Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Բոզոյան. Սամվել Կարապետյանի հայտարարությունը աշխարհի որեւէ երկրում որ դնես ու քրեական հետապնդում լինի, միանգամից հսկայական աղմուկ կբարձրանա

Հուլիս 23,2025 16:25

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը «Հայելի» ակումբում խոսելով Հայաստանում օրերս ՀՀ ԳԽ եւ ԱԺ գումարումների նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին, նրանից առաջ՝ հայտնի գործարար եւ ազգային մեծ բարերար Սամվել Կարապետյանին, ավելի վաղ երկու սրբազանների ու էլի մի քանի տասնյակ քաղբանտարկյալների կալանավորելու եւ այդ ամենի ֆոնին միջազգային հանրության լռության մասին՝ ասաց. «Արեւմուտքից արդեն իմաստ չունի վիրավորվել, որովհետեւ նույն Մոլդովայում 70-ից ավելի լրատվամիջոց, մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ են փակվել իբրեւ թե հակապետական գործունեության համար: Էլ չեմ ասում, որ Մոլդովայում կիսատոտալիտար ռեժիմ է հաստատված, որտեղ մարդու իրավունքները ուղղակի կապիկի մակարդակի են իջեցված:

Ընդհանրապես Արեւմուտքը այս տիպի երկրներին՝ Մոլդովային, Հայաստանին, Վրաստանին, Ուկրաինային համարում է որպես մանրադրամ: Երրորդ ռեյխի նացիզմի գաղափարախոսությունն այսօր վերափոխվել է դեմոկրատական շղարշով: Արտաքուստ գեղեցիկ է հնչում՝ դեմոկրատական արժեքներ, դեմոկրատական համակարգեր, բայց իրականում իրենք այլ ժողովուրդների հանդեպ վերաբերվում են որպես միս, որը կարելի է օգտագործել այս կամ այն խնդիրների հետ կապված. Չինաստանի դեմ, Ռուսաստանի դեմ, Իրանի դեմ, այլ երկրների դեմ՝ նայած, թե այդ պահի դրությամբ արեւմտյան երկրներին որն է շահեկան:

Ավելին ասեմ: Տրանսֆորմացիան այն մակարդակի է հասել, որ նույն արեւմտյան երկրներում՝ իրենց տարածքներում արդեն սկսել են հետապնդել այն մարդկանց, որոնք առողջ պատկերացումներ ունեն ու առողջ հարցադրումներ են անում: Ես օրինակ կարող եմ բերել, որ Ֆրանսիայում ամենախոշոր կուսակցություններից մեկի առաջնորդի դեմ քրեական վարույթ է սկսված, որի գլխավոր նպատակն այն է, որ 2027 թվականի նախագահական ընտրություններին նա չկարողանա մասնակցել: Դա նույնն է, ինչ արեցին Ռումինիայում: Ռումինիայի հիմնական ընդդիմադիր լիդերին, որ պետք է հաղթեր ընտրություններում, վերջին պահին թույլ չտվեցին եւ այդ ընտրություններն անցան խայտառակ մակարդակով: Հիմա հարց: Որեւէ մեկը արձագանքե՞ց:

Մենք հիմա ականատես ենք Հայաստանում այն իրավիճակին, որ տեսնում ենք, թե ինչ ցինիկ մակարդակի է արեւմտյան եւ միջազգային կառույցների լռությունը, թե ինչ է կատարվում Հայաստանում: Ռուբեն Հակոբյանին, Միքայել Աջապահյանին, Սամվել Կարապետյանին նույն հոդվածն է դրած, որն, ըստ էության, ծիծաղելի է: Այդ մարդիկ 100 տոկոսանոց քաղբանտարկյալներ են, որովհետեւ ոչ մի հակաիրավական, ոչ մի հակասահմանադրական քայլ չեն արել:

Սամվել Կարապետյանի հայտարարությունը աշխարհի որեւէ երկրում որ դնես ու քրեական հետապնդում լինի, միանգամից հսկայական աղմուկ կբարձրանա: Եթե դու այդ տիպի հայտարարությունը դատապարտում ես, դա նշանակում է, որ ցանկացած մարդու իրենք կարող են ձերբակալել: Ռուբեն Հակոբյանի մեղադրանքը նույնպես ծիծաղելի է, որովհետեւ ըստ էության, այդ մարդը ոչ թե կոչով էր դիմում, այլ ընդհանրապես վերլուծում էր, թե ինչ է սահմանադրության խախտումը, իշխանության լեգիտիմության պակասի խնդիրը: Եվ ինչպես պետք է այս խնդիրները լուծել: Մարդը անալիզ է անում: Նույնը կարելի է ասել Միքայել Աջապահյանի մասով:

Ես կարծում եմ, որ հետփաշինյանական Հայաստանը պիտի հետեւություն անի իր համար»,-ասաց Երվանդ Բոզոյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031