Հուլիսի 18-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ 1998 թվականի դեկտեմբերի 10-ի հանցագործությունը՝ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը, բացահայտվել է: ՔԿ-ն հայտնում է, որ պարզել է. «Ս.Ա.-ն, Հ.Ն.-ն եւ Ա.Ա.-ն 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, շահադիտական դրդումներով, Ս.Ա.-ի կազմակերպմամբ եւ համակատարմամբ, իրականացրել են ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը, ինչպես նաեւ ապօրինի կերպով ձեռք են բերել եւ պահել հրազեն»։ Լրատվամիջոցներից մի քանիսը փորձեցին բացել ենթադրյալ կասկածյալների անուն-ազգանունները, նշելով, որ Ս. Ա-ն Սասուն Առուշանյանն է, ով Սամվել Բաբայանի թիկնազորի պետն է եղել…
Ներկայացնենք «Առավոտի» այն հրապարակումներից հատվածներ, որում անդրադարձ է եղել սպանության, շրջանառվող վարկածների, բացահայտման գործով քայլերի մասին…
«Առավոտի» առաջին անդրադարձը եղավ 1998թ. դեկտեմբերի 11-ին, սպանության հաջորդ օրը («Հերթական սպանությունը», հեղ.՝ Ա.Գալոյան):
Կարդացեք նաև
«Երեկ մեզ հաջողվեց պարզել հետեւյալը. վերջին շրջանում Վ. Խորխոռունին երկու բնակարան էր գնել Չարենց-Լերմոնտով խաչմերուկի վրա գտնվող շենքում եւ այնտեղ էլ բնակվում էր։ Հարեւանների վկայությամբ՝ Խորխոռունին աշխատանքից սովորաբար ուշ էր վերադառնում։ Ծառայողական ավտոմեքենաները՝ «Նիվա», «ԳԱԶ 31», սովորաբար, ինքն էր վարում։ Անցած գիշեր նա տուն էր եկել «ԳԱԶ 31» ավտոմեքենայով։ Մեզ որեւէ կերպ չհաջողվեց պարզել՝ նա անմիջապես աշխատանքի՞ց էր տուն վերադառնում, թե որեւէ այլ վայրից։ Նրա մուտքի անմիջապես հարեւանությամբ շենքի կամարն է։ Հարեւանների վկայությամբ՝ վերջին մի քանի օրը էլեկտրալարը կտրված էր եւ կամարը չէր լուսավորվում։
Սպանության պահին բոլոր արթուն հարեւանները հեռուստացույց էին դիտում, հետեւաբար շատ քչերն էին լսել կրակոցները։ Հարեւաններից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, պատմեց, որ լսել է 4-5 կրակոց հիշեցնող ձայն եւ ուղեկցվող գոռոցներ։ Նա չի համարձակվել դուրս գալ տանից, սակայն 10-15 րոպե պատուհանից դուրս է նայել եւ ոչինչ չի նկատել։ Դեպքից ընդամենը 25 րոպե հետո լսել է աղմուկ եւ գոռոցներ։ Մեկ ուրիշ հարեւան պատմեց, որ նույն կրակոցները լսած հարեւաններից մեկը որդու հետ մուտք է դուրս եկել եւ տեսել է աստիճանների վրա ընկած Խորխոռունուն։ Համոզվելով, որ նա արդեն մահացած է, վերադարձել են տուն եւ զանգահարել շտապօգնություն եւ ոստիկանություն։ Բոլոր հարեւանների վկայությամբ՝ նախ ժամանել է շտապօգնության մեքենան, հետո նոր ոստիկանությունը։ Հարեւանների վկայությամբ՝ Խորխոռունու վրա եղել է տաբելային ատրճանակը։ Նա հաստատ չի հասցրել արձակել այն։ Հարեւաններից մեկը, որ հրազենի գիտակի տպավորություն էր թողնում, պնդում էր, որ միջանցքում ընկած պարկուճները «Մակարով» ատրճանակի փամփուշտներից էին։
Հիշեցնենք, որ այս փամփուշտներն են օգտագործվում նաեւ մեր տեղական արտադրության «Ուզի» տիպի ավտոմատներից կրակելու համար։ Նա նաեւ նշեց, որ դիակի կողքին ընկած էր պայուսակ, որը հավանաբար պատկանում էր Խորխոռունուն, եւ այդ պայուսակի վրա ոտնահետք կար։ Հարեւանների պնդմամբ, սպանությունից մոտ մեկ ժամ հետո, եկել են նաեւ Խորխոռունու հարազատները։
Մեզ հաջողվեց պարզել նաեւ, որ մորեգույն բերետավորների մի դասակ առավոտյան անմիջապես սկսել է մաքրել շենքի բակը։ Երեկ երեկոյան շենքի կամարի լույսն արդեն վառվում էր։ Սպանության առիթով պաշտոնական որեւէ վարկած չի հրապարակվել։ Սա, բնականաբար, տարբեր ենթադրությունների տեղիք է տալիս…
Տարածված, չստուգված լուրերի համաձայն՝ Վահրամ Խորխոռունին ուներ բիզնեսի իր ոլորտը։ Խոսվում է, որ նա զբաղվում է ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների ներմուծմամբ։ Չստուգված լուրերի համաձայն՝ մոտ օրերս նա օղու մեծ խմբաքանակ էր ներմուծել... »։
Նույն օրվա «Առավոտի» խմբագրականից. «Սպանության 3 վարկածները»
«Տնտեսական վարկածի հետ կախված հիշեցնենք, որ Խորխոռունին տրանսպորտային ոստիկանության ղեկավարն էր այն ժամանակ, երբ պաշտոնական վարկածով նախորդ դատախազին սպանած եւ ինքնասպանություն գործած Արամ Կարապետյանը հանրապետության տրանսպորտային դատախազն էր: Ավելացնենք նաեւ, որ մի քանի ամիս առաջ, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանություն էր գործել ՊՆ ֆինանսատնտեսական վարչության պետ Մավրիկ Ավետիսյանը, իսկ վերջերս ՊՆ փոխնախարարի պաշտոնից ազատվել էր Գեւորգ Վարդանյանը»:
«Խորխոռունին պատվի սպա էր» (1998թ. դեկտեմբերի 12, հեղ՝. Արմեն Զաքարյան)
Դեռեւս «օրակարգում» են այն խոսակցությունները, որոնք վերաբերում են գնդապետ Խորխոռունու սպանությանը։ Ու թեպետ արդեն մամուլում եղածին որեւէ նոր դետալ չի ավելացվում, սակայն, այդուհանդերձ, էլի օրվա թեման դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած այդ զարհուրելի դեպքն է։
Այս հիմքով էլ «Առավոտը» խոսակցության հրավեր արեց Ներքին գործոց նախկին նախարար Վանո Սիրադեղյանին եւ տարբեր ժամանակներում ներքին գործոց ու պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանին։
Վանո Սիրադեղյան. -Դու կարծում ես, հիմա ես պետք է ասեմ՝ սա քաղաքական սպանությո՞ւն է։
– Ես ոչինչ էլ չեմ ենթադրում, Ձեր ասելիքը Դուք գիտեք։
– Ես կարծում եմ, որ քաղաքական սպանություններ մեր նման ողորմելի, փոքր երկրներում չեն լինում։ Բայց լինում են սպանություններ, որոնք ունենում են քաղաքական հետեւանքներ։ Ինձ թվում է՝ սա էլ կունենա։
– Իսկ ի՞նչ կասեիք Վահրամ Խորխոռունու մասին, որը ժամանակին աշխատել է Ձեր ենթակայությամբ։
-Համենայնդեպս, Հայաստանի պայմանների համար նա բացառիկ սպա էր՝ պարտաճանաչ, աշխատունակ, աշխատասեր, չափի զգացում ունեցող… Ափսոս։ Կորուստ եմ համարում։
– Դուք բացառեցիք սպանության քաղաքական բնույթը, այդ դեպքում ի՞նչ հիմքեր եք տեսնում սպանության համար։
– Չեմ կարող ասել, բայց հասկանում եմ, որ դա քաղաքական հետեւանքներ կունենա։
– Իսկ դա ինչպե՞ս կարտահայտվի։
– Կապրենք, կտեսնենք։ Գլխավոր դատախազի եւ Խորխոռունու սպանություններից հետո չեն կարող քաղաքական հետեւանքներ չառաջանալ։ Այլ բան չեմ կարող ասել։
– Հենց նոր Վանո Սիրադեղյանը բացառեց այդ սպանության քաղաքական ենթահողը։ Դուք ի՞նչ կարծիքի եք։
Անդրանիկ Քոչարյան. – Հիմա դժվար է հստակորեն որեւէ բան ասել՝ սպանությունը քաղաքական է, թե՝ ոչ։ Բայց ես համաձայն եմ Սիրադեղյանի հետ, որ հետեւանքները կարող են նաեւ քաղաքական մթնոլորտի վրա ազդեցություն ունենալ։ Շատ կարեւոր է, որ նման սպանությունները շատ արագ բացահայտվեն։
– Իսկ ինչպե՞ս կբնորոշեիք Վահրամ Խորխոռունուն։
– Խորխոռունին ոստիկանական համակարգում առաջին աստիճանից մինչեւ վերջինն անցած, բարձր որակավորում ստացած սպա էր։ Նա պատվի սպա էր, ուսադիրները հարգել գիտեր, իսկ բացի այդ, սիստեմավորված մտածող ու կառուցվածքներ համադրող մարդ էր։
– Պարոն Քոչարյան, փետրվարին, երբ Վազգեն Սարգսյանն իր մամլո ասուլիսում հայտարարեց, որ զգուշացվել եք Ձեր դեմ կատարվելիք հնարավոր մահափորձի մասին, նույն ժամանակներում խոսակցություններ կային, թե Վահրամ Խորխոռունու դեմ մահափորձ արդեն կատարվել է։ Այդ ժամանակվա խոսակցությունների ու հետագայում տեղի ունեցածների միջեւ որեւէ կապ տեսնո՞ւմ եք։
– Շատ լավ կլիներ, որ Արծրուն Մարգարյանի նկատմամբ կատարված մահափորձն արդեն իսկ բացահայտված լիներ, ինչն անպայման կանխած կլիներ ոչ թե մահափորձը Խորխոռունու նկատմամբ, այլ՝ սպանությունը։
– Բայց Դուք իմ հարցին չպատասխանեցիք։ Այն ժամանակ Երեւանում տարածվող խոսակցությունների ու տեղի ունեցածի միջեւ կապ տեսնո՞ւմ եք։
– Ես նորից եմ պատասխանում՝ Արծրուն Մարգարյանի նկատմամբ կատարված մահափորձը պետք է արդեն բացահայտված լիներ։ Այդ պարագայում ձեր հարցը իմաստ չէր ունենա։
Անդրանիկ Քոչարյանը զրույցի ավարտին հարկ համարեց ճշտել նաեւ, որ Վահրամ Խորխոռունին Աբովյանի ներքին գործոց բաժնից երբ տեղափոխվել է 6-րդ վարչություն, այդ ժամանակ այդ կառույցի ղեկավարը Երիցյան Աշոտն է եղել, իսկ Վահրամ Խորխոռունին նշանակվել է նրա տեղակալ։
«Սպանությունից անցել է մեկ ամիս» (Հունվար 13, 1999թ. Մ. Եսայան)
«Պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունից անցել է մեկ ամիս։ Մտայնություն կա, որ այս սպանությունը եւս կմտնի չբացահայտված սպանությունների ցուցակի մեջ։ Գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարեւոր գործերի քննիչ, քննչական խմբի ղեկավար Հակոբ Բաբայանը Վահրամ Խորխոռունու սպանության հետ կապված որոշ նոր մանրամասներ փորձեց ներկայացնել։ Հայտնի է, որ առաջին իսկ օրվանից քննչական խումբ է ստեղծվել, ընդգրկված են փորձված քննիչներ, ՆԳ եւ ԱԱ համապատասխան աշխատակիցներ։ Ըստ քննչական խմբի ղեկավարի, ստեղծվել են 20-ից ավելի վարկածներ։ Ամեն մի վարկած դարձել է քննության առարկա։ Ընտրված վարկածներից 12-ն ամբողջությամբ հերքվել են, մնացել է մնացածը…»։
«Լուրջ աշխատանքը բաժակ նայելով չի լինում» (1999թ. փետրվարի 18, ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը պատասխանում է «Առավոտի» եւ «Ազատություն» ռ/կ-իհարցերին)
«Եվս երկու հարց Արծրուն Մարգարյանի հետ կապված։ Անցած տարի զգուշացվածներից մեկը՝ Անդրանիկ Քոչարյանը, հայտարարել էր, որ եթե Արծրուն Մարգարյանի դեմ կատարված մահափորձը բացահայտվեր՝ Վահրամ Խորխոռունին չէր սպանվի։ Արդյո՞ք ձեր տրամադրության տակ կան նյութեր, որոնք կհաստատեն, որ այդ գործերը մի շղթա են կազմում։
– Նորից եմ խնդրում՝ ինձ չստիպել մեկնաբանել տարբեր մարդկանց ասածները։ Դուք հնարավորություն ունեք այդ մարդկանց հարցնելու եւ պատասխաններ ստանալու։ Ես կարող եմ միայն մեկ բան ասել՝ մենք պատրաստ ենք լսելու ցանկացած մարդու, որը կարող է որոշակի տեղեկություններ տալ ցանկացած հանցագործության, այդ թվում նաեւ Արծրուն Մարգարյանի սպանության մասին»:
1999թ. ապրիլ 17. «Իսկ ինչի հետ առնչություն ունեն»
«Առավոտը» փորձեց ՆԳ եւ ԱԱ լրատվության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Միքայել Գրիգորյանի միջոցով ստուգել մեր այն լուրի հավաստիությունը, թե Խորխոռունու սպանության առնչությամբ ՆԳ եւ ԱԱ 6-րդ վարչությունը ձերբակալել է 2 ղարաբաղցիների, իսկ 3-րդ մասնակիցն էլ սպանված է: Պատասխանը հետեւյալն էր. «Այդ երկու ձերբակալվածները որեւէ առնչություն չունեն Խորխոռուու սպանության հետ»:
«Վազգենը միայն կարող էր վախենալ, որ տուրուդմփոցի մեջ Ղարաբաղը չկորցնենք». Անդրանիկ Քոչարյան (2019թ, մարտի 20, հեղ՝. Նելլի Գրիգորյան)
«Վահան Շիրխանյանի` Ռոբերտ Քոչարյանին հաջորդ հիշեցումը` այդ ժամանակ պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունն է եւ Քոչարյան-Խորխոռունի լարված հարաբերությունների մասին. «1998 թ. դեկտեմբերի 10. Վահրամ Խորխոռունու սպանությունը հնարավոր դարձրեց Հոկտեմբերի 27-ի ազգադավ ոճրագործության իրագործումը։ Ի դեպ, դու քո այս բազմաչարչար գործում հիշատակե՞լ ես քո եւ ԼՂՀ ՆԳ փոխնախարար, Հայաստանից գործուղված Վահրամ Խորխոռունու առավել քան լարված հարաբերությունների մասին։ Եթե մոռացել ես, ես կարող եմ հիշեցնել»։
Անդրանիկ Քոչարյանը նկատում է. «Շիրխանյանի ասածները պետք է լուրջ ընդունել եւ ամեն մի ասածի ուղղությամբ, եթե վաղեմության խնդիր չունենք, պետք է իրականացնել քննություն: Դրանից հետո եղել է նաեւ Արծրուն Մարգարյանի (ոստիկանության ներքին զորքերի հրամանատար) սպանությունը, որն այս կամ այն կերպ հնարավոր է, որ առնչվեր քաղաքական անցուդարձին»:
Պատրաստեց՝ Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
22.07.2025