Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանի և մյուսների մասով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը հետաձգվեց

Ապրիլ 20,2023 15:40

Դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ այսօր Հակակոռուպցիոն դատարանում կայացավ ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի և նրա հետ փոխկապակցված 10 անձանց մասով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։

Նախագահողը մեկը մյուսի հետևից մերժեց պաշտպանների միջնորդությունները, մեղադրող կողմը ներկայացրեց հայցը, որից հետո դատարանը փաստաբաններին ժամանակ տրամադրեց գործի մանրամասներին ծանոթանալու համար:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը կկայանա մայիսի 16-ին, ժամը 10:00-ին: Մինչ այդ նախագահողը ստիպված եղավ մի քանի անգամ փոխել հաջորդ նիստի օրը, քանի որ առաջարկվող օրերն ու ժամերը հարմար չէին լինում կամ փաստաբաններին կամ մեղադրող կողմին կամ՝ դարձյալ փաստաբաններից որևիցե մեկին: «Դատարանը փորձում է հարմարվել բոլորիդ, եթե նման վերաբերմունք է լինելու, դատարանը որևիցե մեկիդ հետ կարող է չհամաձայնեցնել, բոլոր փաստաբաններով ձեր աշխատանքը կազմակերպեք այնպես, որ կարողանաք դատական նիստին մասնակցել»,- բարկացած նետեց դատավոր Բադալյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին  ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ, նախկին ՀՀ վարչապետ Հ.Ա.-ից, նրա կնոջից՝ Ջ.Ա.-ից, որդուց, դուստրերից, իրեն փոխկապակցված այլ անձանցից (աշխատակիցներ, ազգականներ և նրանց ամուսիններ) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 59 անշարժ գույք, որից 15-ը՝ Երևան քաղաքում, մեծամասամբ Կենտրոն վարչական շրջանում, 12-ը Արարատի մարզի Մխչյան համայնքում, 10-ը՝ Նարեկ համայնքում, 2-ը՝ Կոտայքի մարզի Արզական համայնքում, 6-ը՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում, 1-ը՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում, 1-ը՝ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում, 6-ը՝ Տավուշի մարզի Դիլիջան համայնքում, 3-ը Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքում, 1-ը՝ Արարատի մարզի Մարմարաշեն համայնքում, 1-ը Արարատի մարզի Այնթապ համայնքում, 1-ը՝ Արարատի մարզի Արևաբույր համայնքում. 4 ավտոմեքենա. 20 ընկերությունների մասնակցություններ և բաժնետոմսեր. շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույքերի շուկայական արժեքներ՝ ընդհանուր՝ 1 մլրդ 628 մլն 277 հազար 90 դրամ. ընկերություններին տրված փոխառություններից ծագող պահանջի իրավունք՝ 11 մլն 292 հազար 570 ԱՄՆ դոլարի, 687 մլն 500 դրամի և 3 մլն 117 հազար 680 եվրոյի չափով. 21 մլրդ 202 մլն 67 հազար 797 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված կամ չնույնականացված դրամի հանրագումար:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930