Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանի ծրագիրը ոչ թե իրեն հնազանդ կաթողիկոս ունենալն է, այլ սա ավելի վատ ծրագիր է, երբ մենք պետք է Կաթողիկոս չունենանք»․ Մեսրոպ Առաքելյան

Հուլիս 24,2025 14:28

«Սա ուղղակի բացառիկ խայտառակություն է։ Փաշինյանի և իր թիմի կողմից եկեղեցու դեմ արշավն այսօր, ցավոք, դարձել է թիվ մեկ քաղաքական օրակարգը»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով հոգևորականների նկատմամբ իշխող ուժի ներկայացուցիչների գործողություններին։

Նա դատապարտեց, որ արտաքին բազմաթիվ մարտահրավերների, գերիների առկայության ֆոնին Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը զբաղված են բացառապես եկեղեցուն պախարակելով․ «Փորձում են Կաթողիկոսի դեմ արշավել, նրան գահընկեց անել։ Ներքին տեսանկյունից առաջիկա ընտրությունների նախաշեմին Նիկոլ Փաշինյանն էլի իր հեղափոխական կերպարի մեջ սկսում է ստեղծել միկ թիրախ, որի դեմ պետք է պայքարել ու գնալ այդ պայքարով ընտրությունների։ 2018-ին Սերժ Սարգսյանի դեմ էին պայքարում, 2021-ին Ռոբերտ Քոչարյանի դեմ էր պայքարում, բայց այդ օրակարգերն արդեն ոչ մի արդյունք չեն տալիս։ Հիմա ներքին նոր թիրախ է ընտրել․ պայքարում է Կաթողիկոսի դեմ։ Այն, որ երկրի ղեկավարն է արդեն յոթ տարի և խնդիրներն այդ տեսանկյունից պետք է լուծի, Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր՝ ընդդիմադիր կեցվածքը։ Արտաքին տեսանկյունից ակնհայտ է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից նաև Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ բացասական վերաբերմունքն արդեն վաղուց հրապարակային տեսք է ստացել։ Ինչքան էլ հերքեն իշխանությունները, որ դա արտաքին ազդեցության հետ կապ չունի, ակնհայտ է, որ դա նույնիսկ, եթե արտաքին որևէ ազդեցության մեջ չէ, ամբողջությամբ տեղավորվում է Թուրքիայի ու Ադրբեջանի շահերում»։

Մեսրոպ Առաքելյանը փաստեց՝ սփյուռքում Հայ առաքելական եկեղեցին ամենալուրջ լոբբինգային կառույցն է, այն կառույցը, որի շուրջ մեր սփյուռքի հայրենակիցները համախմբվում են, նաև գերիների հարցով։ Անդրադառնալով ԱՄՆ կոնգրեսականների հայտարարություններին՝ մասնավորապես նաև արցախցիների վերադարձի մասով, Մեսրոպ Առաքելյանն ասաց․ «Փաստ է, որ կոնգրեսականներն այս ամենում տեսնում են նաև Արցախի եկեղեցիների պատմության պահպանման հարցը և նրանց հայտարարությունում հղում է արված Եկեղեցիների ժողովում ընդունված հայտարարությանը։ Եկեղեցու կատարած այսօրվա գործը ոչ միայն կրոնական է, այլև քաղաքական տեսանկյունից ՀՀ-ից դուրս բավականին մեծ ազդեցություն կարող է ունենալ։ Փոխանակ մեր իշխանությունները եկեղեցու գործիքը, որը տասնամյակներ ակտիվ է եղել, օգտագործեն, փորձեն դրա միջոցով միջազգային հարաբերություններ կարգավորել, փորձ են անում պախարակել եկեղեցուն»։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը, թե ինչպես է փորձելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց Գարեգին Բ-ին դուրս բերել վեհարանից, Մեսրոպ Առաքելյանն ասաց․ «Փաստացի Նիկոլ Փաշինյանի ծրագրով պետք է Վեհափառը հեռանա, և Կաթողիկոս չունենանք․ տեղապահ լինի։ Աստված գիտի՝ երբ կընտրվի։ Նիկոլ Փաշինյանի ծրագիրը ոչ թե իրեն հնազանդ կաթողիկոս ունենալն է, այլ սա ավելի վատ ծրագիր է, երբ մենք պետք է Կաթողիկոս չունենանք և եկեղեցին, որը դարերով մեր ազգի համար մեծ նշանակություն ունի, այդպիսով քանդել մեր հայապահպան գլխավոր օջախներից մեկը»։

Մեսրոպ Առաքելյանը համոզված է՝ նույնիսկ այն մարդիկ, որոնք տարբեր պատճառներով աջակցում են Նիկոլ Փաշինյանին, նրանք ցույց են տալիս, որ սա մի կարմիր գիծ է, և այս օրակարգով նրա կողքին չեն։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031