Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելիքյանը նշեց, որ լրագրողների հանդեպ տարատեսակ ճնշումները 36-ն են, ինչը 11-ով ավել է նախորդ եռամսյակի համեմատ

Հուլիս 22,2025 14:23

«Երկրորդ եռամսյակը բավականին լարված էր հասարակական, քաղաքական առումով, դա պայմանավորված էր իրավապահ մարմինների կողմից հրապարակված փաստերով եւ փաստարկներով, որոնք վերաբերում էին ենթադրյալ հեղաշրջմանը, եւ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի, եւ երկու բարձրաստիճան հոգեւորականների ձերբակալումը բավականին թեժ հանրային բանավեճ առաջացրին»,- Մեդիա կենտրոնում կայացած ասուլիսում նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը։

Նրա ձեւակերպմամբ, լարված իրավիճակը եւս մեկ անգամ ի ցույց դրեց լրատվական դաշտի բեւեռվածությունը. «Մեծ հաշվով, ոչ մի նորություն տեղի չէր ունենում այն առումով, որ կարելի էր ենթադրել, թե ինչպես իրենց կպահեն կոնկրետ լրատվամիջոցներ, որովհետեւ այս բեւեռվածության պայմաններում բնականաբար մենք հստակ պատկերացնում ենք, թե որ քաղաքական ուժի հետ է ասոցացվում կոնկրետ լրատվամիջոցը: ԶԼՄ-ների ճնշող մեծամասնությունն ուղիղ կապ ունի քաղաքական ուժերի հետ եւ օգտվում է նրանց հովանավորությունից: Ցավոք, հանրային շահը կրկին հետին պլան գնաց, եւ շատ քիչ էին այն լրատվամիջոցները, որոնք համակողմանի լուսաբանում էին թե մեկ, թե մյուս, թե երրորդ  քաղաքական ճամբարի  եւ համակիրների տեսակետները:

Այս պայմաններում թե լրագրողները, թե լրատվամիջոցները՝ կախված քաղաքական կողմնորոշումներից՝ եւ ճնշումների էին ենթարկվում,  ե՛ւ բարդություններ էին առաջանում նրանց գործունեության ընթացքում: Նորություն չէ, որ ընդդիմադիր մամուլի ներկայացուցիչները շատ բարդ հարաբերություններ ունեն իշխանական պատգամավորների եւ պաշտոնյաների հետ: Իշխանության հետ ասոցացվող ԶԼՄ-ների լրագրողներն էլ բարդությունների են բախվում ընդդիմադիր գործիչների հետ շփվելիս: Քաղաքական կողմնորոշումներով եւ այդ հարաբերություններով պայմանավորված նաեւ լինում են ճնշումները, որոնք մեր  մշտադիտարկման ընթացքում  արձանագրել ենք»

Ներկայացնելով ԽԱՊԿ 2025 թ. երկրորդ եռամսյակի զեկույցը՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին՝ Աշոտ Մելիքյանը նշեց, որ տարատեսակ ճնշումները 36-ն են, ինչը 11-ով ավել է նախորդ եռամսյակի համեմատ: Նրա խոսքով, ֆիզիկական բռնությունների թիվը 2 է, 2-ն էլ իրականացվել են իրավապահ մարմինների կողմից, ավելացել են տեղեկություններ ստանալու եւ տարածելու խախտումները: Դրանց թիվը 39 է, ինչը 10-ով ավելի է նախորդ եռամսյակի համեմատ:

Մանրամասն՝ տեսանյութում.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031