Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախ Հայաստանի պատմության մեջ սա այցելուների թվով աննախադեպ ցուցահանդես էր. Ռոզա Գրիգորյանը՝ Մշակույթի զարգացման հիմնադրամի ծրագրերի մասին

Հուլիս 24,2025 11:39

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում ներկայացվեցին ավելի քան 20 թանգարանների հետ կապված տարբեր աշխատանքներ իրականացնող Մշակույթի զարգացման հիմնադրամի վերջին մեկ տարվա ընթացքում արված եւ ապագայում կայանալիք ծրագրերը:

Մշակույթի զարգացման հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Ռոզա Գրիգորյանը նշեց, որ իրենք իրականացնում են թանգարանների հանրահռչակման, մարքեթինգի, հաշվապահական եւ այլ գործառույթներ:

Հիշեցրեց, որ հիմնադրամի հաջողված նախագծերից մեկը «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության իրականացումն էր, երբ առաջին անգամ Հայաստանում ներկայացվեցին Բրիտանական թանգարանի հավաքածուից Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը, ցուցանմուշները 6 ամսով տեղափոխվեցին Հայաստան: Նրա ձեւակերպմամբ, անկախ Հայաստանի պատմության մեջ սա աննախադեպ ցուցահանդես էր այցելուների թվով՝ 55 հազար:

Տեղեկացրեց, որ ի թիվս այլ նախագծերի, Մշակույթի զարգացման հիմնադրամը համակարգել է Հայաստանի մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովին, եւ Փարիզի մշակութային ավանում Հայաստանի տաղավարի բովանդակային ձեւավորումն իրականացվել է մի շարք կազմակերպությունների կողմից, որոնց թվում նաեւ հիմնադրամն էր, Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը, Տերյան մշակութային կենտրոնը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնը, Թումոն:

Ռոզա Գրիգորյանն ընդգծեց, որ հիմնադրամի իրականացրած աշխատանքների արդյունքում Թանգարանային գիշերը նախորդ տարվա ցուցանիշից 100 հազարից ավելի այցելու է ունեցել:

Նրա խոսքում անդրադարձ եղավ Լոնդոնում վերջերս Հայաստանի մասնակցությանը՝ Բրիտանական թանգարանի միջազգային վերապատրաստման ծրագրի խորհրդի նիստին, ունեցել են հանդիպումներ ՄԹ առաջատար թանգարանների հետ: Անդրադարձ եղավ նաեւ թանգարանների հուշանվերային տնտեսության կազմակերպմանը:

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց Մշակույթի զարգացման հիմնադրամի եւ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի համագործակցության արդյունքները: Նշեց, որ այս տարի լրանում է մեծանուն բանաստեղծի ծննդյան 150-ամյակը, եւ իրենք արդեն ունեն նոր բրենդավորում եւ 150-ամյակի նոր տարբերանշան: Թանգարանի տնօրենը հայտնեց, որ ցանկանում են Իսահակյանին նոր շնչով եւ այսօրվա մարդուն հասանելի ներկայացնել, ու հիմնադրամի հետ համատեղ աշխատանքում կարողացել են ստեղծել այնպիսի տարբերանշան եւ թեմատիկ նյութ, որը պատասխանում է այն հարցերին, որը տալիս են ժամանակակից մարդիկ:

Արմինե Ավետիսյանը տեղեկացրեց, որ տարեսկզբին Լայպցիգում կայացել է Իսահակյանի հուշատախտակի բացումը, ստեղծվել է տեսանյութ Իսահակյան-Լայպցիգ կապի մասին, որն այսօր QR կոդով այնտեղ ցուցադրվում է:

Նշենք, որ երեկոյի ավարտին «Թանգարանային գիշեր» եւ թանգարանային ոլորտին առնչվող միջոցառումները լուսաբանած լրագրողները, լրատվամիջոցները, այդ թվում՝ Aravot.am-ը, ինչպես նաեւ տարբեր բլոգերներ պարգեւատրվեցին շնորհակալագրերով եւ խորհրդանշական նվերներով:

Թանգարանի այգում էլ ներկայացվեց Ավետիք Իսահակյանի «Աբու Լալա Մահարի» ստեղծագործությունը՝ ժամանակակից գեղարվեստական մեկնաբանությամբ։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031