Հայտնի է, որ Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը վիրավորանքի եւ զրպարտության համար շուրջ 10 դատական հայց է ներկայացրել քաղաքացիական դատարան։ «Զրպարտիչների» խմբում իշխանական պաշտոնյաներ են եւ ՔՊ-ի քարոզիչներ եւ ՔՊ-ի լրատվամիջոցը` Civic․am-ը: Մասնավորապես Արսեն Թորոսյանի հաշիվների վրա դատարանն արդեն 9 միլիոն դրամի արգելանք է կիրառել։
Վերջինիս պարագայում՝ պատճառն ԱԺ ամբիոնից հուլիսի 4-ին արված այս պնդումն է. «Ես 2 հայտարարության եմ ուզում անդրադառնալ, որոնց հեղինակների պորտը ոնց որ թե Լուբլյանկայում են կտրել, ФСБ-ի շտաբ կվարտիրայում, որը գտնվում է Մոսկվայում։ Առաջինի անունը Արշակ ա… Հիմա մյուս հերոսին անդրադառնամ, նույն ինքը Սամվել Կարապետյանին»։
Արսեն Թորոսյանի կարծիքով՝ իր այս հայտարարությունը քաղաքական է, եւ կոչ է արել «մեր քաղաքական հայտարարություններին քաղաքական պատասխան տուր»: Նա մասնավորապես գրել է. «Այս դատական պրակտիկային դեռ կանդրադառնանք, երբ հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում։
Ես նույնպես միջնորդել եմ դատարանին, որպեսզի վերացնի հայցի ապահովման անհիմն այդ որոշումը, որովհետև չեմ պատրաստվում գույքս վաճառել ու փախնել Հայաստանից, հատկապես Սամոյի ահից 🙂»:
Կարդացեք նաև
Factor TV-ն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի միջոցով փորձել է պարզել, թե Թորոսյանին առնչվող ինչ ընկերություններ կան, որոնց վրա տարածվել է արգելանքը։
«Այսպես՝ 9 մլն դրամի չափով կալանք է դրվել «Թիքեթս Ռիթեյլ Գրուպ» ՍՊԸ-ի վրա։ Սակայն նշենք, որ Արսեն Թորոսյանն այս ընկերությունից դուրս է եկել 2014 թվականին։ Այս առնչությամբ Թորոսյանը Factor TV-ին փոխանցեց։
«Դա դատարկ ընկերություն է՝ գործունեություն չծավալած, բայց քանի որ մյուս բաժնետետերը չեն զբաղվել, ես հրաժարվել եմ իմ բաժնետոմսերից հօգուտ ընկերության։ Ես դրա հետ կապ չունեմ»,-ասաց նա։
Կալանքի տակ է հայտնվել նաև «Նանե» կրթական հիմնադրամը։ Թորոսյանից հետաքրքվեցինք՝ ի՞նչ կապ ունի այս կազմակերպության հետ։
«Հիմնադրամի խորհրդի նախագահն եմ եղել, որի հետ արդեն երկու տարի կապ չունեմ»,-ասաց նա»։
Ուշագրավ է, որ Կարապետյանի հայցապահանջի շրջանակներում կալանք է դրվել նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գույքի վրա՝ կրկին 9 մլն դրամի չափով։ Կուսակցության գույքի վրա արգելանք է դրվել, քանի որ Թորոսյանը համարվում է կուսակցության ղեկավար մարմնի՝ վարչության անդամ։