Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյան. Հայաստանը նպատակ ունի COP17-ը վերածել գաղափարական նշանակություն ունեցող հարթակի

Հուլիս 22,2025 11:35
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում անցկացված «Greenovate» երիտասարդական գագաթնաժողովին, որը միտված էր խթանել երիտասարդների ակտիվ ներգրավումը բնապահպանական գլոբալ գործընթացներին՝ մասնավորապես՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ գագաթնաժողովի (COP17) նախապատրաստական փուլի շրջանակում։

Գագաթնաժողովին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության կառույցների և միջազգային կազմակերպությունների գործընկերներ, ինչպես նաև բնապահպանական հարցերով հետաքրքրված երիտասարդներ Հայաստանի տարբեր համայնքներից։

Բացման արարողության ժամանակ նախարար Մաթևոսյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ կարևորելով բնապահպանական կրթության և իրազեկվածության մակարդակի բարձրացումը։ Նա ընդգծել է երիտասարդության դերը ոչ միայն բնապահպանական քաղաքականությունների ձևավորման, այլև դրանց իրագործման գործընթացներում՝ որպես գաղափարների նորարար աղբյուր և փոփոխության շարժիչ ուժ։
Իր ելույթում նախարարը ներկայացրել է նաև COP17-ի ճանապարհային քարտեզը՝ որպես միջոցառման բանախոս։ Նա առանձնացրել է Հայաստանի դիրքորոշումը և տեսլականը՝ որպես գագաթնաժողովը հյուրընկալող և նախագահող երկիր՝ նշելով, որ Հայաստանը նպատակ ունի COP17-ը վերածել գաղափարական նշանակություն ունեցող հարթակի։ Ըստ նախարարի՝ գագաթնաժողովը պետք է դառնա վերաիմաստավորման փուլ մեր հարաբերության՝ բնության հետ, և բացի լոգիստիկ կամ կազմակերպչական պատասխանատվությունից, Հայաստանը ստանձնում է առաջնորդի դեր նաև բովանդակային ու գաղափարական մակարդակներում։

Նախարարը շեշտել է, որ անհրաժեշտ է անցում կատարել հատվածական մոտեցումներից դեպի ամբողջական ու ինտեգրված էկոհամակարգային լուծումներ՝ խթանելով համընդհանուր և ներառական կառավարում։

Տիկին Ժակոբն իր ելույթում կարևորել է COP17-ին արդյունավետ և բովանդակային նախապատրաստվելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը կարող է հանդես գալ որպես առաջատար երկիր այս հարցում։

Գագաթնաժողովի շրջանակում նախարար Մաթևոսյանը մասնակցել է նաև թեմատիկ քննարկումների և հարցուպատասխանի ձևաչափով հանդիպումների, որի ընթացքում պատասխանել է ներկաների հարցերին՝ անդրադառնալով COP17-ի օրակարգին, Հայաստանի առաջնահերթություններին և երիտասարդության ներգրավման ուղիներին։

Նախարարը հանդիպումներ է ունեցել նաև «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի հիմնադիր թիմի և կազմակերպիչների հետ։ Քննարկվել են հետագա համագործակցության հնարավորություններն ու ձևաչափերը՝ հատկապես՝ երիտասարդական հարթակների և բնապահպանական նորարարական նախագծերի համատեղ զարգացման ուղղությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031