Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճանապարհի արտապատվիրակումը նույնն է, թե մենք համաձայնենք Սյունիքի կորստին»․ Գառնիկ Դանիելյան

Հուլիս 22,2025 16:24

Խոսույթը, որով Նիկոլ Փաշինյանը հանդես էր գալիս Արցախը հանձնելուց առաջ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի համար շատ նույնական է այն խոսույթին, որով նա արտահայտվում է Մեղրիի եւ «Զանգեզուրի միջանցքի» մասին։

Գառնիկ Դանիելյան

Այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում նա մասնավորաբար ասաց․ «Ասում էր՝ Արցախը Հայաստան է, խոսում էր Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի մասին, այսօր Արցախը չկա։ Ասում էր՝ միջանցքը մեզ համար կարմիր գիծ է, ՀՀ տարածքը երբեք սակարկման առարկա չեմ դարձնելու։ Հիմա էլ ասում է՝ միջանցքային տրամաբանություն գոյություն չունի, նման խոսակցություն ընդհանրապես չկա․ փաստացի իր ասուլիսում ասաց, որ խոսակցություն է գնում իբրեւ արտապատվիրակման մասին, իսկ դա նշանակում է, որ դու չես կարող վերահսկողության տակ պահել։ Ալիեւն էլ հայտարարեց, որ հայկական ուժերը չեն վերահսկելու ոչ մի բան, իրենք ոչ մաքսատուրք են վճարելու, ադրբեջանցիներին չեն ստուգելու ու փաստացի անարգել մուտք ու ելք է կատարվելու Նախիջեւան։ Աբու Դաբիում, փաստացի այս հարցերն են քննարկվել, իսկ ազգակործանն այստեղ մեզ մոլորեցնում է, ասում է՝ նման բան գոյություն չունի»։

Հիշեցնենք, բռնազավթված Արցախում օրերս տեղի ունեցած մեդիա-ֆորումի ժամանակ Իլհամ Ալիեւը ծաղրեց ՀՀ իշխանություններին, նաեւ նոր պահանջներ առաջադրեց Հայաստանին՝ Խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ Ի դեպ, Ալիեւը հայտարարեց, որ, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» ադրբեջանական հատվածը պատրաստ է եւ այդ հատվածում արտաքին այլ վերահսկողություն չի լինելու, այդ հատվածում կանգնելու են բացառապես ադրբեջանցի սահմանապահները։ Ինչ վերաբերվում է միջանցքի հայկական հատվածին՝ Ալիեւն ասաց․ «Ոչ մի ադրբեջանցի իր դիմաց չպետք է տեսնի հայ սահմանապահ, որովհետեւ դա կվտանգի ադրբեջանցիների կյանքը»։

«Ադրբեջանը հետեւողականորեն Հայաստանից ստանում է այն ամենն, ինչը որ բանավոր եւ գրավոր պայմանավորվածությամբ Հայաստանում իշխող բռնապետական վարչակազմը խոստացել է տալ։ Մենք չգիտենք, թե է՞լ ինչ է խոստացել, բայց կարող ենք փաստել, որ դրանց գործարկման հետեւանքներն անդառնալի են լինելու ՀՀ-ի համար։ Սյունիքը Հայաստանից կտրելու ցանկացած փորձ կործանարար է լինելու ՀՀ-ի համար։ Արտապատվիրակումը նույնն է, թե մենք համաձայնվենք Սյունիքի կորստին։ Իրանի հետ կապը մեզ համար անչափ կարեւոր է, կենսական նշանակություն ունեցող»,- ասաց նա։

Նրա պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ զիջումներին գնում է մեկ բանի համար՝ իր աթոռը պահպանելու։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031