Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաղուց այս գործը կարճած կլինեի». ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի պատասխանը Վահե Դոլմազյանի հարցին, թե ի՞նչ կմտածեր, եթե ինքը լիներ նիստը վարող դատավորը

Հուլիս 22,2025 21:35

Հակակոռուպցիոն դատարանում Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը:

Երբ նիստի քարտուղարը դատարանին տեղեկացրեց, որ ամբաստանյալի երեք պաշտպանները չեն ներկայացել, Ռուբեն Վարդազարյանը դատարանին տեղեկացրեց, որ երեկ է իրեն պարզ դարձել, որ աշխատանքային խիստ ծանրաբեռնվածության պատճառով իր պաշտպանները չեն կարող ներկայանալ այսօրվա դատական նիստին:

«Այդ իսկ պատճառով խնդրել եմ Տիրայր Կարապետյանին, որպեսզի ներգրավվի որպես փաստաբան, որպեսզի թյուր տպավորություն չստեղծվի, որ դատական նիստը հետաձգելու միտումնավոր քայլեր են կատարվում: Խնդրում եմ Տիրայր Կարապետյանին ներգրավել որպես փաստաբան՝ ինձ պաշտպանելու»,-դիմեց նա դատարանին:

Ծանոթանալով Փաստաբանների պալատի անդամ Տիրայր Կարապետյանի արտոնագրի եւ վկայականի  պատճեներին՝ դատարանը բավարարեց Ռուբեն Վարդազարյանի միջնորդությունը եւ Տիրայր Կարապետյանին ներգրավեց որպես փաստաբան:

Նկատի առնելով, որ Տիրայր Կարապետյանը այս պահից Ռուբեն Վարդազարյանի պաշտպանն է, դատավոր Վահե Դոլմազյանը նրան տեղեկացրեց, որ սույն գործի քննությունը գտնվում է դատական վիճաբանությունների փուլում եւ այսօրվա դատական նիստում մեղադրական ճառով հանդես է գալու հանրային մեղադրող Արման Բաղդասարյանը:

 

Իսկ մի փոքր ավելի վաղ դատավոր Վահե Դոլմազյանը Ռուբեն  Վարդազարյանին հարցրել էր, որ եթե նա լիներ նախագահող դատավորը, նման պայմաններում՝ պաշտպանների բացակայության պայմաններում ի՞նչ կմտածեր, ինչին Ռուբեն Վարդազարյանը առանց երկմտելու պատասխանել էր. «Վաղուց այս գործը կարճած կլինեի: Բայց առնվազն հաջորդ նիստին այդ հարցը կուղղեի փաստաբաններին: Եթե նրանց պատասխանները չբավարարեին, ապա վարույթով նախատեսված գործիքակազմը կօգտագործեի»:

Հանրային մեղադրողը իր ճառում հայտարարեց, որ ներկայացվող մեղադրանքը հիմնավորվել է ինչպես նախաքննությամբ, այնպես էլ դատավարության ընթացքում հետազոտված ապացույցներով, որ մեղսագրված արարքը որակված է ճիշտ: Ապա միջնորդեց Ռուբեն Վարդազարյանին մեղավոր ճանաչել եւ նշանակել պատիժ ազատազրկում երկու տարի ժամկետով, ինչպես նաեւ որպես լրացուցիչ պատիժ նշանակել հետագայում համապատասխան ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկել երեք տարի ժամկետով:

Այդքանով այսօրվա դատական նիստն ավարտվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 31-ին, ժամը 14:00-ին, որի ընթացքում պաշտպանական ճառով հանդես կգա պաշտպանական կողմը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031