Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ՀԷՑ-ի դեպքում Կառավարությունը որոշումը չկատարի, և հետագայում էլ պետության դեմ վճիռ կայացվի, ապա Նյու Յորքում ընդունված Կոնվենցիայի ուժով, դրան միացած պետությունները կարող են բռնագանձում տարածել իրենց երկրում ՀՀ գույքի նկատմամբ. «Հետք»

Հուլիս 24,2025 13:07

«Հետք»-ի տրամադրության տակ է 2025թ. հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում նախաձեռնված հրատապ գործով որոշումը ՀԷՑ-ի գործով: Հրատապ միջոցներ կիրառելով՝ Արբիտրը պահանջել է Հայաստանի Հանրապետությունից՝ ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸի ակտիվները բռնագրավելուց:

«Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը»,-նշված է Կառավարության հաղորդագրության մեջ:

Իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարեց, որ հանձնաժողովի նախագահը որևէ վերաբերելի գործողություն կարող է կատարել միայն նշված ակտի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչման և կատարման ընթացակարգեր ապահովելուց հետո:

Ստացվում է՝ Հայաստանի Կառավարությունը հրաժարվում է կամավոր կատարել արտակարգ արբիտրի որոշումը՝ հղում կատարելով ներպետական օրենսդրությանը:

Նշենք, որ Միջազգային արբիտրաժային դատարաններն ունեն բարձր «իմունիտետ» և նրանց որոշումների չկատարումը կարող է լուրջ հետևանքներ առաջացնել: Մասնավորապես՝ եթե ՀԷՑ-ի դեպքում Կառավարությունը որոշումը չկատարի, և հետագայում էլ պետության դեմ վճիռ կայացվի, ապա Նյու Յորքում ընդունված Կոնվենցիայի ուժով, դրան միացած պետությունները կարող են բռնագանձում տարածել իրենց երկրում Հայաստանի Հանրապետության գույքի նկատմամբ, օրինակ՝ դեսպանատան շենք և այլն:

Բացի այդ, միջազգային արբիտրաժային դատարանները լուծում են լուրջ վեճեր, որոնք վերաբերում են խոշոր գումարների, հետևաբար նրանց որոշումների չկատարումը կարող է հեղինակազրկել այդ ինստիտուտը, ինչը, բնականաբար, չեն կարող թույլ տալ:

Իրավական կարգավորումներ

Օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման հարցերը քննվում են օտարերկրյա արբիտրաժի կողմի դիմումի հիման վրա: «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի» համաձայն՝ կողմը կարող է դիմել դատարան միայն արբիտրաժի վճիռը ճանաչելու համար՝ կախված նման վճռի բնույթից: Կատարում պահանջող օտարերկրյա արբիտրաժի վճիռը ճանաչելու և կատարելու վերաբերյալ դիմումը կարող է ներկայացվել օտարերկրյա արբիտրաժի վճռի հարկադիր կատարման` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երեք տարվա ընթացքում:

Օտարերկրյա արբիտրաժային դատարանի վճռի ճանաչման և հարկադիր կատարման վերաբերյալ դիմումը քննվում և դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումը վարույթ ընդունելու օրվանից երկու ամսվա ընթացքում՝ առանց դատական նիստ հրավիրելու, եթե այլ բան նախատեսված չէ միջազգային պայմանագրերով:

Դատարանը կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ:

Հաշվի առնելով դատարանների նկատմամբ անվստահության մակարդակը՝ վտանգ կա, որ ներպետական ատյանների միջոցով փորձ կարվի խուսափել արբիտրի որոշումը կատարելուց, քանի որ օտարերկրյա արբիտրաժի վճիռը կատարվում է այն ճանաչելու և հարկադիր կատարելու մասին վճիռ կայացրած դատարանի տված կատարողական թերթի հիման վրա:

Հարկ է նշել, որ Հայաստանը 1998թ. վավերացրել է 1958թ. Նյու Յորքում ընդունված «Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին» Կոնվենցիան: Ըստ այդ Կոնվենցիայի՝ յուրաքանչյուր պայմանավորվող պետություն արբիտրաժային որոշումները ճանաչում է որպես պարտադիր և դրանք կատարում է այն տարածքի դատավարական նորմերին համապատասխան, որում հայցվում է ճանաչումը և կատարումը: Արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման նկատմամբ չպետք է կիրառել էապես ավելի ծանրաբեռնող պայմաններ:

Կոնվենցիայի համաձայն՝ արբիտրաժային որոշման ճանաչումը և կատարումը կարող է մերժվել, եթե երկրի իրավասու իշխանությունը, որում հայցվում է ճանաչումը և կատարումը, գտնի, որ, ըստ այդ երկրի օրենքների, վեճի առարկան չի կարող լինել արբիտրաժային քննարկման առարկա, կամ այդ որոշման ճանաչումը և կատարումը հակասում են այդ երկրի հասարակական կարգին:

Կոնվենցիային Հայաստանի Հանրապետությունը միացել է հայտարարությամբ, ըստ որի՝ այն կիրառում է միայն մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ընդունված արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման նկատմամբ:

Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունը Կոնվենցիան պետք է կիրառի միայն իրավական հարաբերություններից բխող պայմանագրային կամ ոչ պայմանագրային անհամապատասխանությունների նկատմամբ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան համարվում են տնտեսական:

«Առևտրային արբիտրաժի մասին» օրենքով նախատեսված է, որ Արբիտրաժային տրիբունալի վճիռը, որը կայացվել է Հայաստանի Հանրապետության տարածքում կամ «Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին» Նյու Յորքի կոնվենցիայի անդամ որևէ այլ պետության տարածքում, պետք է ճանաչվի որպես պարտադիր և համապատասխան դատարանին գրավոր միջնորդելու դեպքում կատարվի՝ բացառությամբ որոշ դեպքերի, որոնք թվարկված են նաև Կոնվենցիայում:

Նշենք նաև, որ Հայաստանը 1995թ. ընդունել և 1998թ.-ից ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագիրը, ըստ որի՝ Պայմանավորվող կողմերը ցանկանում են ամրապնդել փոխշահավետության և երկարաժամկետ հիմունքներով երկու պետությունների միջև տնտեսական համագործակցություն: Համաձայնագրով երկու երկրները նպատակ ունեն բարենպաստ պայմաններ ստեղծել մի կողմի ներդրողների` մյուս կողմի տարածքում ներդրումներ կատարելու համար: Գիտակցում են, որ Համաձայնագրով նախատեսված ներդրումների խրախուսումն ու պաշտպանությունը կխթանի նախաձեռնությունն այս ոլորտում:

Քանի որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում մասնակցություն ունի նաև Կիպրոսում գրանցված «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը, հետևաբար այս համաձայնագիրը վերաբերելի է վեճին:

Համաձայնագրի դրույթներից մեկն էլ այն է, որ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների նկատմամբ կապահովի արդար և անաչառ վերաբերմունք և անհիմն ու խտրական ձևերով չի խանգարի դրանց ընթացքին, ղեկավարմանը, պահպանմանը, օգտագործմանը, տնօրինմանը կամ օտարմանը: Իսկ ներդրողի ներդրումների հանդեպ չի ցուցաբերի պակաս ապահովություն և պաշտպանություն, քան կստեղծեր որևէ երրորդ երկրի ներդրողի ներդրումների դեպքում:

Համաձայնագրով նախատեսված է նաև, որ Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի ներդրողների ներդրումները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում չեն կարող բռնագրավվել, ազգայնացվել կամ ենթարկվել այլ կարգի միջոցառումների, որոնք հավասարազոր են բռնագրավմանը կամ ազգայնացմանը: Բացառություն են այն դեպքերը, երբ`

ա) տվյալ միջոցառումները բխում են պետական շահերից և համապատասխանում են օրենքի պահանջներին,

բ) այդ միջոցառումները արդարացված են, չեն կրում խտրական բնույթ,

գ) դրանք ուղեկցվում են արագ, համարժեք և արդյունավետ փոխհատուցմամբ:

Փոխհատուցումը պետք է իրականացվի` հաշվի առնելով ներդրումների շուկայական արժեքը նախքան հասարակությանը միջոցառումների հայտնի դառնալը, ազատ փոխանցվող կարգով փոխարկելի արժույթով` այն օրվա բանկային փոխարժեքով, որն ընդունելի կլինի արժեքի սահմանման համար: Փոխհատուցումը կընթանա առանց ուշացման, և տոկոսը կվճարվի մինչև վճարման օրը գործող համապատասխան կոմերցիոն փոխարժեքով: Դրա չափը կարող է քննարկվել համաձայն գործող օրենսդրության:

Հիշեցնենք, որ 2025թ. հուլիսի 18-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահն ընդունել է որոշում, որի համաձայն՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հաղորդման հիմքով ՀԾԿՀ նախագահը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ։ Ռոմանոս Պետրոսյանն այժմ իրականացնում է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի գործառույթները:

Գրիշա Բալասանյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031