Արգենտինահայ կինոգործիչ, «Սինեմատեկա Արմենիայի» հիմնադիր, դերասան, պրոդյուսեր Ջեք Պողոսյանի ջանքերով հուլիսի 22-ին արդեն 13-րդ անգամ Երեւանում անցկացվում է Ուրուգվայական ֆիլմերի փառատոն: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Ջեք Պողոսյանը, փառատոնը կբացվի Կինոյի տանը՝ Լորենցո Բալդիի «Կառնավալ եւ ազատություն» ֆիլմով: Նա ընդգծում է, որ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ ամեն տարի անցկացվում է Ուրուգվայական կինոյի փառատոն:
Ջեք Պողոսյանի խոսքով, ընտրված են ուրուգվայական լավագույն ֆիլմերը: Ինչ վերաբերվում է «Կառնավալ եւ ազատություն» ֆիլմին եւ մասնավորապես ուրուգվայական կառնավալին, Ջեքի խոսքով, այն Ուրուգվայում առանձնահատուկ նշանակություն ունի, ասոցացվում է հատկապես սեւամորթների իրավունքների ու ազատության հետ, ու տեւում է 2-3 ամիս, երաժշտությունն ու թմբուկներն էլ ավելի են ընդգծում ազատության գաղափարը: Փառատոնի ժամանակ մուգ մաշկ ունեցող մարդիկ թմբուկներ են զարկում ու փոքրիկ քայլերով առաջ շարժվում, նրանց փոքրիկ քայլերը մետաֆորիկ են, եւ խորհրդանշում են իրենց նախնիների՝ շղթայված ոտքերով քայլքը:
Հուլիսի 23-ին Իսպանական կենտրոնում ուսանողների համար կցուցադրվի Գիլերմո Ռոկամորայի «Մեր երգերը» կոմեդիան: Այն պատմում է մասնագիտական ճգնաժամի միջով անցնող 18-ամյա Մանուելի մասին: Նա Սեզարի հետ միասին որոշում է երաժշտախումբ ստեղծել, սակայն նրանց միջեւ եղած տարիքային տարբերությունը ոչ միայն բարդացնում է համատեղ կյանքն ու աշխատանքը, այլեւ վտանգում խմբի ապագան: Ջեք Պողոսյանն ասում է, որ այս ֆիլմը նաեւ սիրված երաժշտական ստեղծագործություններ վայելելու հնարավորություն է
Հաջորդ երկու ֆիլմերը կրկին կցուցադրվեն Կինոյի տանը՝ հուլիսի 24-ին եւ 25-ին: Հուլիսի 24-ին ցուցադրվող ֆիլմը Անա Գարսիա Բլայայի «Ուրուգվայցի կինն» է, որը ստեղծվել է Պեդրո Մայրալի համանուն բեսթսելերի հիման վրա: «Սինեմատեկա Արմենիայի» հիմնադրի ձեւակերպմամբ, անպայման արժի դիտել այս խաղարկային ֆիլմը, որը պատմում է սիրո, հիասթափությունների մասին, այս պատմությունը նաեւ կանացի տեսանկյունից «ճգնաժամի մեջ գտնվող տղամարդու» նարատիվի մասին է:
Կարդացեք նաև
Հուլիսի 25-ին ցուցադրվող Խուան Իգնասիո Ֆերնանդես Հոպպեի՝ բազմաթիվ կինոմրցանակներ ստացած «Հորս դիմանկարը» վավերագրությունը կփակվի Ուրուգվայական ֆիլմերի 13-րդ փառատոնը: Ջեքը շատ ուժեղ ֆիլմ է որակում «Հորս դիմանկարը»: Ռեժիսորը վերադառնում է իր մանկության ցավալի հիշողություններին՝ փորձելով վերակերտել վաղաժամ մահացած հոր կերպարը եւ բացահայտել նրա մահվան մութ հանգամանքները։ 8-ամյա երեխայի հոր դին գտնում են ծովափին՝ կողքին հոգեմետ դեղեր: Մահացածի հոգեբույժ կինը հրաժարվում է դիահերձումից, նաեւ կասկածներ են պտտվում, որ տղամարդն ինքնասպան է եղել: Տարիներ անց Խուանը, պատանեկության հիշողություններով եւ հոր իրերով լի արկղով «զինված»՝ փորձում է ինչ-ինչ բացահայտումներ անել։
Ջեք Պողոսյանը նշեց, որ Ուրուգվայական ֆիլմերի հայաստանյան փառատոնի կայացման գործում իրեն աջակցել են Հայաստանում Ուրուգվայի եւ Ուրուգվայում Հայաստանի դեսպանները, AGBU Ուրուգվայը, Հայաստանի կինոգործիչների միությունն ի դեմս Հարություն Խաչատրյանի, ուրուգվայցի Դանիել Սուլամյանը եւ Ալիսիա Աբրահամյանը: Մուտքը ֆիլմերի դիտմանն ազատ է, ֆիլմերը ցուցադրվում են բնագիր լեզվով ու հայերեն ենթագրերով:
Ջեք Պողոսյանը նաեւ ուրախությամբ նշեց, որ այս աշնանն առաջին անգամ կիրականացնի Հայկական ֆիլմերի փառատոն Ուրուգվայում: Հավելեց, որ մշտապես առանձին հայկական ֆիլմեր ցուցադրվել են, բայց փառատոնն առաջին անգամ է կայանալու:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ