Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հերթական սպանությունը

Դեկտեմբեր 11,1998 00:00
spanutyun

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, մարդասպանը (կամ մարդասպանները) արձակել է յոթ կրակոց, որից երեքը կրծքավանդակի, երկուսը՝ գլխի շրջանում, երկուսն էլ վրիպել է։ Նույն պաշտոնական տեղեկատվության համաձայն, գործի առիթով սկսված նախաքննությունը գտնվում է ՀՀ դատախազության վարույթում։

Երեկ մեզ հաջողվեց պարզել հետեւյալը. վերջին շրջանում Վ. Խոռխոռունին երկու բնակարան էր գնել Չարենց-Լերմոնտով խաչմերուկի վրա գտնվող շենքում եւ այնտեղ էլ բնակվում էր։ Հարեւանների վկայությամբ՝ Խոռխոռունին աշխատանքից սովորաբար ուշ էր վերադառնում։ Ծառայողական ավտոմեքենաները՝ «Նիվա», «ԳԱԶ 31», սովորաբար, ինքն էր վարում։ Անցած գիշեր նա տուն էր եկել «ԳԱԶ 31» ավտոմեքենայով։ Մեզ որեւէ կերպ չհաջողվեց պարզել՝ նա անմիջապես աշխատանքի՞ց էր տուն վերադառնում, թե որեւէ այլ վայրից։ Նրա մուտքի անմիջապես հարեւանությամբ շենքի կամարն է։ Հարեւանների վկայությամբ՝ վերջին մի քանի օրը էլեկտրալարը կտրված էր եւ կամարը չէր լուսավորվում։ Սպանության պահին բոլոր արթուն հարեւանները հեռուստացույց էին դիտում, հետեւաբար շատ քչերն էին լսել կրակոցները։ Հարեւաններից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, պատմեց, որ լսել է 4-5 կրակոց հիշեցնող ձայն եւ ուղեկցվող գոռոցներ։ Նա չի համարձակվել դուրս գալ տանից, սակայն 10-15 րոպե պատուհանից դուրս է նայել եւ ոչինչ չի նկատել։ Դեպքից ընդամենը 25 րոպե հետո լսել է աղմուկ եւ գոռոցներ։

Մեկ ուրիշ հարեւան պատմեց, որ նույն կրակոցները լսած հարեւաններից մեկը որդու հետ մուտք է դուրս եկել եւ տեսել է աստիճանների վրա ընկած Խոռխոռունուն։ Համոզվելով, որ նա արդեն մահացած է, վերադարձել են տուն եւ զանգահարել շտապօգնություն եւ ոստիկանություն։ Բոլոր հարեւանների վկայությամբ՝ նախ ժամանել է շտապօգնության մեքենան, հետո նոր ոստիկանությունը։ Հարեւանների վկայությամբ՝ Խոռխոռունու վրա եղել է տաբելային ատրճանակը։ Նա հաստատ չի հասցրել արձակել այն։ Հարեւաններից մեկը, որ հրազենի գիտակի տպավորություն էր թողնում, պնդում էր, որ միջանցքում ընկած պարկուճները «Մակարով» ատրճանակի փամփուշտներից էին։ Հիշեցնենք, որ այս փամփուշտներն են օգտագործվում նաեւ մեր տեղական արտադրության «Ուզի» տիպի ավտոմատներից կրակելու համար։ Նա նաեւ նշեց, որ դիակի կողքին ընկած էր պայուսակ, որը հավանաբար պատկանում էր Խոռխոռունուն, եւ այդ պայուսակի վրա ոտնահետք կար։ Հարեւանների պնդմամբ, սպանությունից մոտ մեկ ժամ հետո, եկել են նաեւ Խոռխոռունու հարազատները։ Մեզ հաջողվեց պարզել նաեւ, որ մորեգույն բերետավորների մի դասակ առավոտյան անմիջապես սկսել է մաքրել շենքի բակը։

Երեկ երեկոյան շենքի կամարի լույսն արդեն վառվում էր։ Սպանության առիթով պաշտոնական որեւէ վարկած չի հրապարակվել։ Սա, բնականաբար, տարբեր ենթադրությունների տեղիք է տալիս։ Հիշեցնենք. մինչեւ պաշտպանության փոխնախարար աշխատելը Խոռխոռունին զբաղեցրել է բարձր պաշտոններ ՆԳ համակարգում։ Դրանք, երեւի թե, «անիծված» են, ՆԳ նախկին փոխնախարար Վահան Հարությունյանը ձերբակալված է, իսկ տարվա սկզբին մահափորձ կատարվեց Արծրուն Մարգարյանի վրա։ Վերջին տարիներին Հայաստանում նախկին եւ գործող պաշտոնյաների սպանությունները, արդեն կայացած ավանդույթի համաձայն, չեն բացահայտվում։ Մեկ այլ ավանդույթի համաձայն, դրանք, սովորաբար որակվում են, որպես քաղաքական սպանություններ։ Համարյա երբեք հաշվի չի առնվում այն փաստը, որ մեր հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց գոնե մի մասը զբաղվում է մասնավոր բիզնեսով։ Յուրաքանչյուրն իր գործունեության ոլորտն ունի։ Կադրային ակտիվ փոփոխությունների շրջանում հատկապես սրվում է իրադրությունը, քանի որ բիզնեսը կամ տնտեսավարումը Հայաստանում անմիջապես կապված է տնտեսավարողի պաշտոնի հետ։ Բարձր պաշտոնը նաեւ լրացուցիչ լուրջ լծակ է բիզնեսի համար։

Տարածված, չստուգված լուրերի համաձայն Վահրամ Խոռխոռունին ուներ բիզնեսի իր ոլորտը։ Խոսվում է, որ նա զբաղվում է ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների ներմուծմամբ։ Չստուգված լուրերի համաձայն մոտ օրերս նա օղու մեծ խմբաքանակ էր ներմուծել։ Ինֆորմացիան մեզ տրամադրողը, որը չցանկացավ ներկայանալ, նշեց, որ նրան հաջողվել էր խուսափել մաքսատուրքի եւ ակցիզային հարկի մուծումից։ Հետեւաբար, հնարավոր էր այս ապրանքը շուկա հանել չափազանց էժան գներով, ինչը, բնականաբար, «կխփեր» տնտեսավարող մյուս սուբյեկտներին։ Նշենք նաեւ, երբեք հնարավոր չէ մինչեւ վերջ պարզել որեւէ պաշտոնյայի մասնակցությունը բիզնեսում եւ հերթական սպանությունից հետո պարզել, թե որքանով է այդ սպանությունն իր բնույթով տնտեսական։

Ա. ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031