Լրահոս
Օրվա լրահոսը

Ստոկհոլմը տեսել է վտանգ, հետագայում կլինի նաև վերջնական որոշում. Արփինե Հովհաննիսյան

Հուլիս 23,2025 23:07

«Փաստինֆո». Ստոկհոլմի առևտրային ինստիտուտի կողմից «ՀԷՑ»-ի վերաբերյալ կայացված հրատապ արբիտրաժային որոշումը պարտադիր է կատարման համար և  Հայաստանի համար կարող է դառնալ  վտանգ պարունակող միջազգային գործընթացի սկիզբ։ Այդ մասին ասել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Մի քանի օրերի ընթացքում Ստոկհոլմի առևտրային ինստիտուտը հրատապ արբիտրաժային կարգով քննարկել է «ՀԷՑ»-ի շուրջ ստեղծված իրավիճակը և ՀՀ-ին պարտավորեցրել է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք նախատեսված են մասնավորապես «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներում կատարված վերջին փոփոխություններով»,- նշել է նա։

Նախկին նախարարի խոսքով՝ հրատապ արբիտրաժի որոշումն արդեն իսկ օրինական ուժի մեջ է և ենթակա է կատարման՝ համաձայն «Միջազգային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի։

«Եթե ՀՀ-ն կամովին չկատարի այդ վճիռը, ապա օրենքով սահմանվում են հարկադիր կատարման մեխանիզմներ, իսկ եթե որոշի առհասարակ չկատարել, ապա այդ դեպքում էլ գործի մեջ կմտնեն Նյու Յորքի կոնվենցիայով նախատեսված գործիքակազմերը, այդ թվում՝ նոր արբիտրաժ և վնասների փոխհատուցման պահանջ»,- նշել է Հովհաննիսյանը։

Նա շեշտել է՝ սա դեռ վերջնական արբիտրաժային տրիբունալի որոշումը չէ․ «Մենք դեռ ունենալու ենք հիմնական արբիտրաժային գործընթացը, վստահ եմ՝ թիմը կդիմի տրիբունալ, և կլինի վերջնական որոշում։ Բայց հրատապ արբիտրաժը մի բան է ասել՝ ձեռնպահ մնացեք գործողություններից, հակառակ դեպքում խնդիրներ են առաջանալու հենց պետության համար»։

Արփինե Հովհաննիսյանը նշում է՝ այս պահին ինքը չունի ամբողջական պատկերացում, թե կոնկրետ ինչ անհետաձգելի միջոցներ է կիրառել արբիտրաժը, սակայն, ակնհայտ է, որ նվազագույնը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է չկատարել որոշ գործողություններ։

«Իսկ ի՞նչ գործողություններ են դրանք. օրերս ընդունված օրենքով նախատեսվում է մի գործընթաց՝ փուլ առ փուլ։ Առաջինը՝ ժամանակավոր կառավարիչ նշանակելն է, ինչը արված է առանց օրինական հիմնավորման։ Էներգետիկայի մասին և Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքներում կատարված փոփոխություններով աննախադեպ կերպով իրավասություն է վերապահվել ոչ թե կառույցին, այլ հանձնաժողովի նախագահին՝ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար։ Սա իրավական կոպիտ խախտում է, հակասահմանադրական, առավել ևս, երբ այդ նախագահը չի ներկայացրել որևէ հիմնավորում, թե ինչու է գործել այդպես»։

Ըստ Հովհաննիսյանի՝ գործընթացի երկրորդ փուլը լինելու է լիցենզիայի դադարեցումը, ինչը կարող է հիմնավորվել իրավապահների կողմից հայտնաբերված խախտումներով։

«Միջազգային փորձը ցույց է տալիս՝ խախտումների դեպքում հնարավոր է հասնել լիցենզիայի դադարեցման, բայց այս ոլորտում նման քայլը համարվում է միջամտություն սեփականության իրավունքին։ Իսկ նման միջամտությունը միջազգային արբիտրաժային դատարաններում հաճախ համարվում է անթույլատրելի»,-  նշել է ՀՀ արդարադատության նախկին նախարարը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031