաբանը:
-Իմ վստահորդը այլ ծառայությունների մասով դրամական միջոցներն ազատելու խնդիր ունի, մասնավորապես՝ փաստաբանական ծառայությունների վարձատրության տիրույթում,- շարունակեց փաստաբանը:
Կարդացեք նաև
Նրա միջնորդությունն առարկեց մեղադրող դատախազը. «Հովիկ Աբրահամյանից իրավասու մարմինը պահանջում է մոտ 19 միլիարդ դրամի գումար: Այդ գումարի պահանջը պետք է բավարարվի այլ գույքերի եւ դրամական միջոցների հաշվին, որոնք էական չեն հայցի ապահովման մեջ թվարկված եւ հայցի առարկայի նետ կապված անշարժ ու շարժական գույքի եւ ընկերությունների մասնակցություններում»:
Ըստ մեղադրողի, եթե բավարարվի պաշտպանական կողմի այս միջնորդությունը, ապա իրավասու մարմինը իր ընկալելի պահանջը հետագայում չի կարող իրագործելի համարել, քանի որ շարժական ու անշարժ գույքերը կարող են ինչպես ձեռք բերվել, այնպես էլ սպառվել: Այս միջնորդության վերաբերյալ դատարանն իր որոշումը կհրապարակի հաջորդ նիստին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ