Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը տեղակալներ Ալբերտ Այվազյանի և Արտուշ Հովհաննիսյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՄԱԿ/ՓԳՀ/UNHCR) աշխատակիցներին՝ Աննա Կոպցյուխին, Շրուտի Պրասադին և Արևիկ Ճուլհայեանին:
Մարզպետը ողջունելով հյուրերին` կարևորել է գործակալության առաքելությունն ու մարզում փախստականներին աջակցող ծրագրերի իրականացումը, հատկապես անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների հիմնախնդիրներին և պետության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին։
«Կարևոր առաքելություն եք իրականացնում Հայաստանում, հատկապես հաշվի առնելով վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելը։ Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է լիազորությունների շրջանակում համատեղ ջանքերով անել հնարավորը՝ մեր քույրերի ու եղբայրների հոգսերի թեթևացման, նրանց ինտեգրման նպատակով։ Մինչ օրս Կառավարությունը շարունակում է աջակցության ծրագրերի իրականացումը, ընթացքի մեջ է բնակապահովման ծրագիրը։ Անելիքներ դեռ շատ ունենք և պատրաստ ենք ձեռք ձեռքի աշխատել բոլոր հոգացավ կազմակերպությունների հետ»,- նշել է Շիրակի մարզպետը՝ ընդգծելով, որ ինքն անձամբ, ինչպես նաև մարզպետի աշխատակազմում ձևավորված աշխատանքային խմբերը պարբերաբար այցելում են մարզում բնակություն հաստատած ընտանիքներին՝ նրանց հոգսերի ու խնդիրների լուծման նպատակով։
Մարզպետն անդրադարձել է նաև համայնքային այցելությունների շրջանակում, ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության հետ հանդիպումներին՝ նշելով, որ հաճախակի հանդիպումները հնարավորություն են տալիս ոչ միայն գույքագրել նրանց կողմից բարձրացված խնդիրները, այլև նրանց կրկին ներկայացնել մարզի ներուժն ու առկա հնարավորությունները և պետական աջակցության ծրագրերը։
Կարդացեք նաև
ՄԱԿ ՓԳՀ աշխատակիցները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար՝ բարձր գնահատելով տեղահանված ընտանիքների նկատմամբ Շիրակի մարզի սրտացավ վերաբերմունքը և այդ ընտանիքների բնականոն կյանքի վերականգնմանն ու ինտեգրմանն ուղղված ջանքերը։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռքբերել շարունակել համագործակցությունն ու ամրապնդել կապերը՝ տեղահանված ընտանիքների խնդիրների արագ լուծման ու ինտեգրումն ապահովելու նպատակով։
Շիրակի մարզպետի աշխատակազմ