Աշխարհում ստեղծագործողների հեղինակային իրավունքների պաշտպանության համար տարբեր կազմակերպություններ են ստեղծվել, մեխանիզմներ ներդրվել, որոնք ուշադրությամբ հետեւում են, թե որ հեղինակի որ երաժշտությունը որտեղ է օգտագործվել (TV, ռադիո, համացանց, հանրային վայրեր), հավաքագրում են լիցենզիայի վճարները եւ դրանք փոխանցում հեղինակներին ու իրավատերերին: Օրինակ, JASRAC-ը պաշտպանում է հեղինակային իրավունքները Ճապոնիայում, ճշգրիտ հաշվետվություններ է կազմում յուրաքանչյուր երգի, երաժշտության համար, իսկ համապատասխան ցանցային վերահսկման համակարգերը վերահսկում են թվային հարթակներում երգերի օգտագործումը։ Նման առաքելությամբ կազմակերպություններ այլ երկրներում էլ կան, ինչպես ASCAP, BMI եւ SESAC-ը Ամերիկայում, SACEM-ը Ֆրանսիայում, GEMA-ն Գերմանիայում, РАО-ն Ռուսաստանում եւ այլն:
Հայաստանում այդ գործառույթն իրականացնում է հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարող մի հասարակական կազմակերպություն՝ «Հայհեղինակը», որի գործունեությունից ոչ բոլորն են գոհ: «Հայհեղինակը» ստեղծագործողի հետ պայմանագիր է կնքում, գրանցվում է ստեղծագործությունը, ինչը ըստ կազմակերպության՝ անհրաժեշտ է կատարել, որպեսզի հեղինակը ժամանակին ստանա իր հասանելիք հեղինակային վարձատրությունը:
Ըստ «Հայհեղինակի» հետ կնքված պայմանագրի՝ վարձատրությունը հեղինակին վճարվում է գումարը կազմակերպության հաշվին մուտքագրվելու օրվանից 1-3 ամիս ժամկետում, վարձատրությունը վճարվում է օրենքով սահմանված կարգով հարկերը պահելուց հետո, ու կազմակերպության ծախսերը ծածկելու նպատակով նաեւ վարձատրությունից կատարվում են պահումներ որպես անդամավճար:
Aravot.am-ի հետ զրույցում լիսաբոնաբնակ ջութակահարուհի, «Հայրիկ Մուրադյան» մշակութային ՀԿ-ի նախագահ Նարինե Դելլալյանն ասաց, որ «Հայհեղինակի» հետ առնչվում է հոր՝ կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի եւ Հայրիկ Մուրադյանի ձայնագրությունների առումով: «Հարություն Դելլալյանի հետ կապված, եթե որեւէ ստեղծագործություն Հայաստանում է կատարվում, կա որոշակի հսկողություն, բայց ափսոս, որ տեղեկություններ չունեն ու չեն կարողանում վերահսկել այն ամենը, ինչ կատարվում է արտասահմանում: Մեր դեպքում հաճախ է նման խնդիր ծագում, ինչը գուցե կկարգավորվի, եթե ամրապնդվի Հայաստանի եւ այլ երկրների համապատասխան կազմակերպությունների միջեւ կապը»,-ասաց Նարինե Դելլալյանը:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է Հայրիկ Մուրադյանի կատարումներին, հավելեց. «Թեեւ Հայրիկի իրավունքներն ամրագրված են «Հայհեղինակի» կողմից, սակայն հաճախ է լինում, որ ամեն ցանկացող վերցնում է Հայրիկի ձայնագրությունը, իր ճաշակով մշակումներ է անում, եւ այդ իմաստով չեն կարողանում հսկողություն պահպանել, չի համաձայնեցվում իրավատիրոջ հետ: Իսկ ես կարող եմ միայն թույլ տալ այն դեպքում, եթե իմանամ՝ ինչ են անում եւ որտեղ են օգտագործում:
Քանի անգամ եղել է, որ ասել եմ՝ չեն կարող օգտագործել, որովհետեւ չեն կարող պահպանել Հայրիկ Մուրադյանի որպես արտիստի, կատարողի ներկայացման գեղարվեստական որակը: Պատահել է, որ վերցրել ու CD են արել, ես արգելել եմ օգտագործել, որովհետեւ վերցրել էին Հայրիկի՝ վերջին տարիների ձայնագրությունները, երբ ինքը պատկառելի տարիք ուներ, ձայնը դողում էր, եւ այդ ձայնագրությունները միանշանակ չի կարելի ներառել CD-ում:
Իսկ այն ինչ կապված է «Երազի իմ երկիր հայրենի» երգի հետ, շատ երկար պատմություն է, կոմպոզիտորը՝ Ռոբերտ Ամիրխանյանն առաջինն էր վազել ու «Հայհեղինակում» երգը գրանցել իր անունով: Հիմա իրենց մոտ արդեն այդպես է գրանցված, չնայած մեղեդու հեղինակը Հայրիկ Մուրադյանն է, եւ Ամիրխանյանն ընդամենը գործիքավորումն էր արել»:
Հարցրինք՝ երբեւէ որեւէ գումար ստացե՞լ է Հայրիկ Մուրադյանի տեսագրություններն ու ձայնագրությունները տարբեր հարթակներում հնչելուց հետո, հատկապես որ «Հայհեղինակի» խնդիրն է այդ ամենը վերահսկելը, գումարները հավաքագրելը եւ դրանք իրավատերերին ու հեղինակներին փոխանցելը: «Ոչ մի անգամ գումար չենք ստացել Հայրիկի դեպքում, զրո է եղել …»,-ասաց «Հայրիկ Մուրադյան» մշակութային ՀԿ-ի նախագահը:
Հավելեց, որ Հարություն Դելլալյանի դեպքում մայրը, որ իրավատերն է համարվում, ստանում է չնչին գումարներ, բայց իրենք վստահ չեն, որ լիարժեք վերահսկում է իրականացվում: Նարինե Դելլալյանն ասաց, որ մի անգամ անձամբ իրեն է դիմել քուրդ ռեժիսոր Պինար Օգրենչին, որը ֆիլմ էր նկարում Վանի մասին, խնդրել է Հայրիկ Մուրադյանի կատարումը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, եւ դրա համար սիմվոլիկ գումար է վճարել:
Aravot.am-ը խոսեց նաեւ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ճանաչված կոմպոզիտոր Արամ Սաթյանի հետ, որի երգերը շատ են հնչում ու տարածվում տարբեր հարթակներում: Նա ասաց, որ առաջիկա օրերին կրկին հավաք է լինելու այդ թեմայով:
Մեր հարցին՝ ինչ դժվարություններ կան հեղինակների իրավունքները պաշտպանելու առումով, օրենսդրակա՞ն բաց կա, թե՞ «Հայհեղինակի» թերացումն է, կամ գուցե մի ուրիշ պատճառ կա, նա այսպես արձագանքեց. «Ամեն ինչ նաեւ օրենքի հետ է կապված: Հեղինակային իրավունքն այնպիսի բան է, որի միջոցով կարելի է լավ գումարներ աշխատել, երեւի թե դա պետք է պետականորեն արվի: Օրինակ, Իսրայելն ինքն է միջամտում եւ 10-20 տոկոսը պետությունը վերցնում է»:
Հարցրինք՝ տարբեր հարթակներում հնչող իր ստեղծագործությունների համար գոնե սիմվոլիկ գումար ստանո՞ւմ է, կոմպոզիտորն ասաց, որ շատ չնչին է այդ գումարը: «Այ օրինակ ԱՄՆ-ում թողարկվող CD-ում իմ երեք երգ է ներառվել, բայց շատ կասկածելի ձևով, ոչ պայմանագիր կա, ոչ էլ ինչ-որ բան: Տարբեր երկրներում իմ ստեղծագործությունները կատարվում են, բայց հսկողություն չկա: Սովետի ժամանակ անգամ վալյուտա էի ստանում, հիմա չգիտեմ՝ ոնց են աշխատում: Կարծում եմ՝ աշխատելու լավ ոճ է պետք»:
Կոմպոզիտորից նաեւ հետաքրքրվեցինք՝ «Հայհեղինակից» ստանո՞ւմ է հաշվետվություն, թե իր որ ստեղծագործությունը քանի անգամ է կատարվել եւ ինչ հարթակում, Արամ Սաթյանը բացասական պատասխան տվեց. «Չեմ ստացել երբեք: Ես եմ իրենց ասում, որ այստեղ է կատարվել, այնտեղ է կատարվել, ինչո՞ւ ես պետք է ասեմ, իրենք պետք է դրանով զբաղվեն: Նույնիսկ Երեւանում Պարոնյան թատրոնը «Մորգանի խնամին» է ներկայացնում, ու անընդհատ իմ ստեղծագործությունը հնչում է, բայց ոչ մի միջոց չի ձեռնարկվում, ոչ մեկ ոչ մի ռեակցիա չի տալիս»:
Ի դեպ, օրերս «Հայհեղինակ» ՀԿ-ի խորհրդի անդամ Կարեն Արիստակեսյանը, որը դերակատարություն ունի «Հայհեղինակի» որոշումներ կայացնելիս, ասել էր, որ ոլորտի խնդիրները աստիճանաբար կկարգավորվեն, ու իրենք դեռեւս բարեփոխումների ընթացքում են, իսկ յութուբի մասով կարգավորման վերաբերյալ էլ նշել էր, որ օրենքներում պետք է փոփոխություններ կատարվեն: Նա նաեւ մեղադրել էր հեղինակներին, որոնք, նրա խոսքով, նախ իրենք պետք է տեղյակ լինեն սեփական իրավունքներից, հետո մյուսներից պահանջեն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ