Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրիում աշխատանքի հայտարարություն եմ տալիս, շատ դեպքերում զանգում են հնդիկները»․ հյուրանոցառեստորանային համալիրի տնօրեն

Հուլիս 23,2025 20:45

Գյումրու պատմական կենտրոնում գտնվող հյուրանոցառեստորանային համալիրներից մեկի գործադիր տնօրեն Վարդան Սրտաշյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում այս քաղաքի զբոսաշրջային խնդիրներից խոսելիս՝ ասաց, որ համապատասխան կադրեր, օրինակ՝ մատուցողներ, նույնիսկ հավաքարար գտնելը բավական դժվար է։

«Մայրաքաղաքում աշխատավարձը շատ ավելի բարձր է ու սեզոնին մարդիկ նախընտրում են գնալ Երևան, ինչպես նաև Գելենջիկ, Սոչի և այլն։ Այնտեղ երեք ամսվա ընթացքում կարող են այնքան գումար աշխատել, որը չեն աշխատի Գյումրիում մեկ տարվա ընթացքում։

Եվ տեղի կազմակերպությունները մեծ խնդրի առաջ են կանգնում ու ստիպված բարձրացնում են աշխատավարձերը։ Վստահությամբ կարող եմ ասել, որ այսօր սպասարկման ոլորտում աշխատավարձերը բավական բարձր են Գյումրիում, եթե աշխատավարձը բարձրանում է, հետևաբար և պիտի բարձրանա ծառայության մատուցման գինը»։

Մեր զրուցակիցը նշում է, որ շատերը չեն ուզում այս ոլորտում աշխատել՝ պայմանավորված հայկական մենթալիտետով, հետևաբար և տեղի շատ կազմակերպություններ մտածում են հնդկական աշխատուժն օգտագործելու մասին, որը Գյումրիում դեռ նորույթ է, գրեթե նման դեպք չկա։

«Եթե նման կերպ շարունակվի, ուզենք, թե չուզենք ստիպված կլինենք ներգրավել դրսից եկած աշխատողների, մասնավորապես Հնդկաստանից։ Երևանում կա, Գյումրիում շատ քիչ է, բայց մեր քաղաքում ևս թափ է հավաքում նման գործելաոճը։

Երբ ես List.am-ով հայտարարություն եմ տալիս, շատ դեպքերում զանգահարում են քաղաքացիներ Հնդկաստանից, որոնք անգամ չգիտեն Գյումրիի տեղը։ Երևանից են զանգում, ուզում են հասկանալ՝ ինչքա՞ն է Գյումրին հեռու Երևանից, կարո՞ղ են գնալ-գալ, կարո՞ղ են իրենց կեցությունն ապահովել։

Այսինքն հետաքրքրությունը կա Հայաստանի աշխատաշուկայի նկատմամբ և իմ կարծիքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր բնակչությունը տարեց տարի ծերանում է․ այսօր տարեց մարդկանց քանակը տոկոսային առումով ավելի բարձր է, քան երիտասարդներինը, տարիներ անց, ասենք հինգ տարի հետո Գյումրիում աշխատաշուկայի պատկերն էապես կփոխվի», -ասում է Վարդան Սրտաշյանը։

Նրա հետ զրուցել ենք նաև զբոսաշրջիկների մոտ Գյումրին «էժան քաղաք» լինելու համբավը կորցնելու․ սպասարկման ոլորտում գների աճի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառների, ռուս զբոսաշրջիկների հոսքի նվազման մասին։

Այս մասին ավելի ուշ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031