Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. Փառք քեզ Տեր ամեն բանի համար, որովհետև ես հաշտ եմ իմ հայրերի և եղբայրների ու քրոջս հետ լինել կալանքի և խաչի ճանապարհում և մնալ Քեզ հետ, քան ուրացողների հետ բաժին ունենալ

Հուլիս 23,2025 09:30

Սրբազան Պայքարի առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։

 

30 տարի անց…

Այսօր լրացավ քահանայական ձեռնադրությանս 30-րդ տարեդարձը… «ազատ ու անկախ» Հայաստանի կալանավայրերից մեկում։ Ամենավատ երազում անգամ չէի կարող պատկերացնել, որ կհասնեմ այս հանգրվանին։ Սակայն, մյուս կողմից էլ ներկայիս աղետի՝ բոլոր առումներով աղետի պայմաններում, չէի էլ կարող պատկերացնել այլ վայրում գտնվելս։

Դեռ 1988թ.-ից 17-ամյա երիտասարդ լինելով պայքարել ու կռվել եմ ազատ, անկախ, ինքնիշխան, իր ազատագրված Արցախով՝ մեծ և հզոր, ազգերի շարքին վեհորեն քայլող Հայաստանիս համար։

1995թ.-ին Սուրբ Էջմիածնի Սուրբ Սեղանի առջև օծվելով ՊԱԿ-ի բանտերում նահատակված Բագրատ արք. Վարդազարյանի անունով՝ ուխտեցի ծառայել Աստծո փառքի և իմ համբուրելի ժողովրդի շահի համար, ում սիրել եմ իմ կյանքից առավել։

Խոնարհվել եմ ու ուխտել ամեն բանի համար փառք տալ իմ հարուցյալ և հաղթանակած Տիրոջը՝ անխտիր բոլոր հանգամանքներում և պարագաներում։

Գործել եմ սխալվելով, մեղքերով, անկումներով և փորձություններով և այդ բոլորը համարել եմ իմը և միայն իմը։

Իսկ յուրաքանչյուր ամենափոքրիկ իսկ հաջողություն համարել եմ Աստծունը և Իր պարգևը։

Հաջողվել է կամ ոչ՝ իմ դատավորը Աստված է և պատմությունը։

Այսօր հետահայաց քննությամբ՝ ես ապրում եմ գողացված կենսագրության և պատվի, փշրված երազների և աղճատված տեսիլքի, կորսված Արցախ պաշտելի Հայրենիքիս և բզկտված ու բզկտվող Հայաստան աշխարհիս իրականության մեջ՝ թշնամական բանտերում գտնվող եղբայրներիս անարգանքով, բազմահազար նահատակ եղբայրներիս ու հայրերիս արյան դիմաց գլխահակ, անհայտության մեջ գտնվող զավակների վերադարձի անորոշությամբ պատված, վիրավոր ընկերներիս դիմաց՝ անպատասխան, ծանր բեռի տակ կքած ժողովրդի մոլորված ու խաբված հոգեվիճակին անարձագանք։

Ճշմարտությունը բռնաբարված է, արդարությունը՝ կողոպտված, սերը՝ քայքայված, հավատքը՝ խոցված, հույսը՝ բեկված։

Այս բոլորով հանդերձ չի մեռել մեր կամքը, անսասան հավատքը, չեն կարող սպանել մեր ձգտումներն, իղձերն ու երազները կերտելու և վերածնելու, ապաքինելու և վերստին կենսավորելու մեր Մոր՝ Մայր Հայաստանի կյանքն ու ընթացքը, և որ մեր կյանքից անպայման ու անխուսափելիորեն «կհալչի մեղքը, կհալածվեն դևերը, կջնջվեն հանցանքները, կխզվեն կապանքները, կխորտակվեն շղթաները, կբժշկվեն հարվածները, կվերանա ապականությունը, կչքանա տխրությունը, կփախնի խավարը, կմեկնի մեգը, կմերժվի մառախուղը, կփարատվի մռայլությունը, կվերանա մութը, կգնա գիշերը, կցրվի տագնապը, կչքանա չարիքը, կհալածվի հուսահատությունը… կթագավորի Աստծո ամենակարող ձեռքը»։

Ո՛վ Տեր, ինչպես 30 տարի առաջ որպես մի 24-ամյա երիտասարդ ամբողջությամբ մերկացած բացականչեցի, այսօր ևս, արդեն 54-ամյա բազում ճանապարհներով Քո իսկ ամենախնամ ձեռքով առաջնորդված անարժան ծառա նույնությամբ կրկնում եմ. «Տերն է իմ լույսը և իմ կյանքը, ես ումի՞ց եմ երկյուղելու, Տերն է իմ կյանքի ապավենը, ես ումի՞ց եմ դողալու»։

Փառք քեզ Տեր ամեն բանի համար, որովհետև ես հաշտ եմ իմ հայրերի և եղբայրների ու քրոջս հետ լինել կալանքի և խաչի ճանապարհում և մնալ Քեզ հետ, քան ուրացողների հետ բաժին ունենալ։

Քեզ եմ հանձնել իմ անձը ու չեմ զղջացել՝ Աստված իմ և Թագավոր իմ, Կյանք իմ և Ապավեն իմ, Հույս իմ և Վստահություն իմ՝ Հիսուս Քրիստոս Աստվածդ ամենքի։

Այո՛, ես անսակարկ և անհողդողդ հավատում եմ և ապրում եմ Հոգևոր Հայաստանի, Տաճարի և Եռագույնի Հաղթանակով։

Եվ այդ Հաղթանակն այլընտրանք չունի…

 

Հայրենիքի կալանավոր

Բագրատ արք. Գալստանյան

 

23.07.2025.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031