Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզային համերգները մեծ կարևորություն ունեն նվագախմբի համար, հետևաբար ամեն ջանք կներդրվի ծրագրի շարունակականությունն ապահովելու համար

Հուլիս 24,2025 16:16

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) իրականացրեց ‹‹Ֆիլհարմոնիկը՝ մարզերում›› ծրագիրը:

Նվագախմբի 100-ամյակի շրջանակում համերգները կայացան հուլիսի 18-ից հուլիսի 22-ը Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի երգեհոնային դահլիճում, Հրազդանի Դրամատիկական Թատրոնում, Մեծամորի Մշակույթի տանը, Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

Հրազդանում կայացած համերգին ներկա էր Կոտայքի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը, իսկ Վաղարշապատում՝ Արմավիրի մարզպետի տեղակալ Բարսեղ Նիկողոսյանը և Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը:

Նվագախմբի մարզային շրջագայության եզրափակիչ համերգը տեղի ունեցավ Վերին Արտաշատի Մշակույթի տանը, որին ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Վերին Արտաշատի Մշակույթի տունը հանդիսանում է Երևանի Օպերային թատրոնի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի երկվորյակը, իսկ վերջինս Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հանդիսավայրն է: Մշակույթի տունը կառուցվել է 1957թ.-ին, վաստակավոր ճարտարապետ Գևորգ Թամանյանի նախագծով, որին վստահվել էր հոր՝ Ալեքսանդր Թամանյանի, մահից հետո ավարտին հասցնել օպերայի շենքի կառուցումը: Այս շքեղ Մշակույթի տունն ընդգրկված է Վերին Արտաշատի պատմամշակութային հուշարձանների ցանկում: Այժմ այն ունի տարաբնույթ խնդիրներ։ Հուսով ենք, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը առիթ կհանդիսանա, որ Վերին Արտաշատի Մշակույթի տունն ավելի մեծ ուշադրության արժանանա, բարեկարգվի և արվեստի գործիչները, հետևելով նվագախմբի օրինակին, հաճախ հանդես կգան տարբեր ծրագրերով և այս կառույցը կապրի իր երբեմնի աշխույժ մշակութային կյանքով։

 

Համերգների ընթացքում երիտասարդ դիրիժոր Ներսես Մկրտչյանի ղեկավարությամբ հնչեցին հայ կոմպոզիտորների սիրված ու ճանաչված ստեղծագործությունները, ինչպիսիք են Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտությունը, Հատվածներ «Գայանե» բալետից, Ալեքսանդր Սպենդիարյանի «Երևանյան Էտյուդներ»-ը (1-ին մաս` Էնզելի), Գրիգոր Եղիազարյանի Ձկնորսների պարը «Սևան» բալետից, Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» քնարական պատկերը, Ալեքսանդր Հարությունյանի «Վալս»-ը և այլ ստեղծագործություններ:

Ողջունելի էր, երբ մարզային համերգներից հետո հենց մարզաբնակներն իրենց ֆեյսբուքյան էջերում կիսվում էին տպավորություններով: Բերենք մեկ-երկու օրինակ.

Լիանա Սողոմոնյանը Վերին Արտաշատից նշում է. «Անզուգական և տպավորիչ, ներշնչող և գերող, հարստացնող ու սնող… Այսպիսին է Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, որն իր շքեղ ներկայությամբ զարդարեց Վերին Արտաշատի մշակույթի տան բեմը` իր անզուգական կատարումներով, հոգեբավ ու անասելի հարստացնող ստեղծագործություններով, երբ 60 րոպեն անցնում է մեկ ակնթարթի պես, երբ մի նվագախմբի ամբողջ կազմը մեկ մարդու պես հետևում է դիրիժորի ամեն ժեստին, իսկ մեղեդին հոսում է ու հոսում անծայր, երբ բոլորը միասին դահլիճին են փոխանցում ազնվագույն գործիքի անմար ելևէջներն ու տանում բոլորովին ուրիշ՝ կախարդական աշխարհ, ուր վերածնվում ու մաքրամաքուր շունչ է առնում հոգիդ ու էությունդ, ուր իրականությունից կտրված ապրում ես հենց նույն իրականության մեջ՝ վայելելով ընտրագույնը, մարդկայինը, ազգայինն ու ժողովրդի ծոցից ելածը»։

Տաթևիկ Տոնոյանը Չարենցավանից գրում է. «Աննկարագրելի շքեղ, հուզառատ, հոգու բոլոր շերտերին կպնող Արվեստ… Չարենցավանը ձեզ շատ կկարոտի, անկրկնելի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ»։

 

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանի փոխանցմամբ` մարզային համերգները մեծ կարևորություն ունեն նվագախմբի համար, հետևաբար ամեն ջանք կներդրվի ծրագրի շարունակականությունն ապահովելու համար։ Սեպտեմբերից նվագախումբը ելույթներով հանդես կգա Գյումրիում, Ստեփանավանում, Գորիսում, Սիսիանում, Մեղրիում, Կապանում և այլ քաղաքներում ու գյուղերում:

 

 

Աստղիկ Դալլաքյան,

Սամվել Դանիելյան:

Լուսանկարներում՝ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթները՝ մարզերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031