«Գեղարդ» հիմնադրամը դիմում-բողոք է ներկայացրել Վրաստանի Շոթա Ռուսթավելիի ազգային գիտական հիմնադրամ, Վրաստանի Գիտությունների ակադեմիա, Սուխումի պետական համալսարան (գործում է Թբիլիսիում), Իվ․ Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի Պատմության ինստիտուտ։
Վրաստանում լույս տեսնող «Կովկասը և աշխարհը» միջազգային գիտական ամսագրում վերջին տարիներին հրապարակվել են ավելի քան մեկ տասնյակ «գիտական» հոդվածներ, որոնք քաղաքականապես մոտիվացված, ընդգծված հակահայկական ուղղվածություն ունեն։ Այդ հրապարակումները ոչ միայն գիտական չեն, այլև պարունակում են բացահայտ կեղծիք, ընդգծված թշնամական վերաբերմունք Հայաստանի Հանրապետության ու հայերի նկատմամբ։
Ամսագրի գլխավոր խմբագիրը պատմագիտության դոկտոր, Սուխումի պետական համալսարանի պրոֆեսոր Գուրամ Մարխուլիան է, որի գիտական աշխատանքներն ու հրապարակային ելույթները հաճախ թիրախավորում են հայերին։ Նա համագործակցում է Ադրբեջանի իշխանությունների կողմից ստեղծված «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության հետ և այդ կառույցի պատվավոր անդամ է։
Հանդեսն արխիվացվում և ինդեքսավորվում է մի շարք բազաներում, ներառյալ՝ Index Copernicus, WorldCat և այլն։
Կարդացեք նաև
Հրապարակված հոդվածներում, մասնավորապես՝
- Armenia and Azerbaijan in a geopolitical battle. Zangezur corridor (DOI: https://doi.org/10.52340/isj.2024.29.12), վերարտադրված են ադրբեջանական մի շարք տեսակետներ և հավակնություններ՝ Հայաստանի Հանրապետության ու հայերի նկամտմաբ։
- ACTS OF GENOCIDE COMMITTED BY ARMENIANS AGAINST THE JEWS AND HISTORICAL CLAIMS TO THEM (1st half of the 20th century) (DOI: https://doi.org/10.52340/isj.2022.26.12). հոդվածն առհասարակ որևէ առնչություն չունի գիտական չափանիշների հետ։ Այստեղ, առանց որևէ փաստարկի և ապացույցի, հայերը մեղադրվում են հրեաների ցեղասպանության մեջ։ Բացի այդ՝ հեղինակը «Armenians» էթնոնիմի հետ օգտագործում է բացառապես ադրբեջանցիների կողմից օգտագործվող «Khaikans» տերմինը, որը գոյություն չունի։ Պետք է ենթադրել, որ այն հեղինակի կողմից հորինված է և ռասիզմի ու ատելության դրսևորում է։
- Armenia at the crossroads: between great power ambitions and transformation into a modern state (DOI: https://doi.org/10.52340/isj.2022.26.05) հոդվածում Հայաստանը որակվում է որպես հետադիմական երկիր։
- Armenian Geopolitical Interests in Occupied Abkhazia DOI: https://doi.org/10.52340/isj.2024.28.19 հոդվածում հայերին զրպարտում են Վրաստանում անջատողականություն հրահրելու և դրան աջակցելու մեջ։
- The Real Truth Is Not In Fairy Tales, But In Facts: On the History of Karabakh․ DOI: https://doi.org/10.52340/isj.2022.24.11 հոդվածում ժխտվում է Հայոց ցեղասպանության փաստը, հայերը մեղադրվում են ցեղասպանության միֆաստեղծման մեջ, հերքվում է հայերի բնիկությունը Հայաստանում։
Այս նամակով հրավիրում ենք Վրաստանի մեր գործընկերների և գիտության ոլորտի պատասխանատուների ուշադրությունը «գիտական» ներկայացող հանդեսի հրապարակումների վրա։ Հաշվի առնելով հայ-վրացական դարավոր բարեկամությունն ու հարևանությունը, պատմամշակութային խորը առնչությունները՝ տարակուսելի է բարեկամական Վրաստանում նման հրապարակումներով հրահրվող թշնամական վերաբերմունքը հայերի և Հայաստանի նկատմամբ ։
Կոչ ենք անում վրաց գործընկերներին դատապարտել նմանօրինակ գործելաոճը և կասեցնել այն, իսկ պարբերականի խմբագրակազմից պահանջում ենք անաչառ քննություն անցկացնել՝ հետագայում բացառելով նման հրապարակումները։
Համապատասխան քայլեր չիրականացնելու դեպքում ստիպված կլինենք դիմել միջազգային այն ինդեքսներին, որտեղ ինդեքսավորվում է ամսագիրը՝ գիտական էթիկայի քննություն սկսելու պահանջով։
Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք շահագրգիռ կազմակերպություններին և կողմերին փաստարկված ներկայացնել բոլոր հոդվածները։
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ