Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտնում է.
«Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Արբիտրաժային գործի քննությունը Կարապետյանների ընտանիքը նախաձեռնել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում (SCC)` Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև 1995թ․ հունվարի 18-ին կնքված Ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրով սահմանված կարգով։ Գործի քննությանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչը։
2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։
Արբիտրաժը եկել է այն եզրահանգման, որ անհրաժեշտ է կիրառել ապահովման անհետաձգելի միջոցներ, քանզի Հայաստանի Հանրապետության գործողությունները «Հայաստանի և Կիպրոսի միջև գործող փոխադարձ ներդրումների փոխադարձ պաշտպանության համաձայնագրին համապատասխանելու լուրջ կասկածներ են առաջացնում»։ Արբիտրաժը նաև նշել է, որ «ապահովման անհետաձգելի միջոցների բացակայության պայմաններում հայցվորների համար դժվար է լինելու ստանալ վնասի ամբողջական հատուցում, եթե նրանք կորցնեն ընկերության նկատմամբ վերահսկողությունը, կամ, ինչն ավելի վատ է՝ դադարեն լինել դրա սեփականատերը»։
Կարդացեք նաև
Արտակարգ արբիտրաժի որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման»։
Civilnet-ը, մասնավորապես, հայտնում է. Սամվել Կարապետյանի հաղթանակը միջազգային դատարանում. միջանկյալ որոշում, որը կարող է փոխվել
«Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը չի հրապարակել հրատապ որոշումը։ SCC-ի կայքում այն ևս հասանելի չէ, քանի որ ըստ SCC-ի կանոնակարգի՝ որոշումները հրապարակման ենթակա չեն, եթե չկա կողմերի համաձայնությունը։
#CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան՝ SCC-ում, հղում անելով իրենց կանոնակարգը, նշեցին, որ չեն կարող հաստատել կամ հերքել որևէ գործի գոյությունը։
Ստոկհոլմի արբիտրաժի կանոնակարգի մասին
ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը ուսումնասիրեց SCC-ի կանոնակարգը և ներկայացնում է մանրամասներ հրատապ արբիտրաժի գործընթացի վերաբերյալ։
Ստոկհոլմի առևտրի պալատի (SCC) արտակարգ արբիտրաժը նախատեսված է այն դեպքերի համար, երբ կողմերից մեկը պահանջում է շտապ ժամանակավոր միջոցներ՝ մինչև վեճի բուն քննությունը։
SCC-ի կանոնակարգի 4-րդ և 8-րդ հոդվածների համաձայն՝ դիմումը ստանալուց հետո SCC-ն 24 ժամվա ընթացքում նշանակում է հրատապ արբիտր։ Վերջինս կողմերին լսում է արագացված ընթացակարգով (հեռակա կարգով, առանց լսումների, եթե անհրաժեշտ է) և մինչև հինգ օրվա ընթացքում կայացնում է որոշում միջանկյալ միջոցներ կիրառելու կամ չկիրառելու վերաբերյալ։
Հրատապ արբիտրաժի որոշումը չի համարվում վերջնական վճիռ, սակայն պարտադիր է կողմերի համար՝ ընդունման պահից սկսած։
SCC-ի կանոնակարգը սահմանում է, որ հրատապ որոշումը դադարում է պարտադիր լինել, եթե՝
(i) հրատապ արբիտրը կամ Արբիտրաժային դատարանը նման որոշում կայացնեն,
(ii) Արբիտրաժային դատարանը կայացնի վերջնական վճիռ,
(iii) արբիտրաժի վարույթը չսկսվի հրատապ որոշման ընդունման պահից 30 օրվա ընթացքում, կամ
(iv) գործը չփոխանցվի Արբիտրաժային դատարանին հրատապ որոշման ընդունման պահից 90 օրվա ընթացքում։
Ստոկհոլմի պալատի հրատապ արբիտրի որոշումը չի նշանակում, որ ՀԷՑ-ը վերջնականապես հաղթել է ՀՀ կառավարությանը։ Սա միայն ժամանակավոր միջոց է, որը նպատակ ունի կանխել հնարավոր անդառնալի հետևանքները մինչև լիարժեք արբիտրաժային քննության մեկնարկը։
SCC-ի կանոնակարգի համաձայն՝ կողմերից որևէ մեկը (ՀԷՑ-ը կամ ՀՀ կառավարությունը) պետք է սկսի լիարժեք արբիտրաժային վարույթ։ Եթե այդ վարույթը չի սկսվում հրատապ որոշման ընդունումից 30 օրվա ընթացքում, ապա որոշումը դադարում է պարտադիր լինել։ Եթե գործը չի փոխանցվում հիմնական Արբիտրաժային դատարանին՝ 90 օրվա ընթացքում, ապա որոշումն ուժը կորցնում է։
SCC կանոնակարգը սահմանում է, որ լիարժեք արբիտրաժային դատարանը կազմավորվում է առանձին կարգով և քննում է վեճի էությունը՝ կողմերի ներկայացրած բոլոր փաստաթղթերի, վկայությունների և իրավական հիմնավորումների հիման վրա։ Դատարանը կարող է հաստատել, փոխել կամ չեղարկել հրատապ որոշումը՝ նոր, վերջնական վճռով»։