Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բուհերում թափուր է մնացել 2355 տեղ, որից 1867-ը պետական, 488-ը՝ ոչ պետական բուհերում. ԳԹԿ մամուլի պատասխանատու

Հուլիս 23,2025 13:34

Հուլիսի 20-ից սկսվել է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի՝ թափուր տեղերի մրցույթին մասնակցելու դիմում-հայտերի ընդունման գործընթացը: Լրացուցիչ փուլի մասնակից դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի՝ մինչեւ վեց մասնագիտություն, եթե նշված մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, եւ այդ մասնագիտություններում ուսումը շարունակելու համար պահանջվող քննական առարկաներից ունի դրական միավորներ։

Լրացուցիչ մրցույթին կարող են մասնակցել ինչպես հիմնական մրցույթը չհաղթահարած դիմորդները, այնպես էլ հիմնական փուլում բուհ եւ մասնագիտություն չհայտագրածները։ Մրցույթի կազմակերպման ընթացքում նախապատվությունը տրվելու է հիմնական մրցույթից դուրս մնացածներին։ Հայտագրման գործընթացը կավարտվի հուլիսի 26-ին, ժամը 18-ին։

«Հուլիսի 18-ին ամփոփվել է հիմնական, այսինքն` մեկ մասնագիտության համար մրցույթը: Հիմնական մրցույթի ամփոփումից հետո պարզվել է, որ 2355 թափուր տեղեր են մնացել, որից 1867-ը պետական եւ 488-ը ոչ պետական բուհերում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը:

Նա տեղեկացրեց, որ 2355 թափուր տեղերից 265-ը անվճար է, պետպատվերով, 2090-ը՝ վճարովի: Ինչ վերաբերվում է պետական բուհերին, պատկերը հետեւյալն է: «ԵՊՀ-ում թափուր մնացած տեղերը վճարովի են՝ 135 թափուր տեղ, ամենաշատը ֆիզիկա եւ ֆարմացիա բաժիններում: Ֆարմացիայում, օրինակ, չլրացված 15 տեղ կա: Նույն կերպ Ֆարմացիա մասնագիտությամբ թափուր տեղեր կան Երեւանի պետական բժշկական համալսարանում՝ 15 վճարովի տեղ:

Պոլիտեխնիկում 63 անվճար թափուր տեղ կա, 237 տեղ էլ վճարովի, ամենաշատը Պոլիտեխնիկում տնտեսագիտություն մասնագիտությունից են թափուր տեղեր մնացել՝ 71, նաեւ թափուր տեղեր կան լոգիստիկա մասնագիտությամբ՝ 15 տեղ: Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում 2 անվճար, 133 վճարովի տեղ կա: Ամենաշատը տեղեկատվական համակարգեր մասնագիտությունից են թափուր տեղերը չլրացված մնում՝ 24 տեղ: Տնտեսագիտականում 21 վճարովի տեղ կա թափուր, որից 17-ը բնապահպանություն եւ բնօգտագործում մասնագիտությամբ, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում 22 անվճար, 208 վճարովի թափուր տեղ կա, ամենաշատ պատմություն մասնագիտության գծով են թափուր տեղերը՝ 33: Բրյուսովում ամենաշատ Սերվիս մասնագիտությամբ են թափուր տեղերը: Ընդհանուր առմամբ 2 անվճար, 280 վճարովի տեղ է մնացել»,-ի թիվս այլնի հայտնեց ԳԹԿ մամուլի պատասխանատուն:

Նա տեղեկացրեց, որ մարզային բուհերում եւս բազմաթիվ թափուր տեղեր կան՝ Շիրակի, Վանաձորի պետական համալսարաններում, Գավառում: Ընդ որում, ամենաշատ թափուր տեղերը Գավառում անգլերեն լեզու եւ գրականություն մասնագիտության գծով են՝ 7 տեղ:

Խաչանուշ Գրիգորյանի ձեւակերպմամբ. «Առհասարակ բուհերի մեջ ամենաշատ թափուր տեղերը Ագրարային համալսարանում են՝ 85 անվճար եւ 226 վճարովի տեղեր: Ագրարային մասնագիտությունների զարգացման, ընդհանրապես ոլորտի կարեւորությունը նկատի ունենալով՝ այստեղ մասնագիտություններ կան, որոնց համար ուսանողական կրթաթոշակ է սահմանված, բայց չնայած այդ հանգամանքին՝ 85 անվճար տեղ թափուր է այդ մասնագիտությունների գծով»:

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ դիմորդներ կան, որ հետեւողականորեն տարիներով պայքարում են իրենց միակ մասնագիտության համար եւ անգամ հրաժարվում են հեռակա բաժիններ դիմել՝ նույն իրենց միավորներով, որոնցով դուրս են մնացել հիմնական մրցույթից: «Մեզ նաեւ շատ են դիմում, զանգում են, գալիս են, ասում են՝ մի քննությունից դիմորդը 6,5 է ստացել, բայց մյուս քննությունից, օրինակ 15: Դա նշանակում է, որ մի քննությունից տվյալ դիմորդն անբավարար է ստացել, եւ հանձնված քննությունների միավորների հանրագումարով չի կարող է մասնակցել լրացուցիչ փուլին»,-ասաց ԳԹԿ մամուլի պատասխանատուն:

Մրցույթի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 30-ին, եւ դրանով ընդունելություն 2025-ը կհամարվի ավարտված:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031