«Մինչեւ 2018 թիվը Ալիեւը ուրիշ կերպար էր, 2020 թվից հետո լրիվ ուրիշ է դարձել: Ալիեւի բոլոր մեկնաբանությունները հայ ժողովրդի մասին չեն, Ալիեւի մեկնաբանությունները Հայաստանի ներկա ղեկավարության, ներկա իշխանության մասին են: Ալիեւը լավ գիտի, թե հայ ժողովուրդը ով է: Նրա հայրն էլ գիտեր՝ հայ ժողովուրդն ով է, նրանց նախորդ բոլոր ղեկավարներն էլ գիտեին, թե հայ ժողովուրդն ով է»,- ասաց արցախցի հասարակական-քաղաքական գործիչ, «Վերածնվող Արցախ» հ/կ նախագահ Անաստաս Իսրայելյանը՝ «Հայելի» ակումբում մեկնաբանելով օրերս Ստեփանակերտում Իլհամ Ալիեւի արած ամբարտավան հայտարարությունները Նիկոլ Փաշինյանի հասցեին եւ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքից» իր ակնկալիքների մասին:
«Ալիեւի հայտարարությունները կոնկրետ հասցեատեր ունեն: Կոնկրետ ձեռք առնելով, կոնկրետ հանդիպումներում, տարբեր տեղերում հարցազրույցներում նրա ծաղրական մեկնաբանությունները ներկա իշխանությունների մասին են: Ինձ համար սա խայտառակություն է: Այն, որ Ալիեւն ասում է, որ ինքը ոչ թե Նիկոլ Փաշինյանին է հաղթել, այլ նախկին ղեկավարներին, դա ցույց է տալիս, որ խնդիրը ուժեղ առաջնորդ, երկրի ուժեղ ղեկավար ունենալու մեջ է: Ես միշտ ասում եմ, որ այն իրավիճակը, որի մեջ մենք հայտնվել ենք, դա ժողովրդի մեղքը չի, դա իշխանությունների մեղքն է:
Այսօր երբ մենք բարձրաձայնում ենք արցախահայության իրավունքների, նրանց չարտագաղթելու, Մայր Հայաստանում մնալու կարեւորության մասին, մեզ ուզում են համոզել, որ հնարավորություններ չկան կամ սուղ են ու մենք պիտի հարմարվենք: Սուտ են ասում: Պատրաստ են իրենց աթոռը պահելու համար աննպատակ միլիարդներ ծախսել: Սա ստորություն է սեփական ազգի նկատմամբ»,-ասաց պարոն Իսրայելյանը:
Խոսելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու, Էջմիածնում Վեհարանի վրա գրոհելու իշխանության մտադրության մասին՝ Անաստաս Իսրայելյանը վստահեցրեց, որ դա չի ստացվելու, իրենք, ժողովուրդը նման բան չի թողնելու: Եվ վստահեցրեց. «Մենք ունենալու ենք էլի հաղթանակներ, հպարտանալու առիթներ, բայց ոչ ներկա իշխանության օրոք: Մենք այսօր ունենք մի խնդիր, որը բերում է տասնյակ խնդիրներ, որոնք տանում են ազգի կործանման: Արցախը կործանելուց, Արցախի ժողովրդի՝ այս վիճակում հայտնվելուց հետո եթե մենք հետագա պրոցեսները չխոչընդոտենք, չխանգարենք, ամեն մեկիս սպասվում է նույն ճակատագիրը», ասաց բանախոսը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ