Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն չի կատարելու ՀԷՑ-ի մասով միջազգային արբիտրաժի որոշումը, քանի դեռ ներպետական դատարանի որոշում չկա․ Սրբուհի Գալյան

Հուլիս 24,2025 12:44

«ՀԷՑ-ի հետ կապված վեճի առումով գործում է երկկողմ ներդրումային պայմանագիր, որի հետ կապված վեճերի պարագայում արբիտրաժային տրիբունալի որոշումների ճանաչման կոնկրետ ընթացակարգ է գործում: Կողմն իրավունք եւ լիարժեք հնարավորություն ունի դիմելու ՀՀ ներպետական դատարանին, որպեսզի դատարանը ճանաչի նախ արբիտրի որոշումը եւ հետո նոր դառնա դա պարտադիր կատարման ենթակա»,- այսօր կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով միջազգային արբիտրաժի երեկվա որոշմանը վերաբերող հարցին։

«Ներպետական օրենսդրությամբ եւ նաեւ միջազգային կոնվենցիայով կա հնարավորություն այդ որոշումը չկատարելու, եթե դա հակասում է հանրային կարգին: Ժամանակավոր կառավարչի մուտքը ՀԷՑ հետապնդել է այլ նպատակ, քան նկարագրվում է մյուս կողմի դիմումում․ նպատակ է հետապնդել խուսափել հնարավոր ճգնաժամից: Ստոկհոլմի արբիտրաժը չէր կարող որեւէ նպատակ արձանագրել, որովհետեւ մենք այս փուլում գործ ունենք միայն նախնական ապահովման միջոցի կիրառման հետ եւ գործ չունենք վեճի՝ ըստ էության քննության հետ»,- հավելեց Սրբուհի Գալյանը։

Նա նաեւ հայտարարեց, որ 30 օր անց, երբ արբիտրաժը հարցն ըստ էության կքննի եւ որոշում կհրապարակվի՝ պարզ կլինեն հետագա գործողությունները։

Սրբուհի Գալյանը հստակեցրեց՝ միջազգային արբիտրաժի այս միջանկյալ որոշմամբ ՀՀ կառավարության ժամանակավոր կառավարչի՝ Ռոմանոս Պետրոսյանի լիազորությունները չեն դադարեցվելու։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Երեկ հայտնի դարձավ, որ 2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։

Դատարանը արգելել է ՀՀ կառավարությանը՝ ⁠ ⁠բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները, ⁠ ⁠փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը, ⁠ ⁠հետ վերցնել ՀԷՑ-ի գործունեության լիցենզիաները ⁠ ⁠և որևէ կերպ սահմանափակել ընկերության բնական բիզնես գործունեությունը։

ՀՀ կառավարության պատասխան հայտարարության մեջ էլ ասվում է․ «Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը»։

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031