«Հրապարակի» զրուցակիցը ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն է:
– Իսկ Փաշինյանի այն գրառումները, որ հոգեւորականները սիրուհիներ ունեն, արտամուսնական կապերի արդյունքում ապօրինի զավակներ եւ այլն, չի՞ ազդում հասարակության վրա: Մարդիկ այս ամենը լսելով` չե՞ն հիասթափվում եկեղեցականներից:
– Այդ ամենը կարող է ազդել միայն այն 8 տոկոսի վրա, որը դեռ աջակցում է օրվա իշխանությանը: Այս ամբողջ սուտը, կեղծիքը կարող է ինչ-որ առումով ազդեցություն ունենալ մարդկանց վրա, սակայն` միայն իշխանությանը հավատացողների: Վերջին սոցիալական հարցումները ցույց են տվել, որ նման մարդիկ կազմում են 8 տոկոս: Բագրատ սրբազանի հասցեին էլ ինչ տեսակի սուտ ասես, որ ասացին: Նախորդ տարվա գարնանը հայտարարում էին, որ Սրբազանն անգամ որդի ունի, սակայն ոչինչ էլ չհաստատվեց: Պետրոսի հայտնի եթերներից մեկի ժամանակ հենց ինքը` Պետրոս կոչեցյալը, անդրադառնալով այդ թեմային, ասաց. «Դե, մի հիմար մի բան ասել է»: Գուցե գա նաեւ այն օրը, որ Նիկոլի բոլոր հայտարարությունները որակվեն հիմարություն, գուցե պարզվի, որ նրա ասածների մեծ մասը սուտ է: Այս ամենի ֆոնին, Եկեղեցու հանդեպ անգամ ամենաանտարբեր մարդիկ ոտքի են կանգնել: Բոլորը հասկանում են, որ երկիրն աղետի մեջ է: Ամենուր խնդիրներ են` սոցիալական, տնտեսական, անվտանգության հետ կապված եւ այլն: Նորմալ մարդիկ այս օրերին միայն մի հարց են տալիս` երկիրդ էս վիճակում, Ալիեւը նորից քեզ հայհոյում է, դու ինչո՞վ ես զբաղված, այդ ամենը թողած: Հասկանո՞ւմ եք, երկրի թիվ մեկ խնդիրները թողած՝ այս մարդը Եկեղեցին հալածելով է զբաղվում, Ալիեւն իրեն ծաղրում է, ինքը նորից Եկեղեցուն է անդրադառնում: